Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի մահվան առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Բուշի որդուն՝ Ջորջ Բուշ կրտսերին ուղղված Պուտինի ցավակցական հեռագրում ասվում է. «Ընդունիր իմ ցավակցությունները հայրիկիդ՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշի մահվան առնչությամբ: Կյանքից հեռացել է նշանավոր մի մարդ, ով ողջ կյանքում հավատարիմ կերպով ծառայել է իր երկրին՝ զենքը ձեռքին պատերազմի տարիներին, իսկ խաղաղ ժամանակ բարձր պետական պաշտոններում»: Պուտինը նշել է, որ Ջորջ Բուշ ավագն իր կառավարման տարիներին ցուցաբերել է քաղաքական իմաստնություն և հեռատեսություն անգամ ամենադժվար իրադրություններում:
«Ջորջ Բուշ ավագը շատ բան է արել հանուն միջազգային անվտանգության հարցերում ռուս-ամերիկյան համագործակցության ամրապնդման»,- նշել է ՌԴ նախագահը:
Միացյալ Նահանգներում նոյեմբերի 30-ին 94 տարեկանում մահացել է երկրի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը, ով երկրի նախագահի պաշտոնն էր զբաղեցնում 1989-1993 թվականներին: Կյանքի վերջին տարիներին Բուշ ավագը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ և ստիպված էր տեղաշարժվել անվասայլակով: