Հաճախ ավելի հեշտ է մի շարք հիվանդություններ կանխարգելել, քան դրանք բուժելը: Պատվաստումը փոքրացնում է հետագայում հիվանդանալու հավանականությունը: Այն երեխայի մոտ անընկալություն է առաջացնում տվյալ հիվանդության նկատմամբ: Խնդրի, վերջինիս կարգավորման հարցի շուրջ զրուցեցինք «Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկաբույժ Անի Մինասյանի հետ:
-Քանի՞ տեսակի պատվաստումներ կան Հայաստանում:
-Հայաստանում կան 12 պատվաստումներ:
-Ե՞րբ եւ ինչի՞ դեմ է պետք պատվաստել փոքրիկին:
-Փոքրիկներին պատվաստում են ծննդյան հաջորդող 24-48 ժամերի ընթացքում: Պատվաստում են ԲՑԺ եւ ՎՀԲ, այնուհետեւ վեց շաբաթականում՝ ԱԿԴՓ, ՎՀԲ, ՀԻԲ, ՕՊՎ: Հաջորդ պատվաստումը կատարվում է հաջորդաբար տասը, երկուսուկես, երեք ամսականներում եւ այլն:
-Կազմակերպվու՞մ են արդյոք որոշակի միջոցառումներ, որոնք կտեղեկացնեն ծնողներին պատվաստման գործընթացի, վերջինիս իրականացման մասին եւ կօգնեն ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանը:
-Հատուկ միջոցառումներ որպես այդպիսիք չկան: Հատուկ բլանկ կա, որում նշվում է յուրաքանչյուր պատվաստման մասին՝ ինչո՞վ է արդյունավետ եւ ինչու՞ պետք է արվի: Ծնողներին տալիս ենք, որ ծանոթանան, իսկ հարցերի դեպքում պատվաստումից առաջ տեղեկանում են հենց բժշկից:
-Նոր պատվաստանյութերի վերաբերյալ ընկալումն ու անվստահությունն արդյոք արդարացվա՞ծ է:
-Անվստահությունը հիմնականում 13 տարեկանում աղջիկների պատվաստմանն է վերաբերում: Սակայն այն կատարվում է ըստ ցանկության ու համաձայնության:
-Որոշ ծնողներ իրենց երեխայի առողջական վիճակի վատացման պատճառ են համարում պատվաստումը: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Առողջական վիճակի վատացում չի լինում, պարզապես պատվաստումից հետո երեխան մոտակա երկու օրը ջերմում է: Բայց դրա մասին նախապես պետք է տեղյակ պահել եւ բացատրել ծնողներին: Երբ չի ասվում, ծնողը մտածում է, որ պատվաստանյութն է հին, կամ փոքրիկի օրգանիզմը չի ընդունել վերջինս:
-Ըստ Ձեզ, որո՞նք են պատվաստումներից հրաժարվելու կամ վերջիններս հետաձգելու պատճառները: Ո՞րն է հիմնական մտավախությունը:
-Կարող են հետաձգել միայն այն դեպքում, երբ երեխան հիվանդ է: Հրաժարվելու դեպքում ծնողը նշում է պատճառը, ստորագրում համաձայն փաստաթուղթ: Սակայն փորձում են բացատրել մանրակրկտորեն, որ պատվաստումից հրաժարվելն հետագա բարդությունների ու վարակի արագ զարգացման պատճառ կարող է հանդիսանալ:
-Առավել հաճախ բնակչության ո՞ր շերտն է հրաժարվում եւ ո՞ր հիվանդության դեմ պատվաստումից:
-Հրաժարվում են հիմնականում «Պապիլոմա» կոչվող պատվաստումից: Անգամ բուժաշխատողներն են հրաժարվում իրենց երեխաներին պատվաստելուց: Պատճառն այն է, որ այն նոր պատվաստանյութ է, եւ բնակչության տեղեկացվածության մակարդակը վերջինիս մասին ցածր է: Գրեթե 60 տոկոսը հրաժարվում է:
-Դուք նշեցիք, որ անգամ բուժաշխատողներն են հրաժարվում, իսկ ինչու՞ են հայ շատ բժիշկներ հրաժարվում պատվաստել իրենց երեխաներին հենց պետպատվերի շրջանակներում:
-Քանի որ, նրանց կարծիքով, այդ պատվաստանյութերի ազդեցությունը թույլ է` այլ երկրների արտադրության թանկ միջոցների համեմատ:
-Դուք ինքներդ, լինելով բուժհաստատության աշխատակից եւ մայր, դիմու՞մ եք պատվաստումների:
-Այո՛, անկասկած, քանի որ գիտեմ հետագա բարդությունների մասին: Սակայն պետք է խոստովանեմ, որ ինքս էլ պոլիկլինիկաների պատվաստանյութերի հանդեպ հաճախ մտավախություն եմ ունենում:
-Եվ ո՞րն է Ձեր մտավախությունը:
-Սխալ ու այլեւս ոչ պիտանի պատվաստանյութ ունենալու համար եմ մտահոգվում: Պետք է նշեմ, որ եղել են շատ դեպքեր, երբ պատվաստանյութը հին է եղել: Յուրաքանչյուր պատվաստումից առաջ ինքս ստուգում եմ պահպանման ժամկետը եւ նույնն էլ խորհուրդ եմ տալիս բոլորին:
-Կա՞ պարտադիր պատվաստում հասկացությունը, եւ ինչպե՞ս է կարգավորվում գործընթացը, երբ ծնողը հրաժարվում է պատվաստել փոքրիկին:
-Պարտադիր է մինչեւ մեկ տարեկան երեխաների պատվաստումը՝ անկախ ծնողի ցանկությունից: Սակայն, եթե ծնողը կտրականապես դեմ է, ապա բուժհաստատությունը տեղեկացնում է, որ այլեւս պատասխանատվություն չի կրում հետագա բարդությունների դեպքում: Այնուամենայնիվ, եթե ծնողը տեղեկացված է, գրեթե երբեք չի հրաժարվում:
-Կարո՞ղ եք նշել հիվանդություններ, որոնք պատվաստումների շնորհիվ Հայաստանում հաղթահարվել են կամ զգալիորեն նվազել:
-Նվազել են ԿԿԽ վիրուս, Հեպատիտ B-ն: Հիմա երեխաների մոտ հիմնականում տարածված են աղիքային վիրուսները: Սակայն պետք է նշեմ, որ այժմ արդեն Հայաստանում արվում է «Ռոտա» վիրուսի դեմ պատվաստումը: Ինչպես նաեւ արդեն ամեն դեկտեմբերի կատարվում է գրիպի հարուցիչի դեմ պատվաստումը:
ԱՐԱՔՍՅԱ ՍԱՀԱԿՅԱՆ
4-րդ կուրս
ՆՈՐԱՑՎԱԾ ԿՈՆԴԻ ՀԻՆԸ
Քանդում էին Կոնդը. նպատակ ունեին բարձրահարկ շենքեր կառուցել:
«Քանդում էին Կոնդի մեր հին տունը: Հուզված էի, տխուր: Քանդում էին իմ մանկությունը, սերը պատանեկան, քանդում էին այն ամենը, ինչն իմ մեջ միս ու արյուն էր դարձել»,- պատմում էր Խաչիկ պապը:
Խաչիկ պապը, ինչպես եւ մյուս կոնդեցիները տարիներ առաջ հեռացան իրենց տներից, բայց ոչ իրենց ցանկությամբ:
Կոնդի «ավերումը» սկսեցին 1987թ-ին: Շատերին գումար տվեցին այլ տներ տեղափոխվելու համար, մյուսներին՝ խոստում բնակարան տալու կառուցվող շենքերում:
Կոնդի վերակառուցումը մեծ ցավ էր Խաչիկ պապի համար: Նա այստեղ էր ծնվել, այստեղ էր անցկացրել իր լավագույն տարիները, վայելել ընկերների հետ անցկացրած ժամանակը եւ պատրաստվում էր այստեղ շարունակել իր կյանքը, բայց…
Մեքենայի ահռելի դղրդոց, խեղճ ու կրակ քարեր, փոշի ու ամայություն:
Բետոնաշեն մի հսկա էր բազմել բակի, տան ու ամբողջ փողոցի տեղը: Պահպանվել էր միայն ճյուղը կտրած հին ծիրանի ծառը: «Այդ ծառի ստվերի տակ է անցել իմ կյանքը: Դա մեր՝ Կոնդի հրապարակն էր՝ միշտ ջերմ ու մարդաշատ»,- այսպիսին էր հիշում Կոնդը Խաչիկ պապը:
Կոնդն այն ժամանակ համարվում էր Երեւանի ամենահամարձակ եւ կազմակերպված թաղամասը: «Մեր Կոնդն «ամենախուլիգան» թաղամասն էր: Ոչ ոք չէր համարձակվում Կոնդ մտնել, նույնիսկ այստեղից հարս տանել,- կատակում էր Խաչիկ պապը եւ շարունակում,- կոնդեցիներն էլ պարզ ու հասարակ մարդիկ էին՝ իրենց հոգսերով, մեծ ու փոքր ուրախություններով, ներկայով ու իրենց բաժին հասած ճակատագրով»:
Երբ սկսեցին վերակառուցել Կոնդը, քանդեցին ցածրահարկ, հողաշեն ու «իրար գրկած» տները, եւ թաղամասի աշխարհագրական դիրքը սկսեց փոխվել: Կոնդեցիները լքեցին իրենց տները, եւ այդպիսով, կարծես, քանդվեց Կոնդի մեծ ընտանիքը:
Ռուսթավելի կոչվող փողոցում որոշ տներ այսօր դեռ պահպանվում են՝ գտնվելով կիսախարխուլ վիճակում: Մի մեծ, նեղ փողոցով իրար կապվող տներում մարդիկ ապրում են իրենց աշխարհում՝ իրենց փոքրիկ Կոնդում՝ քաղաքից դուրս, քաղաքի սրտում: Այստեղ է գտնվում նաեւ Թափաբաշի պարսկական մզկիթը, որտեղ 1915 թվականի ջարդից փախած 17 ընտանիք է ապաստանել: Նրանց ժառանգները մինչեւ հիմա էլ բնակվում են այստեղ:
Բնիկ կոնդեցիներ այսօր շատ քիչ են մնացել: Մարդիկ այստեղ շարունակում են ապրել կյանքի ամենասովորական ռիթմով, իսկ Խաչիկ պապը շարունակում է կարոտել իրենց հին Կոնդը, կոնդեցիներին՝ փորձելով հոգում ամուր պահել իր հիշողությունները. «Նրանք քանդեցին մեր տունը, մեր հին հողերը փոշի դարձրին, բայց չկարողացան ավերել այն, ինչը ձեռքով չի կառուցված»:
ԼԻԼԻԹ ՀՈՎՍԵՓՅԱՆ
2-րդ կուրս
ՄԵՆՔ ԷԼ ՀՈ 4-ՐԴ ԿԱՐԳԻ ՄԱՐԴԻ՞Կ ՉԵՆՔ
«Ինչքան դիմել ենք, եկել, իրենց «ներկան» ստացել, գնացել են, մենք հո 3-րդ, 4-րդ սորտի մարդի՞կ չենք, մենք էլ ենք Երեւանի բնակիչներ»,- ասում է Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10/1 հասցեում բնակվող տիկին Արմինեն։
Շենքը կառուցվել է 1958թ.-ին, նախկինում այն եղել է գեղարվեստի ուսումնարան, այժմ ծառայում է որպես հանրակացարան։ Բնակիչների գոյության մասին հուշողը պարաններից կախված գունավոր լվացքն ու բակում առեւտուր անել փորձող մի քանի մարդիկ են։
Տիկին Արմինեն մեզ դեպի շենք է ուղեկցում։ Արդեն շքամուտքից տեսարանը տխուր ու անմարդկային է թվում։ 7-8-ամյա մի երեխա պարան է խաղում կիսաքանդ պատի մոտ, որն ամեն վայրկյան փլվելու վտանգի տակ է։ Երեխաները խաղահրապարակ անգամ չունեն։
«Հիմա մեզնից ամեն մեկը ինչքան էլ մյուսի երեխուն ասի` է՛ս կողմ արի, է՛ն կողմ գնա, մեկ ա, ի՞նչ իմանաս, էս պատը երբ ուզի կարողա փլվի, անպայման պիտի զոհ լինի՞, որ որոշեն լուծում տան էս խնդրին»։
Շենքում բնակվում է 44 ընտանիք։ Բնակիչներն ասում են՝ ստիպված են մնում, 4 պատ է, ուրիշ ոչինչ, ոչ մի պայման չունեն, բնակարան վարձելու գումար՝ եւս։
Տիկին Արմինեն այս շենքում բնակվում է արդեն 16 տարի ամուսնու եւ 3 երեխաների հետ. «Մենք որ եկանք, էստեղ մի հատ մեծ լսարան էր, ուրիշ բան չկար, մեր ուժերով հոսանք ենք քաշել, մի քիչ էլ սենյակներն ենք կարգի բերել ու ապրում ենք»։ Հետո մի ուրիշ սենյակ է ցույց տալիս ու հավելում, որ այլեւս չեն ուզում գումար վատնել, ուզում են հավատալ, որ ինչ-որ բան կփոխվի։
Մեզ տեսնելով` կողքի բնակարաններից դուրս են գալիս մյուս հարեւանները, տիկին Ջուլիան ասում է՝ անձրեւային եղանակներին շենքում մնալ չի լինում, վտանգավոր է, քարեր են թափվում, շենքի տանիքն էլ «նստում է»։ Շենքում լուսավորություն անգամ չկար, միջանցքներում քայլելու համար ստիպված էինք մեզ մոտ եղած էլեկտրական լապտերներն օգտագործել։ Շենքի ներսում կողպված դռներ կային։ Բնակիչների խոսքով՝ շատերը պարզապես չեն դիմացել, թողել, գնացել են բարեկամների տները։
Գրեթե բոլոր սենյակներում լինելուց հետո մեզ ցույց են տալիս շենքի հետնամասն ու պատմում. «Ուշ ժամի ձայնից արթնացել ենք, տեսել ենք՝ քարերը թափված են։ Առավոտ շուտ՝ 8-ին, օգնական ուժեր ենք կանչել, եկել, նայել են, մեզ էլ ասել են, որ ձեռք չտանք։ Հասկացանք, որ շենքը 4-րդ կարգի վթարային ա, մենք էլ հո 4-րդ կարգի մարդի՞կ չենք»։
Խնդրի լուծման համար բնակիչները բազմիցս դիմել են քաղաքապետարան, պատասխանը եղել է հետեւյալը. «Շենքը ընդգրկված չէ Երեւան քաղաքում առկա քանդման ենթակա վթարային բազմաբնակարան եւ հանրակացարանային շենքերի ցուցակում»։
Արդեն 2018 թ.-ի ապրիլին շենքի տեխնիկական վիճակը «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կետրոն» բաց բաժնետիրական ընկերության կողմից գնահատվել է խիստ անբավարար եւ վթարավտանգ։ Հիմա այն դասված է 4-րդ կարգի վթարայնություն ունեցող շենքերի ցուցակում։
Մեր հարցին, թե ինչ է սպասվում բնակիչներին 2018թ-ի որոշումից հետո, քաղաքապետարանից հայտնեցին, որ Սիսակյան փողոցի հ.3 շենքի տեղի հատվածում նոր բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են, իսկ վերաբնակեցման հարցը կքննարկվի համապատասխան ֆոնդի առկայության դեպքում։
ՍՈՖԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
3-րդ կուրս