Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, կատարել մոմավառություն, այնուհետև հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարն իր խոսքում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին և զարգացումներին, խոսել արտագաղթի հաղթահարման, տնտեսության, արդարադատության և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումների մասին:

«Ուրախ եմ արձանագրել, որ տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստան եկողների թիվն ավելի մեծ է, քան մեկնողների: Կարծում եմ` սա է հեղափոխության կարևորագույն ձեռքբերումներից մեկը: Առաջիկա 20 տարվա ընթացքում խնդիր ունենք կրկնապատկել մեր բնակչության թիվը` առաջին հերթին տնտեսական զարգացմամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ կառավարության խնդիրը քաղաքական հեղափոխությունը տնտեսական հեղափոխության վերափոխելն է, և այսօր Հայաստանում տեղի ունեցող գործընթացները վկայում են, որ դա հնարավոր կլինի անել: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այդ գործում կառավարությունը հույսեր է կապում նաև սփյուռքի ներդրումային ծրագրերի հետ: «Այն, ինչ պլանավորվում է այժմ, եթե իրականություն դառնա 2019 թվականին, արդեն մեր երկրի տնտեսական կերպարն ուրիշ կլինի: Այդպիսով հստակ քայլեր կանենք արդյունաբերական երկիր դառնալու ճանապարհին: Հույս ունեմ, որ այսօրվա Հայաստանով դուք ևս քաջալերված եք»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: Ի պատասխան տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ նշել են, որ մեծապես ոգևորված են հայրենիքում տեղի ունեցող գործընթացներով և պատրաստվում են վերադառնալ Հայաստան, այդ թվում` ներդրումային տարբեր նախագծեր կյանքի կոչելու նպատակով: Այդ համատեքստում նրանք ներկայացրել են Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումների հետ կապված առկա խնդիրները:

Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ շրջանակում լոգիստիկ խնդիրների լուծումը գտնվում է օրակարգում: «Դա ԵԱՏՄ-ում քննարկվող ամենակարևոր հարցերից է: Պատրաստվում ենք պիլոտային ծրագիր իրականացնել, որով կդյուրացվի բեռների տեղափոխման գործընթացը, ապրանքները հավելյալ ստուգումների չեն ենթարկվի` թվային համակարգի ներդրման միջոցով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով նաև Վրաստանի և Ռուսաստանի միջև ճանապարհային խնդիրների լուծման հնարավորություններին ու հավելել, որ Հայաստանը շահագրգիռ է այդ գործընթացով:

Հանդիպման ընթացքում ներկաների խնդրանքով Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսման խնդրին: «Գաղտնալսումները հնարավոր են դարձել ռոումինգի պատճառով, քանի որ այդ օրերին ԱԱԾ տնօրենը գտնվել է Շվեյցարիայում: Երեկ հրապարակվեց գաղտնալսումների երկրորդ մասը, բայց Ազգային ժողովում սեպտեմբերի 12-ին ունեցած ելույթում արդեն անդրադարձել եմ դրան, և իմ պատմածում ավելի շատ տեղեկատվություն կար, քան հրապարակված հեռախոսազրույցում: Իրականում այս գաղտնալսումն ապացուցեց, որ ես Սանկտ Պետերբուրգում եմ տեղեկացել, թե ինչ է կատարվում այդ դատական պրոցեսներում: Ինչո՞ւ է ընդհանրապես կառավարությունն այս պրոցեսում ներքաշվել, որովհետև մեր միջազգային գործընկերները, մասնավորապես հատուկ ծառայությունների մասով, անընդհատ զանգահարել են ԱԱԾ տնօրենին այդ խնդրով, երկրորդը` դատական համակարգի ներկայացուցիչը ևս անընդհատ զանգահարել է ԱԱԾ` անվտանգության խնդրով և նշել, որ վախեցած են իրենց գործը կատարելուց: Միաժամանակ, ներկայացված հեռախոսազրույցի մի մասը կտրված է, որտեղ ես դիտողություն եմ անում ԱԱԾ տնօրենին, թե ի՞նչ է նշանակում` դատավորները վախենում են, չե՞ք կարողանում ապահովել նրանց անվտանգությունը: Մոտավորապես տասը տարի առաջ «Հայկական ժամանակ» թերթում հրապարակում է եղել, որ որոշ մարդիկ Հայաստանում գաղտնալսող սարքեր են ձեռք բերել, և այդ խնդիրը կա: Մեր երկրի խնդիրներից մեկը եղել է այն, որ որոշ խմբեր, ընտանիքներ գուցե ավելի ազդեցիկ են եղել, քան պետությունը, սրանք դրա մնացորդային երևույթներն են: Համոզված եղեք` դրանք ևս արմատախիլ կարվեն: Գաղտնալսողները պետք է բացահայտվեն, և ես խնդիր եմ դրել Ազգային անվտանգության ծառայության առաջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել նաև Նիկոլ Փաշինյանի անվտանգության ապահովման հետ կապված, ինչի առնչությամբ կառավարության ղեկավարի պաշտոնակատարն ասել է, որ Հայաստանի պետական պահպանութան ծառայությունը պատշաճ կատարում է իր աշխատանքը: «Ընդհանրապես ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ես ինձ շատ անվտանգ եմ զգում: Կարծում եմ` դա միայն անվտանգության խնդիր չէ, գուցե նաև մարդկանց վերաբերմունքն է ինձ անվտանգության զգացում ներշնչում»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը, խոսելով արդարադատութան ոլորտի խնդիրների մասին, ընդգծել է, որ դատական համակարգի բարեփոխումները կառավարութան օրակարգային ամենակարևոր հարցերից մեկն է, որովհետև այն ձևավորվել է բոլորին հայտնի միջավայրում և պայմաններում: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն սկսել է և առաջիկայում էլ կշարունակի Հայաստանի հետ կապված խայտառակ դատավճիռների հրապարակումը, որոնք ի ցույց կդնեն Հայաստանում անկախ դատական համակարգի բացակայությունը: Մենք պետք է իրական երաշխիքներ ստեղծենք դատարանների անկախ գործունեության համար: Այսօր ՀՀ քննչական մարմիններն իրենց գործունեության մեջ ազատ են առավել քան երբևէ, եթե նկատի ունենք ավանդական ազդեցության միջոցները կառավարությունից դեպի դատական համակարգ: Բայց ես համոզված չեմ, որ նույն գաղտնալսողները չեն պահպանել իրենց ազդեցությունը համակարգի վրա, և ընտրություններից հետո իրական փոփոխություններ պետք է իրականացնեք: Կա գաղափար` փորձել Հայաստանում հիմնադրել միջազգային արբիտրաժային կանոններով գործող արբիտրաժ, աշխարհում կա այդպիսի պրակտիկա: Երբ ասում ենք տնտեսական հեղափոխություն, բոլորս հասկանում ենք, որ դա անհրաժեշտ է, չպետք է թույլ տանք, որ որևէ խոչընդոտ պոտենցիալ ներդրումների ճանապարհը փակի: Ուստի չպետք է վախենանք գնալ հեղափոխական լուծումների, որպեսզի Հայաստանը ներդրումների համար դառնա առավել նպաստավոր»,- շեշտել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ հատկապես հայ ներդրողներն այսօր առանձնակի ակտիվություն և հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանում ներդրումներ իրականացնելու ուղղությամբ: «Մենք դրանում շահագրգռված ենք, մեր կառավարությունը ոչ մի բիզնես շահ չունի, ինչը հնարավորություն է տալիս և բացառիկ շանս է ստեղծում, որպեսզի իսկապես ներդրումների համար ստեղծենք հավասար պայմաններ: Բացառիկ է, երբ քաղաքական իշխանությունն ընդհանրապես չունի բիզնես շահ: Եթե ինչ-որ պահի մեր կառավարությունում ի հայտ գա նման բան` խոստանում եմ այն վերացնել անմիջապես»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի մասին հարցին: «Այդ պաշտոնը մեծ հաշվով ընդամենը առիթ է, որպեսզի խոսենք կազմակերպության անդամ պետությունների փոխադարձ պարտավորությունների հետ կապված գոյություն ունեցող խնդիրների մասին: Մենք ուզում ենք ստանալ հստակ պատասխաններ: Որևէ մեկը մեզ չի կարող մեղադրել մեր դաշնակցային պարտավորությունները որևէ կետում չկատարելու մեջ: Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ապացուցել է հավատարիմ դաշնակից լինելու փաստը: Ցավոք, սա չենք կարող ասել ՀԱՊԿ մեր բոլոր գործընկերների մասին, ուստի ասում ենք` եկեք պարզենք մեր հարաբերությունները՝ մենք դաշնակիցնե՞ր ենք, թե` ոչ, եթե դաշնակիցներ ենք, ապա պետք է կատարենք մեր բոլոր պարտավորությունները, բայց մեզ համար հասկանալի չեն այն գործողությունները, որոնք իրենց էությամբ հակասում են այդ պարտավորություններին: Պետք է իմանանք՝ ում վրա կարող ենք հույս դնել, ում վրա` ոչ: Համոզված եմ, որ ՀԱՊԿ-ն կարող է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված մեթոդով լուծելու Ադրբեջանի գայթակղությունը: Հիմա հարց` ՀԱՊԿ-ն իր այդ գործիքը պատրաստվո՞ւմ է կիրառել, թե` ոչ: Սա մեզ համար ռազմավարական նշանակության հարց է: Գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է: Թող այնտեղ հավերժ լինի Բելառուսի ներկայացուցիչը, բայց մեր փոխադարձ բոլոր պարտավորությունները կատարվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ լուրջ հարցեր կան ԼՂ-ի հետ կապված ՀԱՊԿ երկրների տեսլականի շուրջ այն ուղղությամբ, թե դա որքանով է բխում ռազմավարական գործընկերության բնույթից: Վարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ մենք որպես ժողովուրդ պետք է մեր միջավայրը հասկանանք: «Երբ այս հարցերի համատեքստում հարաբերությունները հստակեցնենք, կարող եմ երաշխավորել, որ երբևէ մեր հարաբերություններում որևէ կնճիռ չի լինի: Մեզ պետք չեն ֆորմալ կարգավիճակներ, մեզ պետք են փոխադարձ պարտավորություններ և դրանց լիարժեք իրականացում»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:




Լրահոս