Հայաստանի համայնքների համար սեփական եկամուտների հավաքագրումը իսկական գլխացավանք է դարձել: Ինչպես հայտնի է` մեր հանրապետության գյուղերի մեծ մասի սեփական եկամուտների հավաքագրումը 50 տոկոսից էլ ցածր է: Քանի որ մարդիկ թեեւ հողագործությամբ զբաղվում են, բայց եկամուտ չեն ունենում, տարիներով չեն վճարում հողի հարկերը` կուտակելով պարտքեր: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի համայնքների եկամուտներն ավելացել են 2.3 տոկոսով` կազմելով 87 մլրդ 722 մլն 300 հազար դրամ: Փոխարենը հարկերն ու տուրքերը նվազել են 1.6 տոկոսով:
Օրինակ` այս հունվար-սեպտեմբեր ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, համայնքների հավաքագրած հարկերն ու տուրքերը կազմել են 16 մլրդ 728 մլն 800 հազար դրամ, նախորդ տարվա 16 մլրդ 995 մլն դրամի դիմաց: Ըստ ՀՀ ՎԿ-ի` հիմնականում նվազել են անշարժ գույքից գոյացող գույքային հարկերը՝ 4.9 տոկոսով: