Ոստիկանությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին օրենքի առաջ հավասարություն է ապահովելու մասնակից բոլոր քաղաքական ուժերի համար: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը վստահեցնում է՝ եթե անգամ «Իմ քայլը» դաշինքից մեկը խախտում անի, առաջինն իրեն կպատժի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օսիպյանն այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի հերթական նիստում:
«Այս օրերին ինձ դիմել են միջազգային տարբեր կառույցների ղեկավարներ, նրանք հետաքրքրված են, թե արդյոք ոստիկանությունը պատրաստ է ընտրություններին: Այո, ոստիկանությունն իսկապես պատրաստ է: Որոշ քաղաքական ուժեր հանդես են եկել հայտարարությամբ, թե իբր ոստիկանապետը զբաղվում է քաղաքականությամբ: Մենք երբևէ նման ցանկություն չենք ունեցել: Իմ հանդիպումներում անգամ քաղաքականության մասին բառ չկա: Վստահեցնում եմ, որ մենք կողմնակալություններ չենք անելու, կաշկանդված չենք»,-ասաց Օսիպյանն ու նշեց, որ իրենք գիտեն, թե ովքեր կարող են զբաղվել ընտրակեղծարարությամբ:
Ոստիկանապետը տեղեկացրեց, որ իր առաջ նաև վարչապետի պաշտոնակատարն է խնդիր դրել, որ ոստիկանությունն ապահովի բոլորի՝ օրենքի առաջ հավասար լինելը: Նա վստահեցրեց, որ եթե անգամ «Իմ քայլը» դաշինքից մեկը խախտում անի, առաջինն իրեն կպատժի:
Օսիպյանը նշեց նաև, որ ինքը մարզերում այցեր է կազմակերպում: «Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ իմ հանդիպումներին ցանկության դեպքում կարող են ներկա լինել նաև քաղաքական ուժերը՝ ընտրություններին մասնակցողները, մարզային շտաբների ներկայացուցիչները: Խնդրանքով դիմել ենք իրենց, որ համագործակցեն ոստիկանության հետ, որպեսզի խախտումների մասին տեղեկացնեն մեզ»,-ասաց Օսիպյանն ու շեշտեց՝ ոստիկանությունն անմիջապես պետք է արձանագրի նման դեպքերը:
Նա նկատեց՝ եթե դիմել են նրանց, դեռ չի նշանակում, թե ոստիկանությունը չունի բավարար ռեսուրս ու ներուժ: Իրենք ունեն այդ կամքն ու ցանկությունը: «Սակայն քանի որ սա հերթական ընտրությունը չէ, մենք մտահոգված ենք, որ այն լինի մեր անկախության պատմության լավագույն ընտրություններից մեկը: Դրանով որոշվելու է երկրի ճակատագիրը»,-եզրափակեց ոստիկանապետը: