«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ստորև ներկայացնում ենք համաձայնագրի տեքստը և առաջարկում քաղաքական ուժերին միանալ դրան.
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքական ուժերը, համարում ենք, որ գործող Սահմանադրությունը․
ընդունվել է լայնածավալ ընտրախախտումների պայմաններում, կեղծվել է հանրաքվեի արդյունքները և հասարակական լայն համաձայնության արտահայտություն չէ,
այն ձևավորվել է նախորդ քաղաքական համակարգը վերարտադրելու և պետական իշխանությունը սահմանադրության մակարդակով ուզուրպացնելու համար։
դելեգետիմ Սահմանադրության պայմաններում ներկա հանրային հարաբերությունները, համակեցության հավաքական կանոնները և արժեքները ընդունելի չեն բոլորի համար, միմյանց հետ հարաբերվելու քաղաքացիական սկզբունքները համաձայնեցված չեն, որը ապագայում տեղիք է տալու բազմաթիվ հակասությունների ու ստեղծելու է ճգնաժամային իրավիճակներ։
Գիտակցելով մեր պարտքը և հանձնառությունը Հայաստանի ժողովրդի առաջ ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների ու հանրային համերաշխության վրա հիմնված սահմանադրական կարգ հաստատելու գործում՝ գալիս ենք փոխադարձ համաձայնության առ այն, որ ընտրվելու և ԱԺ-ում հայտնվելու պարագայում նախաձեռնելու և սատարելու ենք հասարակական լայն և ներառողական մասնակցության և համաձայնության վրա հիմնված նոր սահմանադրություն ձևավորելու և ընդունելու գործընթաց»: