Սա համարում եմ «դըմփ-դըմփ-հու» տնտեսություն. առաջնորդները՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանավեճի ժամանակ այսօր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն անդրադարձան տնտեսությանը և կոռուպցիայի դեմ պայքարին: Նիկոլ Փաշինյանը նշեց, թե  Հայաստանում համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված եւ կոռուպցիայի դեմ պայքարի առումով ՀՀ-ում աննախադեպ պրոցես է ընթանում, բացահայտվել են երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կոռուպցիոն գործարքները եւ գողացվածը կվերադարձվի ժողովրդին:

Անդրադառնալով տնտեսությանը, նա նշեց, որ 10 ամսում Հայաստանում կա 6,6 տոկոս աճ, արտահանումը աճել է 11 տոկոսով: Սակայն նրան   հակադարձեց ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը: «Ես սա համարում եմ «դըմփ-դըմփ-հու» տնտեսություն: Դուք ընդունել եք երկիրը 10,5 տոկոս աճով, այսօր ունեք 6 տոկոս ու դրանով գլուխ եք գովում: Ներդրումների առումով երկիրն ընդունել եք 49 տոկոս աճով, հիմա 25 տոկոսի վրա եք: Արտահանումների ոլորտում 36 տոկոսից իջել եք 11,7 տոկոսի: Գյուղատնտեսության ոլորտում խայտառակ վիճակ է, մինուս 8 տոկոս, մինչդեռ երբ երկիրն ընդունել եք, եղել է 2-4 տոկոս աճ:

ՔՈ կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը հայտարարեց, որ կոռուպցիան պետք է դնել ինստիտուցիոնալ հենքի վրա, իսկ ձերբակալություններն ու մեծ բացահայտումները դրանց վերջին փուլն են:  «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանի խոսքով, կոռուպցիայի դեմ պայքարի համար մեզ պետք է առողջ քաղաքական համակարգ. «Հիմա բոլորը խոսում են կոռուպցիայի մասին, բայց շատերը թալանի տարիներին պաշտոններ են զբաղեցրել: Մենք հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին ստեղծելու լոբբինգ անելով եւ այնպիսի շահերի բախման օրենսդրություն մշակելով պետք է առաջ գնանք, որ նրանք, որոնք շահերի բախման մեջ են, չլինեն խորհրդարանում», – նշեց նա:

«Սասնա ծռերի» ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը համոզված է, որ կոռուպցիան Հայաստանում եղել է որպես կառավարման հիմնական մեխանիզմ եւ համակարգաստեղծ բաղադրիչ. «Պետք է արմատախիլ արվի այդ մեխանիզմը, իսկ դրա առաջնային քայլը անցումային արդարադատությունն է եւ մարդկանց պատասխանատվության կանչելը: Առանց այդ քայլը կատարելու, առանց անցյալին գնահատական տալուն եւ անցումային արդարադատության կիրառման ոչինչ չի ստացվի», – հավելեց նա:




Լրահոս