Նոյեմբերյանի զինկոմիսարիատն այլեւս գյություն չունի: Տավուշի մարզի բոլոր 4 տարածաշրջաններում` Նոյեմբերյանում, Բերդում, Իջեւանում եւ Բերդում վերացվել են տարածքի զինկոմիսարիատները, դրանց փոխարեն ստեղծվել են բաժանմունքներ: Ստեղծվել է Տավուշի մարզային զինկոմիսարիատ, որի զինվորական կոմիսար է նշանակվել նախկինում Նոյեմբերյանի զինկոմ, գնդապետ Կամո Հարությունյանը: Մարզի տարածաշրջաններում զինկոմիսարիատների լուծարումից հետո այնտեղ աշխատող զինվորական սպաներին առաջարկել են ծառայությունը շարունակել տարածքներում տեղակայված պաշտպանության նախարարության զորամասերում: Իսկ բաժանմունքներում հիմնականում մնացել են քաղաքացիական ծառայող հանդիսացող կանայք: Նրանց աշխատանքի ընդունելու հրամանները դեռ չեն տրվել, սակայն տեղեկություններ կան, որ նրանց աշխատավարձերի չափը զգալիորեն քիչ է լինելու, քան նախկինում այդտեղ աշխատած զինվորական սպաներինը:
Դեռ նշանակված չէ Նոյեմբերյանի բաժանմունքի պետը, առայժմ այդ պաշտոնը թափուր է: Կադրային զինվորականները զարմացած են, թե ինչպես կարելի է Նոյեմբերյանում եւ Բերդում զինկոմիսարիատները վերացնել, այդ տարածքները Ադրբեջանի հետ երկար սահման ունեն, զինկոմիսարիատները մեծ դեր են կատարում հարկ եղած դեպքում զինվորական ուժերն արագ մոբլիզացնելու, զորահավաք կազմակերպելու գործում: Բացի այդ, Նոյեմբերյանի տարածաշրջանը Հայաստանում միակ տարածքն է, որը սահմանակցում է Ադրբեջանին եւ Վրաստանին, ուր Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական մեծաթիվ բնակչություն է ապրում:
Ոսկան Սարգսյան
Տավուշ