«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ ծաղկավաճառները փակել են Չարենցի փողոցը եւ ստիպված են եղել ծաղիկները վաճառել փողոցներում, մայթերին: Ինչպես հայտնի է` նրանք իրենց ծաղիկները վաճառում են Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի ավտոկայանատեղիում, որը հայտնի է որպես ծաղկի շուկա: Ըստ ծաղկավաճառների` նրանք 4 ժամ կանգնելու համար վճարում են 2000 դրամ: Երեկ նրանք, փակելով փողոցը, պահանջել են 2000 դրամը իջեցնել` դարձնելով 1000 դրամ:
Սակայն ծաղկի շուկայի պատասխանատուները ծաղկավաճառներից պահանջել են դադարեցնել բողոքի ակցիաները, ապա սպառնացել են, որ հակառակ դեպքում 2000 դրամ վճարը կդառնա 3000 դրամ: Բայց ծաղկավաճառները վճռական են տրամադրված. նրանք այս պահանջի համար այսօր առավոտյան էլ են փակելու Չարենցի փողոցը: Ավելին` շուկայի պատասխանատուները պարտադրում են 1000 դրամ վճարել նաեւ ծաղկի գնորդներին, ովքեր մեքենայով մտնում են շուկա: Բացի այս` վճարելուց հետո ծաղկավաճառներին ՀԴՄ կտրոն չեն տալիս: