Վարկի ժամկետը կրկին կերկարաձգեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագիր» վարկային համաձայնագրի ժամկետը դարձյալ կերկարաձգվի: Տեղեկացնենք, որ այն ստորագրվել է ՀՀ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 5 տարի առաջ` 2012 թվականի նոյեմբերի 23-ին, ապա այն երկարաձգվել է մինչեւ 2018 թվականի նոյեմբերի 23-ը, սակայն հիմա երկարաձգվելու է եւս մեկ անգամ: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պահանջում է վարկի հասանելիության ժամկետը երկարաձգել 3.5 տարով` մինչեւ 2022 թվականի մայիսի 23-ը:

Նշենք, որ այս համաձայնագրի արժեքը կազմում է 10.3 մլն եվրո: Ըստ համաձայնագրի` Հայաստանի եւ Վրաստանի պետական սահմանին` Սադախլո-Բագրատաշեն անցակետում` Դեբեդ գետի վրա, նոր կամուրջ պետք է կառուցվի: Ի դեպ, կամրջի կառուցման համար հայտարարված մրցույթում հաղթել է իրանական ընկերություն: Մրցույթի բոլոր փուլերում հայկական կողմն ամփոփել է արդյունքները, տվել է համապատասխան եզրակացություններ, սակայն վրացական կողմից պատասխանը եւ հաստատումը ստացվել են զգալիորեն ավելի ուշ ժամկետներում: Այժմ վրացական կողմի հետ քննարկվում են ծրագրի մեկնարկի եւ իրականացման հետ կապված կազմակերպչական խնդիրները:




Լրահոս