Հնարավոր չէ Արցախի խնդրի լուծման բարենպաստ պայմաններ ստանալ՝ «լիֆտում» բանակցություններից հետո. Վիգեն Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսության զարգացման շուրջ իրենց տեսակետներն արտահայտելուց հետո 11 ուժերի ներկայացուցիչները խոսեցին Արցախի հիմնախնդրի լուծման մասին:

«Ես իսպառ բացառում եմ հնարավորությունը, որ կարելի է բանակ ամրապնդել ու Արցախի խնդրի լուծման բարենպաստ պայմաններ ստանալ՝ «լիֆտում» բանակցություններից հետո՝ Ալիեւին իմաստուն, թե կիրթ մարդ անվանելով, իսկ սեփական սպայական կազմի եւ Արցախի ղեկավարության հետ սպառնալից տոնով խոսելով։ Ես կարծում եմ՝ այս ընթացքում մենք լուրջ սխալներ ենք թույլ տվել, ամենամեծը, ըստ իս, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելն է եղել, եւ այսօրվա ձեր հեռակա բանավեճը ՌԴ ԱԳ մամուլի խոսնակի հետ պատիվ չի բերում եւ օգուտ չի բերում»,– իր խոսքում նշեց ՀՀԿ առաջին համար Վիգեն Սարգսյանը:

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց կառավարությունն Արցախի խնդիրը ընդունել է մի կետում, երբ բոլորը սպասում են, որ Հայաստանը պետք է անի միակողմանի եւ ըստ էության, ստորացուցիչ զիջումներ:  «Մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ մենք ասել ենք, որ բոլորը թող հստակ արձանագրեն, որ Հայաստանին չպետք է համարեն այն հարցի հասցեատերը, թե դուք արդյոք պատրաստ եք փոխզիջումների։ Իսկ որեւիցե մեկն Ադրբեջանին հարցրե՞լ է՝ պատրաստ է փոխզրիջումների․ քանի դեռ Ադրբեջանին այդ հարցը չի տրվել, մեզ ոչ ոք այդ հարցը չպետք է տա»,– նշեց Նիկոլ Փաշինյանը։

«Սասնա ծռեր» կուսակցության ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանն էլ նախ եւ առաջ առաջարկում է արտաքին հարաբերությունների համակարգն ամբողջությամբ վերանայել, իսկ Արցախի հարցում դադարել ինքներս մեզ խաբելուց և նայել իրականությանը: Իսկ օրինակ  «Մենք» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը շեշտեց, որ ինքն այս հարցում վստահում է այսօրվա գործող իշխանությանը եւ համոզված է, որ այս իշխանությունը բանակցության պրոցեսը կտանի միանշանակ ճիշտ և ուղիղ:




Լրահոս