ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ցավակցական ուղերձ է հղել Պավել Պետրոսի Անանիկյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես նշվում է.
«Խորը ցավով տեղեկացա, որ 88 տարեկան հասակում մահացել է բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, հայկական վիրաբուժության հիմնասյուներից մեկը` Պավել Պետրոսի Անանիկյանը: Մեծանուն բժշկի հարազատներին և մերձավորներին մեր ցավակցությունն եմ հայտնում` իմ և առողջապահության
նախարարության ողջ անձնակազմի անունից:
Պավել Անանիկյանը ՀԽՍՀ-ում անոթային վիրաբուժության հիմնադիրներից է: 1955 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: 1963-ին աշխատել է նույն բուհի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում (1976-2000թթ. որպես վարիչ): Գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի վիրաբուժական գիտությունների ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի վիրաբույժների միության նախագահության պատվավոր անդամ, այս և շատ այլ կոչումներ ունեցող բժիշկը տարբեր տարիներ աշխատել, նաև ղեկավարել է հայաստանյան առաջատար բժշկական հաստատություններ:
Նա Հայաստանի նկարիչների և գրողների միության անդամ է, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Հայաստանի վիրաբուժական գիտությունների ակադեմիայի նախագահ, պարգևատրվել է նաև ՀՀ Մխիթար Հերացու մեդալով»։