«Ժողովուրդ» օրաթերթի հիմնադիր Թագուհի Թովմասյանը ծնվել է 1982թ. օգոստոսի 14-ին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում:
Թագուհին 1998թ. գերազանցությամբ ավարտել է տեղի թիվ 2 դպրոցը: 2000թ. ավարտել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետը` գիդ թարգմանիչ մասնագիտությամբ: 2003թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետը` ժուռնալիստիկա մասնագիտությամբ: 2008թ. ավարտել ՀՀ Հյուսիսային համալսարանի լրագրության ֆակուլտետը: 2013թ. ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան` ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան:
2003-2004թթ որպես կամավոր սկսել է թղթակցել «Իրավունք» թերթին: Իսկ արդեն 2004թ. անցել է աշխատանքի «Իրավունք» թերթում որպես քաղաքական բաժնի լրագրող: Ահա այսպես Թագուհի Թովմասյանը սկսել է իր լրագրողական գործունեությունը` մշտապես լինելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրինականության համար պայքարի կիզակետում որպես պայքարի առաջամարտիկ: Այդ պայքարի ճանապարհը հարթ չի անցել: Նախկին իշխանությունները պարբերաբար փորձել են խոչընդոտել Թագուհի Թովմասյանի մասնագիտական օրինական գործունեությունը: Ամենացայտուն օրինակն այն ժամանակ ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանի հետ տեղի ունեցած դեպքն էր: Հայաստանյան առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել էին այդ միջադեպին. Սաշիկ Սագսյանը պահանջել էր «Իրավունք»-ի լրագրող Թագուհի Թովմասյանից հայտնել իր մասին հրապարակած տեղեկությունների աղբյուրը, պահանջել, հետո սպառնացել` ասելով. «Եթե չասես, պրոբլեմներ կունենաս, դու գիտես` ես ով եմ»: Հետո, իհարկե, Սաշիկ Սարգսյանը ստիպված էր ընդունել իր սխալը, ներողություն խնդրել Թագուհի Թովմասյանից:
Թագուհի Թովմասյանը 2007-2010թ. աշխատել է «Չորրորդ իշխանություն» թերթում: Մշտապես համարձակ հրապարակումներով նա քննադատել է իշխանությունների սխալներն ու բացթողումները: Իր լրագրողական գործունեությանը զուգահեռ` Թագուհի Թովմասյանը մշտապես աչքի է ընկել քաղաքացիական ակտիվությամբ ու սկզբունքային կեցվածքով: Նա մշտապես եղել է խոսքի ազատության համար պայքարող առաջատար լրագրողներից, ապա խմբագիրներից մեկը: Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ Թագուհի Թովմասյանը եւս եղել է դեպքերի կիզակետում, լուսաբանել տեղի ունեցածը: Հետո արդեն Երեւանում հաստատվել էր 21-օրյա արտակարգ ռեժիմ, որի պայմաններում լրատվամիջոցներին թույլ չէին տալիս հրապարակվել: Արգելված էր նաեւ Թագուհի Թովմասյանի համարձակ հոդվածների հրապարակումը:
Անուրանալի է Թագուհի Թովմասյանի պայքարը հանուն Մարտի 1-ի քաղբանտարկյալների ազատ արձակման: Նա մշտապես մասնակցել է հանրահավաքներին, ցույցերին ու երթերին: Թովմասյանն անձամբ ԱԺ-ում ստորագրահավաք էր կազմակերպել Արցախյան ազատամարտի հերոսներից Սասուն Միքայելյանի ազատ արձակման պահանջով:
Նա մշտապես եղել է նաեւ Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի կողքին` մասնակցելով Փաշինյանի ազատ արձակման պահանջով անցկացված բողոքի ակցիաներին:
Արդեն 2011թ. Թագուհի Թովմասյանը հիմնադրել է իր լրատվամիջոցը` «Ժողովուրդ» օրաթերթը, ապա ArmLur.am լրատվական կայքը: Լրատվամիջոցի գործունեության սկզբունքն է եղել «Օրաթերթ բոլորի եւ ամեն ինչի մասին», սկզբունք, որով լրատվամիջոցն առաջնորդվել է առաջին իսկ օրվանից եւ որից չի նահանջել երբեւէ: Այս սկզբունքի արդյունքում կարճ ժամանակում նրա ղեկավարած լրատվամիջոցը դարձել է հայաստանյան առաջատար թերթերից մեկը, իսկ ArmLur.am լրատվական կայքի այցելուների թիվը վաղուց գերազանցում է մի քանի հարյուր հազարը: Թագուհի Թովմասյանի հիմնադրած «Ժողովուրդ» օրաթերթի շնորհիվ հազարավոր քաղաքացիներ ոչ միայն Գեղարքունիքի մարզից, այլեւ Հայաստանի ու Արցախի մի շարք բնակավայրերից կարողացել են հասնել իրենց խնդիրների լուծմանը:
«Ժողովուրդ» օրաթերթի ղեկավարման տարիները եւս հարթ չեն անցել: Օրաթերթի թղթակիցները հայտնվել են արդեն նախկին իշխանությունների թիրախում: Օրաթերթի դեմ պարբերաբար դատական հայցեր են ներկայացվել, որոնցից, ի դեպ, թերթը հաղթող է դուրս եկել:
«Ժողովուրդ» օրաթերթը «Հայփոստ»-ի միջոցով Գուրգեն Աղաջանյանի անունով նամակ էր ստացել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանի ու վարչության ներկայիս պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի վերաբերյալ: «Ժողովուրդ»-ը զրուցել էր տիկին Կիրակոսյանի հետ եւ ներկայացրել նաեւ նրա մեկնաբանությունը: Մեր հրապարակման հաջորդ օրը խմբագրություն էր այցելել Գուրգեն Աղաջանյանը եւ հայտարարել, թե այդ նամակի հեղինակն ինքը չէ, այն ինչ-որ մեկը գրել է իր անունից: Ապա որոշել էր դատի տալ «Ժողովուրդ» օրաթերթին: Գ. Աղաջանյանը դիմել էր դատարան` «Ժողովուրդ» օրաթերթից պահանջելով վճարել 800 հազար դրամ: Սակայն Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը վճիռ կայացրեց մերժել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ներկայացված դատական հայցը:
Ես մեկ դատական հայց ներկայացվել էր «Ժողովուրդ» օրաթերթի եւ թերթի լրագրողի դեմ գործարար Խաչիկ Խաչատրյանի կողմից, որի նպատակը թերթի փակումն էր: Սակայն փաստն այն է, որ մինչեւ այսօր թերթը շարունակում է իր ակտիվ գործունեությունը:
Ուշագրավ էր «Ժողովուրդ» օրաթերթի դեմ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ՝ Միխայիլ Հարությունյանի ընտանիքին պատկանող «Միկշին» ընկերության ներկայացրած հայցը: «Ժողովուրդ» օրաթերթը հաղթեց այդ դատական գործը ե՛ւ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, ե՛ւ վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ կազմակերպությունը դեռ այս տարվա մարտին դատական հայց էր ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, թե իբր մենք զրպարտել ենք նրանց: Ու սա այն դեպքում, երբ «Ժողովուրդ» օրաթերթն ընդամենը լուսաբանել էր կառավարության շենքի մոտ «Միկշին» ընկերության դեմ քաղաքացիների բողոքի ցույցը, ավելի ուշ մեկնաբանությունների համար դիմել այդ ընկերությանը` չստանալով պատասխան: Եւ ահա «Միկշին» ընկերությունն այս ամենը համարել էր զրպարտություն, դիմել դատարան: Օգոստոսին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Ռուբեն Ներսիսյանը մերժեց «Միկշին» ընկերության հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Դրանից հետո ընկերությունը վճիռը բողոքարկեց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Բայց այստեղ եւս նրանք պարտվեցին. Վերաքննիչ դատարանը մերժեց ընկերության հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը:
Դժվարություններից ու խոչընդոտներից բացի` աշխատանքային գործունեության ընթացքում Թագուհի Թովմասյանի hիմնադրած օրաթերթն ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ. արժանացել մոտ հարյուր շնորհակալագրերի:
Լրագրողական բարեխիղճ աշխատանքի եւ համագործակցության համար հայաստանյան մի շարք պետական մարմիններից ու բարձրաստիճան պաշտոնյաներից արժանացել է տարբեր պարգեւների:
Այս ամենից բացի` Թագուհի Թովմասյանը մասնակցել է միջազգային կարեւոր դասընթացների.
2004թ. ավարտել է IWPR դասընթացները Երեւանում, որը ներկայացնում էր լրագրության միջազգային ստանդարտները, հարցազրույցների տեխնոլոգիաներն ու ռեպորտաժներ պատրաստելու մեթոդները:
2005թ. հաջողությամբ ավարտել է թրեյնինգ ծրագիր «Դատական լրագրություն» անվամբ, որը կազմակերպել էր Եվրոպական լրագրողների ասոցիացիան:
2014թ. ավարտել է Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը` YSPS:
2014-2015թթ մասնակցել է Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի կողմից կազմակերպված 3-րդ եւ 4-րդ աշխարհի ֆորումներին` նվիրված ժողովրդավարությանը:
Շարունակելի….