Խոսքի ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից է, բայց այն բացարձակ չէ: Խոսքի ազատությունը ենթակա է սահմանափակման այլոց իրավունքներն ու հեղինակությունը հարգելու նպատակով. այդ փաստն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածով: ՀՀ Սահմանադրությունը եւս երաշխավորում է մարդու ազատ խոսքի իրավունքը՝ չմոռանալով նաեւ մարդու արժանապատվությունը, որը շատ հաճախ խախտվում է հենց ազատ խոսքի իրավունքի չարաշահման հետեւանքով: Զրպարտության եւ վիրավորանքի քրեականացված հոդվածները 2010 թվականի մայիսին ապաքրեականացվեցին, եւ պատասխանատվությունը տեղափոխվեց քաղաքացիաիրավական դաշտ:
Փաստաբանները պնդում են, որ օրենքը ապաքրեականացնելուց հետո ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, եւ ոլորտը լիարժեքորեն կարգավորված է քաղաքացիական իրավունքի շրջանակներում: Փաստաբանների պալատի խորհուրդը հանդես է եկել ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնելու նախագծով, որը վիրավորանքի համատեքստում քրեականացում է նախատեսում միայն հայհոյանքի համար: Չնայած օրենքի նախագիծը մշակվել է Փաստաբանների պալատի կողմից, բայց հենց պալատի փաստաբանների մեծ մասն են դեմ այս նախագծին:
«Կան մարդիկ, որ պարապ են մնացել ու նման նախագծեր են մշակում: Ցանկացած արարքի քրեականացում նահանջ է իրավունքի դաշտում: Այսօր յուրաքանչյուր ոք կարող է վիրավորանքի եւ զրպարտության հայցով մտնել դատարան եւ ստանալ համապատասխան փոխհատուցում: Դաշտը լիովին կարգավորված է քաղաքացիական օրենսդրությամբ: Եվ ես ոչ մի հիմք չեմ տեսնում, որ վիրավորանքից առանձնացվի եւ քրեական պատասխանատվություն սահմանվի հայհոյանքի համար»,-ասում է փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Օրենքի նախագծում տրված է հայհոյանքի սահմանումը, որում մասնավորապես ասվում է, որ «հայհոյանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ եղանակով հանրորեն հայտնի անպարկեշտ բառերի եւ հասկացությունների հրապարակային արտահայտումն է համացանցում կամ զանգվածային լրատվության միջոցներով ուրիշի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու նպատակով: Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով»:
Ըստ Երվանդ Վարոսյանի` առաջարկվող օրենքի նախագծում անգամ հստակ չէ, թե ինչ է հայհոյանքը, եւ կոնկրետ որ բառերն ու ժեստերը կարող են հայհոյանք համարվել:
«Օրենքի այս նախագիծը մշակողները պարզապես չեն պատկերացնում, որ եթե այն ընդունվի, մենք կհայտնվենք մի մութ անտառում, որտեղից ելք չկա: Քննիչներն ու փաստաբանները պետք է սկսեն ուսումնասիրել Աճառյանի բառարանը, որ պարզեն՝ տվյալ բառը կամ արտահայտությունը հայհոյանք է, թե ոչ: Իրականում կարծես «Ճռտոյի դուքանում» լինենք: Նախագիծը ուղղված չէ լրատվական դաշտին, մշակողների կարծիքով` այս օրենքով պետք է կարողանան վերահսկել սոցիալական դաշտը: Իրենց պատկերացմամբ` պետությունը պետք է մտնի սոցիալական ցանցերի դաշտ եւ վերահսկի օգտատերերի վարքը»,-նշեց Երվանդ Վարոսյանը:
Եթե նախագիծը ընդունվի, այն կարող է սահմանափակել ոչ միայն մարդու ազատ խոսքի իրավունքը, այլ նաեւ լրագրողների գործունեությունը: Լրագրողը պետք է սկսի մտածել` հրապարակի արդյոք այն նկարը կամ տեսանյութը, որում հնարավոր է որեւէ հայհոյանք հիշեցնող ժեստ կամ արտահայտություն լինի: Մեզ հետ զրույցում փաստաբան, լրագրող Գրիշա Բալասանյանն ասաց, որ օրենքի նախագիծը ոչ մի դրական հետեւանք չի ունենալու:
«Մարդը, եթե չարաշահել է իր խոսքի ազատության իրավունքը, քաղաքացիաիրավական ընթացակարգով ենթարկվում է պատասխանատվության: Անարդյունավետ կլինի իրավունքի պաշտպանությունը տեղափոխել քրեաիրավական դաշտ: Օրինակ, եթե մարդուն վիրավորել կամ զրպարտել են, նրա արժանապատվությունը կվերականգնվի՞, բարոյական վնասի հարցը կլուծվի՞, եթե խախտում թույլ տված անձը դրա համար բանտարկվի: Իհարկե ոչ»,-ասաց նա:
Գրիշա Բալասանյանը եւս կարծում է, որ ոլորտը ամբողջովին կարգավորված է այսօր, եւ հարկ չկա օրենքի ոլորտում մեկ քայլ հետ գնալ. «Քաղաքացիաիրավական հարթության վրա խնդրի կարգավորման ապացույց է այն, որ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրպարտություն համարվող տեղեկությունների պահանջով քաղաքացիական հայց է ներկայացրել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դեմ: Սա եւս մեկ լրացուցիչ ապացույց է, որ այդ տարբերակով վեճի կարգավորումը արդյունավետ է եւ բավարարում է «տուժողին»»:
Այժմ հայհոյանքը քրեականացնող օրենքի նախագիծը ուղարկվել է Ազգային ժողով: Փաստաբանները նշում են, որ եթե ԱԺ-ում նախագիծը ընդունվի, դրանից կարճ ժամանակ անց իրավապահներն են այն ապաքրեականացնող նախագծով դիմելու վերջինիս:
ԼԻԱՆԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
4-րդ կուրս
ԲԱՆԿԵՐՈՒՄ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Մեկից երկու ստորագրություն եւ վերջ. այդ փաստաթղթով քաղաքացին փաստացի պարտավորվում է մարել, օրինակ, ընկերոջ կամ մտերիմի համար վերցրած վարկի մայր գումարը, տոկոսներն ու տույժերը, եթե վարկի իրական տերը չկատարի իր վարկային պարտավորությունները: Առանց գնահատելու ռիսկերն ու հնարավոր տհաճ հետեւանքները, շատ երաշախավորներ, ի վերջո, կանգնում են լուրջ խնդրի առջեւ: Այս մասին փաստում են նաեւ ոլորտի մասնագետները:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իրավաբան Արմեն Աղաբալյանը մեկ առ մեկ թվարկում է երաշխավորության իրավական եւ գործնական բացասական հետեւանքները. «Դատարաններում այսօր քննվում են հարյուրավոր դատական գործեր, երբ վարկառուն չի կատարում վարկային պարտավորությունը, ընդ որում` լինում են դեպքեր, երբ որեւէ վճարում չի կատարում, եւ պարտավորության կատարման ամբողջ բեռը ընկնում է երաշխավորների վրա, որոնց գույքերի, բանկային հաշիվների վրա արգելանքներ են դրվում, իսկ դատական վճիռներից հետո հարկադիր կատարման ծառայության կողմից բռնագանձվում է նրանց գույքը»:
Իրավաբանը նշում է, որ երաշխավորության կիրառելիությունը սխալ հարթության վրա է իրականացվում. անձինք պարտավորված են իրենց զգում ընկերների, մտերիմների խնդրանքով հանդես գալ որպես երաշխավոր առանց ռեալ գնահատելու դրա փաստական հետեւանքները, իսկ մերժումը ընկալվում է բացասական եւ վատ անդրադառնում հարաբերությունների վրա. «Այդպիսի ընկալումը նույնպես նպաստում է խնդրահարույց գործերի ավելացմանը, եւ գրեթե բոլոր դեպքերում դատարաններում հայտնված անձինք ներկայացնում են նույն իրավիճակը՝ մտերիմ անձին օգնելու ցանկության, եւ վերջինիս կողմից հետագայում խուսափելու կամ փաստացի հնարավորությունների բացակայության պատճառով ստիպված են եղել կրել այդ պատասխանատվությունը»:
Վարկ վերցնելիս բանկերը եւ վարկային կազմակերպություններն իրենց ապահովագրելու համար վարկառուից պահանջում են ներկայացնել երաշխավորի, մարդ, ով կհավաստիացնի, որ վարկառուն պարտաճանաչ կերպով ու սահմանված ժամկետներում կկատարի բանկի առաջ ունեցած իր պարտավորությունները:
Եթե վարկառուն չկատարի օրենքով սահմանված վճարումը, ապա այս համագործակցությունից տուժում է երաշխավորը: Արմեն Աղաբալյանի խոսքով` վարկառուի գումարի անգամ ուշացումով վճարումը ազդում է երաշխավորի վարկային պատմության վրա, իսկ չվճարելու դեպքում երաշխավորը ստիպված է լինում անձամբ վճարել վարկառուի վերցրած մայր գումարը կամ դրա համար սահմանված տուգանքը:
«Փորձը ցույց է տալիս, որ երաշխավորները, հայտնվելով նման իրավիճակներում, հետագայում չեն կարողանում ունենալ իրենց սեփական վարկային պատմությունը»,- ընդգծում է իրավաբանը:
ԶԱՐՈՒՀԻ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ,
ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ
Մագիստրատուրա, 2-րդ կուրս
ՕԵԿ-ԱԿԱՆԸ՝ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Երեւանի ավագանու ընտրություններում քաղաքացու ընտրական իրավունքը խոչընդոտելու առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՔԾ հաղորդագրության համաձայն` նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում «Օրինաց Երկիր» կուսակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածու Լ. Մ.-ն խոչընդոտել է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների լիազորությունների իրականացմանը, ինչպես նաեւ նրանց` որպես քաղաքացու, ընտրական իրավունքի ազատ իրականացմանը: Ըստ մեղադրանքի` Լ. Մ.-ն 2018 թվականի սեպտեմբերի 16-ին «Օրինաց Երկիր» կուսակցության նախընտրական շտաբում հանդիպել է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ Լ. Ջ.-ին ու Է. Ջ.-ին եւ նրանցից պահանջել հանձնաժողովի անդամի համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վճարվող 55.000 ՀՀ դրամ աշխատավարձի դիմաց 10-ական ձայն ապահովել նշված կուսակցության օգտին, հակառակ դեպքում, հայտնել ինքնաբացարկներ: Լ. Ջ.-ն ու Է. Ջ.-ն ներկայացրել են ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ գրավոր դիմումներ ու հեռացել նախընտրական շտաբից: Այնուհետեւ` կատարվածի վերաբերյալ իրենց դժգոհությունները «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը հայտնելուց հետո, Լ. Ջ.-ն ու Է. Ջ.-ն 2018 թվականի սեպտեմբերի 18-ին ԿԸՀ-ից տեղեկացել են, որ վերականգնվել են համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովներում որպես անդամներ եւ կարող են կրկին իրականացնել իրենց լիազորությունները: Լ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
ԸՆԴԴԵՄ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ
Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները եւ ահազանգերը գրանցելու եւ հաշվառելու, հաղորդումների քննարկման եւ դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով դատախազության համակարգում ստեղծվել է աշխատանքային խումբ: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ խմբի ղեկավար է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը: