Արդեն մեկ տարի է, ինչ Իջեւան քաղաքի գլխավոր հատակագիծը չի հաստատվում: Պատճառն այն է, որ Իջեւանի քաղաքապետարանը հետամուտ է, որ քաղաքի գլխավոր հատակագծի մեջ ընդգրկվի Իջեւանի կիսակառույց ճոպանուղու վերջնամաս կազմող, քաղաքի Երազանքի սարում գտնվող տարածքը: Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը հայտնեց, որ Երազանքի սարում է գտնվում ճոպանուղու վերջնամաս հանդիսացող ընդունող կառույցը, ՀՀ անտառային կոմիտեն այդ տարածքի 1.5 հեկտարի համար անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականներ է ստացել, սակայն դրանցում այդ տարածքը նշված է որպես բաց, առանց կառույցի գոտի, սակայն այնտեղ ճոպանուղու ընդունող շենքն է գտնվում:
Իջեւանի քաղաքապետարանը ցանկանում է, որպեսզի Երազանքի սարի տարածքները լինեն համայնքի սեփականություն, ընդգրկված լինեն քաղաքի գլխավոր հատակագծում: Դրանք հետագայում կարող են ծառայել ճոպանուղու գործարկման, Իջեւանում զբոսաշրջության զարգացման նպատակով: Մինչ քաղաքի գլխավոր հատակագիծը չի հաստատվում, Իջեւանում անշարժ գույքի տիրապետման վերաբերյալ բազմաթիվ գործարքներ իրավաբանական ձեւակերպում չեն ստանում:
ՈսկանՍարգսյան
Տավուշ