Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողով համաձայնություն տալու ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաեւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն: «Ժողովուրդ» օրաթերթին այս գործով կալանավորված, ինչպես նաեւ հետախուզվող անձի մասին մանրամասներ են հայտնի դարձել:
Մինչ այդ, հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հոկտեմբերի 24-ին հայտարարել էր, որ խոշոր չափերի կաշառք տալու գործով շուտով պատգամավոր է ձերբակալվելու, եւ դա լինելու է երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը: Նա չէր տվել այդ պատգամավորի անունը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ խոսքը ՀՀ բնապահպանության նախկին նախարար, այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցոթւյան պատգամավոր Արամ Հարությունյանի մասին է: Ամիսներ անց մեր տեղեկությունները հաստատվեցին:
Նախ պաշտոնապես
Այսպիսով` իրավապահները պարզել են, որ 2015թ. սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը 2008թ., զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների թվով 10 հանքի երեւակումների ուսումնասիրության եւ շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար Ս. Հ.-ից պահանջել եւ միջնորդավորված եղանակով ստացել է 14 մլն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք: Ընդ որում, նշված գումարից 6 մլն դոլարը 2008թ. հունվար ամսից մինչեւ նույն տարվա նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Ս.Հ.-ն բանկից կանխիկացրել եւ միջնորդավորված եղանակով է փոխանցել, իսկ մնացած 8 մլն դոլար կաշառքը Հարությունյանին փոխանցել է բանկային փոխանցման միջոցով, դարձյալ միջնորդավորված եղանակով:
Այնուհետեւ Արամ Հարությունյանը այլ երկրում այլ անձանց անուններով բացված բանկային հաշվիներով փոխանցումներ ապահովելու եղանակով, նպատակ ունենալով թաքցնել գումարի հանցավոր ծագումը, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույք /փողերի լվացում/, այսինքն` առերեւույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես ծանր հանցագործություններ:
Նշված քրեական գործով 2 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար: Եվս 2 անձ նույն հանցավոր արարքը կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ հայտարարվել հետախուզում:
Միաժամանակ քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ փաստացի Արամ Հարությունյանին են պատկանում Երեւան քաղաքի մի քանի հասցեներում գտնվող առանձնատուն, բնակարաններ, Հանրապետության հրապարակի հարակից տարածքում գտնվող 7 հարկանի շենք, ռեստորանային համալիր, Երեւանի Դ. Անհաղթ 10/1 հասցեում գտնվող ավելի քան 427 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով հասարակական նշանակության շինություն, Կոտայքի մարզի Գետամեջ համայնքում գտնվող ավելի քան մեկ տասնյակ գյուղատնտեսական նշանակության հողամասեր: Նրա կողմից հայտարարագրվել է ավելի քան մեկուկես միլիոն ԱՄՆ դոլար:
Այսպիսով` քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ եւ մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար` 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Գործով ձեռք բերված փաստական տվյալներն ուղղակիորեն հաստատում են Արամ Հարությունյանի անմիջական մասնակցությունը հանցավոր գործողություններին եւ վկայում հանցանք կատարելու առավել քան հիմնավոր կասկածի առկայության մասին: Նրան վերագրվում է պետական ծառայության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցանքների կատարում: Մեղսագրվող հանցագործության բնույթը, կաշառքի ստացման շղթաներում բազմաթիվ անձանց ներգրավվածությունը վկայում են դրա հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին:
Հանցանքի առերեւույթ կատարմանը ներգրավված մի շարք անձինք հանդիսանում են կամ նրա մտերիմները, կամ նրա կողմից ղեկավարած պետական կառույցներում եւ մասնավոր ընկերություններում աշխատող անձինք: Այս հանգամանքը ողջամտորեն թույլ է տալիս կարծելու, որ նա կարող է ձեռնարկել միջոցներ` դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ուղղությամբ, ինչն էականորեն բարձրացնում է ազատության մեջ գտնվելու դեպքում Արամ Հարությունյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորելու, դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութեր ու փաստաթղթեր թաքցնելու եւ կեղծելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու, ինչպես նաեւ նրան վերագրվող հանցանքի ծանրությամբ պայմանավորված` վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու բարձր հավանականությունը:
Ելնելով վերոգրյալից` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովին` ի դեմս ՀՀ ԱԺ նախագահի տալու համաձայնություն ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաեւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն:
Ով է հետախուզվողը
«Ժողովուրդ» օրաթերթին երեկ մանրամասներ են հայտնի դարձել այս քրեական գործից: Մասնավորապես, այս գործով հետախուզման մեջ գտնվող անձը Սեւանի հոգեբուժարանի կլինիկայի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանն է: Այս գործի շրջանակներում տրվել է նաեւ նրա անունը, քանի որ նա Արամ Հարությունյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է: Ի դեպ, երբ նախկինում վերջինիս կանչել են ՀՔԾ հարցաքննության, ասել է, թե ինքը չի ճանաչում Սիլվա Համբարձումյանին եւ նրան տեսել է միայն հեռուստատեսությամբ: Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել Կարապետյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսահամարը արգելափակված էր:
Ովքեր են կալանավորվածները
Նշենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը մշտապես հայտնել է. «Կաշառքը տվել եմ 2008թ-ին, իսկ 2009թ-ից իմ հանքերը սկսեցին զրկել լիցենզիայից: Դա փոխանցվեց Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին, որը Սուրիկ Խաչատրյանի մտերիմ ընկերն էր, եւ սկսեցին զրկել: 8 մլն դոլարը ես փոխանցել եմ Դուբայ իրեն տված հաշվեհամարին` Արաքս Դիլանյանի հաշվին: Արաքս Դիլանյանը հենց նույն օրն արդեն իր հաշվից փոխանցել է Արամ Հարությունյանի 3 հայտնի գործընկերներին` Վիկտոր Մարտիրոսյան, Արմեն Խաչատրյան, Գագիկ Կարապետյան: Իսկ 6 մլն-ը տվել եմ կանխիկ` Սուրեն Ավագյանի միջոցով»: Եվ ահա այս փաստերի հիման վրա իրավապահները մեկ շաբաթ առաջ կալանավորել են Արմեն Խաչատրյանին եւ Վիկտոր Մարտիրոսյանին:
Գործարարը շրջում է թիկնազորով
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ այս աղմկահարույց բացահայտումներից հետո գործարար Սիլվա Համբարձումյանը թիկնազորով է շրջում` հնարավոր հետապնդումներից խուսափելու համար:
Ավելին` չի բացառվում, որ առաջիկայում նաեւ հետախուզում հայտարարվի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ, քանի որ վերջինիս գործունեության մասով համապատասխան ապացույցներով դիմում է ներկայացվելու ՀՀ գլխավոր դատախազություն:
Քնար Մանուկյան