Նիկոլ Փաշինյանի` Հաղարծին այցի հետքերով. դրամաշնորհներ են տրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 օգոստոսի 11-ին խոշորացված Դիլիջան համայնքի մաս կազմող Հաղարծին բնակավայրում շուքով նշվեց գյուղի 200-ամյակը: Միջոցառմանը մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա շնորհավորեց գյուղի տոնը` նշելով գյուղի հին անունը` Ջարխեչ: Փաշինյանը հայտարարեց, որ ինքը այդ գյուղի թոռ է (ըստ մեր տեղեկությունների` մայրական կողմից):

Փաշինյանն ասաց, որ շատ դժվար ժամանակներ Տավուշի մարզի բնակիչները դիմակայել են անտառ հատելով, հորդորեց ապրել բնության հետ ներդաշնակ, առանց անտառը վնասելու` հաղարծինցիներին հորդորելով. «Կոչ եմ անում անջատել «դրուժբաները, եւ միացնել միտքը»: Վարչապետը հայտարարեց, որ ինքը Հաղարծնին նվեր է բերել 140 հազար դոլարանոց դրամաշնորհային ծրագիր, որից կարող են օգտվել տնտեսական գործունեություն նախաձեռնողները առանց բնությանը վնասելու: 2-3 հազար դոլարանոց դրամաշնորհները տրվում են անասնապահության, չորանոցների ստեղծման եւ այլ նպատակներով:

Նիկոլ Փաշինյանը Հաղարծնի բնակիչներին կոչ արեց օգտվել Հայաստանում զբոսաշրջության զարգացման հնարավորություններից: Ն. Փաշինյանի կողմից իր հայրենակիցներին խոստացած նվերը խորհրդարանական ընտրություններից առաջ տեղ հասավ: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ իրականացվող 140 հազար դոլար դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի Հաղարծին եւ Թեղուտ գյուղերի բնակիչների կողմից ներկայացված զարգացման ծրագրերի 245 դրամաշնորհային հայտերից բավարարվել են 50-ը, որից 36-ը Հաղարծին գյուղից եւ 14-ը` Հաղարծին գյուղի հարեւան Թեղուտից։

Հայտերի գնահատումն իրականացվել է գնահատող հանձնաժողովի կողմից, որի նախագահն է Տավուշի մարզպետի տեղակալ Սամվել Ռուբենյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են բնապահպանության նախարարի օգնական Նատալի Սահակյանը (հանձնաժողովի քարտուղար), «Դիլիջանե ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սուրեն Աղաջանյանը, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհների ծրագրի ազգային համակարգող Հովհաննես Ղազարյանը: Տավուշի մարզպետարանի ստորաբաժանումները շարունակական կապի մեջ կլինեն նշված 50 հայտատուների հետ` տրամադրելով խորհրդատվություն, փորձագիտական աջակցություն եւ այլն։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս