Ուրբաթ-շաբաթ օրերին Արգենտինայում անցկացվեց Մեծ քսանյակի առաջնորդների գագաթնաժողովը, որին մասնակցում էին բոլոր այդ պետությունների առաջանորդները։ Գագաթնաժողովը խոստանում էր հետաքրքիր լինել՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս իրադրությունը եւ նկատի ունենալով արեւմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունների բնույթը։ Այդ համատեքստում կրկին առաջին պլան մղվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը վերջին պահին հրաժարվեց հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովի շրջանակներում։
Ակնկալվում էր, որ Մեծ 20-յակի գագաթնաժողովն ինքնին ինտրիգային էր լինելու, քանի որ աշխարհի խոշոր դերակատարներն ինքնին բազմաթիվ հարցեր ունեին, որոնց շուրջ թեժ քննարկումներ պիտի անցկացվեին։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վճռեց նոր բենզին ավելացնել արդեն իսկ բորբոքված կրակին՝ վերջին պահին հրաժարվելով հանդիպել Պուտինի հետ` ծրագրված բանակցությունները չեղարկելով։ Ինչպես արդեն ավանդույթ է դարձել Թրամփի համար, միջազգային դիվանագիտական հարցերի մասին այս անգամ նույնպես նա հայտնել է թվիթերյան գրառման միջոցով։
Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանը չի վերադարձրել ուկրաինացի նավաստիներին ու ուկրաինական նավերը, ինչն էլ պատճառ է հանդիսացել բանակցության չեղարկման համար։ Թրամփը միաժամանակ պատրաստակամություն է հայտնել լուրջ ու արդյունավետ բանակցություններ անցկացնել, եթե նշյալ խնդիրը լուծվի։ Թեպետ հայտարարվեց, որ նախագահ Թրամփը հանդիպումը չեղարկելու որոշումը կայացրել է ինքնաթիռով թռչելու ժամանակ եւ այդ մասին համապատասխան քննարկումներ է անցկացրել պետքարտուղար Փոմփեոյի, աշխատակազմի ղեկավար Քելլիի ու անվտանգության գծով խորհրդական Բոլթոնի հետ, սակայն ակնհայտ է, որ նման որոշումները հազիվ թե վերջին վայրկյանին ընդունվեին։
Թրամփն իր այդ որոշումը պայմանավորում է հենց այդ քննարկումներով՝ ակնակրկելով, որ այդ հարցում անսացել է խորհրդականներին։ Սակայն Թրամփի խառնվածքը հակառակի մասին է խոսում, ըստ որում՝ նախագահը, ռուս-ամերիկյան հարաբերությունները կարգավորելու հստակ նպատակներ ունենալով, հազիվ թե վերջին պահին լսեր իր ենթականերին ու նման շրջադարձային հայտարարություն աներ։ Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահի թվիթերյան գրառումը հայտնվել է համացանցում 2 ժամ հետո այն բանից, երբ ՌԴ կառավարող շրջանակները հաստատել էին, որ Թրամփ-Պուտին բանակցությունները շարունակում են ծրագրված մնալ։ Այսինքն՝ ենթադրելի է, որ ամերիկյան կողմը անակնկալի է բերել ռուսական շրջանակներին ու փաստի առաջ կանգնեցրել։ ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակը հայտարարեց, որ ռուսական կառավարությանն այդ մասին կանխավ տեղյակ է պահվել, բայց ավելի հավանական է, որ լրատվամիջոցները, այդուհանդերձ, առաջինն են իմացել նորությունը։
Ամերիկյան վերլուծաբանների մի մեծ բանակ սկսել է գովաբանել նախագահ Թրամփի որոշումը։ Շեշտվում է, որ Թրամփը, ի հեճուկս շատերի ցանկության, փորձում էր ամեն կերպ լավացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ արհամարհելով ամերիկյան ընտրություններում ռուսական միջամտության, սիրիական հակամարտության հարցում կողմերի հակադրության եւ այլ փաստերը։ Սակայն ուկրաինական նավատորմի հետ կապված միջադեպը ստիպեց Թրամփին հաշվի նստել իրականության հետ։ Այս տեսակետի կողմնակիցները միաժամանակ հայտնում են իրենց զարմանքը, որ Թրամփը կարողացել է փաստի առաջ կանգնեցնել Պուտինին եւ հրապարակային մակարդակում վնասել վերջինիս իմիջին։ Սակայն կա նաեւ երկրորդ ուղղության կարծիքը, ըստ որի՝ Թրամփը պարզապես այլընտրանք չի ունեցել, քան չեղարկելու բանակցությունները։ Եվ այդ անայլընտրանք իրավիճակը պատճառաբանվում է հատուկ դատախազ Մյուլերի հետաքննության ինտենսիվացմամբ։
Խնդիրն այն է, որ Թրամփի նախկին փաստաբաններից Մայք Քոհենը, որն արդեն համագործակցում է հատուկ դատախազի հետ, հայտարարել է, որ ստել է ԱՄՆ Կոնգրեսի սենատական հանձնաժողովի առաջ տված ցուցմունքներում, երբ ներկայացրել էր Թրամփի տնտեսական պրոյեկտները Ռուսաստանում։ Պարզվում է, որ Քոհենը ռուսական շրջանակների հետ 2016թ. նախընտրական քարոզարշավի շրջանում բանակցություններ է վարել այնտեղ բիզնես հիմնադրելու հարցերով։ Ավելին՝ նա հայտնել է, որ առնվազն երեք անգամ Թրամփի ու նրա ընտանիքի հետ քննարկել է պրոյեկտերն ու տեղեկացրել ընթացող բանակցությունների մասին։ Այդ ամենը նա ինքնախոստովանական ցուցմունքի տեսքով ներկայացրել է նախօրեին դատարանում։
Այս համատեքստում էլ բնական է, որ որոշ պարբերականներ ռուսական հետքի շուրջ հետաքննությունն են մատնանշում՝ Թրամփ-Պուտին բանակցությունների հանկարծակի չեղարկման համար։ Որպես օրինակ նշվում է, որ Թրամփն իր այդ հայտարարությունից մեկ ժամ առաջ էր լրագրողների հետ զրույցում հույս հայտնում, թե Պուտինի հետ արդյունավետ քննարկում է սպասվում։ Ուստի մի շարք վերլուծաբաններ հակված են պնդելու, որ Թրամփը անհանգստացել է նոր բացահայտվող հանգամանքներից եւ փորձել է խուսափել Պուտինի ու իր հարաբերությունների հարցում նոր շահարկումներ թույլ տալուց։
Թեպետ Թրամփը հրապարակավ մեղադրել է Քոհենին՝ նրան անվանելով ստախոս, ենթադրելի է, որ փաստաբանի խոսքերը մերկապարանոց չեն եւ կարող են նախագահի համար նոր խնդիրներ առաջացնել։ Սակայն ներկայումս դրանք կարծես ընդամենը հասցնում են անդրադառնալ ԱՄՆ-ի վարած արտաքին քաղաքականության վրա եւ ուղղակիորեն ազդել համաշխարհային գործընթացների տրամաբանության վրա։
Ն.Հովսեփյան