Երկու կոմիտեներ կմիացվեն տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ վարչության միջեւ այս օրերին բուռն քննարկումներ են կառավարության կազմի եւ հետագա փոփոխությունների շուրջ: Նաեւ Փաշինյանի մակարդակով հայտարարվել է, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո կառավարությունում պետք է օպտիմալացումներ լինեն՝ նախարարություններ միանան: Մեզ հայտնի դարձավ, որ այս ընթացքում ակտիվ քննարկվում է Մշակույթի նախարարությունը Կրթության եւ գիտության նախարարությանը միացնելու հարցը:

Բացի այս, խոսվում է նաեւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը Ջրային տնտեսության պետական եւ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեները միացնելու մասին: Իսկ ահա Սփյուռքի նախարարությունը հնարավոր է Արտաքին գործերի նախարարությունում ստանա վարչության կարգավիճակ: Այս խոսակցություններին զուգահեռ գերատեսչությունների աշխատողները խիստ մտահոգված են, քանի որ չգիտեն, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում: Այսինքն` տեղյակ չեն` արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո աշխատանքի կգնան, թե փոխարենը աշխատանքից ազատման մասին ծանուցում կստանան:




Լրահոս