Դեկտեմբերի 3-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային շրջայցով եղել է ԶՈՒ մի շարք զորամասերում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծանոթանալով զորամասերի առօրյա ծառայությանը, զինծառայողների մարտական պատրաստության վիճակին, զինտեխնիկայի պահպանման ու սպասարկման պայմաններին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն արձանագրել է, որ ամեն ինչ արվում է թե՛ զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման, թե՛ ծառայության առավել արդյունավետ կազմակերպման ուղղությամբ։
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը եղել է նաև խաղաղապահ ստորաբաժանումներից մեկում: Անձնակազմի հետ հանդիպման ընթացքում Արտակ Դավթյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին ու անվտանգային խնդիրներին և այդ համատեքստում` խաղաղապահների գործառույթներին ու առաքելությանը։
Շրջայցի ընթացքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը զորամասերի հրամանատարական կազմին տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ։