Քարոզարշավի վերջին օրն ու տարբեր հարցումները. ինչ սպասել կիրակի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության վերջին օրն է: Սակայն այսօր նաեւ 1988 թվականի Սպիտակի ու Գյումրու ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցն է: Եվ ինչպես նախկինում գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները լինելու են Շիրակի եւ Լոռու մարզերում, սակայն ոչ թե քարոզչություն անելու, այլ հարգելու նպատակով երկրաշարժի զոհերի հիշատակը: Ըստ էության, նախընտրական քարոզարշավը կարելի է համարել ավարտված, քանի որ, օրվա խորհրդով պայմանավորված, քաղաքական ուժերը` առանցքային դերակատարները, մեծ հանդիպումներ չեն անցկացնի:

Եթե փորձենք ամփոփել նախընտրական քարոզարշավը, ապա կարող ենք արձանագրել ստանդարտ քարոզարշավ, ինչպիսին եղել է նախկինում` մեծ ու փոքր հանրահավաքներ, ընտրողների հետ ռեյտինգային թեկնածուների հանդիպումներ: Հիմնական «փոխհրաձգությունը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի եւ ՀՀԿ-ի միջեւ էր, թեեւ մի քանի կարճ փոխհրաձգություններ եղան Նիկոլ Փաշինյանի ու ՀՅԴ-ի, Նիկոլ Փաշինյանի ու «Սասնա ծռերի» միջեւ: ԲՀԿ-ն իր ոճի մեջ էր. Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հանրահավաքներ էին անցկացվում մարզկենտրոններում, հիմնականում` մարդաշատ: ՀՅԴ-ն նույնպես հանդիպումների առումով պասիվ չէր, բայց եւ շռնդալից չէր նրանց գործունեությունը, հանդիպումներն էլ սակավամարդ էին:

Իհարկե, քարոզարշավի ընթացքին հետաքրքրություն մտցրեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը, ով անձամբ այցելում էր բնակարաններ, երթեւեկում հասարակական տրանսպորտով, եւ նաեւ «ՔՈ» կուսակցությունը, ում խորհրդանիշը մանդարինն էր, եւ քարոզչություն էին անում` հենց այդ միրգը բաժանելով:

Մյուս ուժերի պարագայում ստանդարտ քարոզչություն էր, դե իսկ զանգվածային միջոցառումների առումով ամենապասիվը ՀՀԿ-ն էր, որն իշխանության տարիներին, ընդհակառակը, ամենաակտիվն էր: Այս կուսակցության անդամներից թերեւս միայն Լոռու մարզից առաջադրված վարկանիշային թեկնածու Էդուարդ Շարմազանովին կարելի էր տեսնել ժողովրդի մեջ խոսելիս, քարոզչություն անելիս, այն էլ` իրենց տարածաշրջանի գյուղերում: Մյուսները գերադասում էին սոցիալական կայքերում, տեսաուղերձների, գովազդների, հարցազրույցների միջոցով արտահայտվել` միաժամանակ չմոռանալով ամեն երկրորդ նախադասությունը խոսել իբր վախի մթնոլորտի, իբր իրենց կողմնակիցներին հալածելու մասին: Եվ բնական է, որ կուսակցությունից միայն մի քանի հոգի այս ընթացքում ընդգծվեցին հենց այդպիսի քարոզչության պատճառով: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ ՀՀԿ վարկանիշային թեկնածուների մեծ մասը ցանկացել է ինքնաբացարկներ հայտնել, սակայն ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը խնդրել է այդպես չվարվել եւ թեկուզ քարոզարշավ չիրականացնել, նստել տանը, սակայն ինքնաբացարկ չհայտնել: ԵՎ ՀՀԿ-ականների պասիվությունը պայմանավորված է ոչ միայն ժողովրդի վստահությունը չունենալու, այլ հենց վերը նշված պատճառով:

Ինչպես քարոզարշավի սկզբի օրերին, այնպես էլ ամբողջ ընթացքում, բացի «Իմ քայլը» դաշինքից, մյուս բոլոր ուժերը քարոզարշավ են իրականացրել երկրորդ տեղը զբաղեցնելու միտումով: Եվ ամբողջ քարոզարշավի ժամանակ` խոսքերի եւ ելույթների ընթացքում եւս «Լուսավոր Հայաստան», «Մենք», ԲՀԿ, «Սասնա Ծռեր» ուժերը խոսում էին հենց այդ մասին: ՀՀԿ-ն թեեւ որեւէ տեղի մասին չի խոսում, սակայն կարեւորում են հենց իրենց պես ընդդիմության ներկայացվածությունը խորհրդարանում:
Եվ ահա այս ընթացքում` հատկապես դեկտեմբերի 1-4-ն ընկած ժամանակահատվածում, անցկացվել են բազմապիսի սոցիոլոգիական հարցումներ: Պատկերը հիմնականում նույնն է` առաջին տեղում «Իմ քայլը» դաշինքը, երկրորդ տեղում` «ԲՀԿ-ն», երրորդ տեղում` «Լուսավոր Հայաստանը»: Իհարկե, Հայաստանում սոցիոլոգիական հարցումներին վաղուց ի վեր որեւէ մեկը չի հավատում, բայց դե նախընտրական այս շրջանում ոմանք փորձում են իրենց ծառայությունները մատուցել:

Մինչ այդ նկատենք, որ անկախ այդ հարցումների արդյունքներից` վերջին օրերին եղել են իրադարձություններ, որոնք կարող են ազդեցություն ունենալ քաղաքացիների տրամադրության վրա: Օրինակ` հարցումներից հետո տեղի ունեցավ նախօրեի բանավեճը` առաջին դեմքերի մասնակցությամբ: Չնայած իրականում դա ավելի շատ բանավեճ էր միայն Վիգեն Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, սակայն հետաքրքիր դրվագներ, խոսքեր եղան, որոնք կարող են ազդեցություն ունենալ: Դրան զուգահեռ նաեւ տեղի է ունեցել ՀՀԿ երրորդ համար Դավիթ Շահնազարյանի հայտարարություններն ու դրա հետեւանքները, երբ նրան իր հայտարարությունների համար նաեւ ԱԱԾ հրավիրեցին: Նաեւ եղավ սեպտեմբերին հրապարակված ԱԱԾ տնօրեն-ՀՔԾ պետ գաղտնալսման շարունակության հրապարակումը, որը հենց տեղի ունեցավ մեծ բանավեճից ժամեր առաջ:

Սակայն այս ամենը եղավ ոչ թե ի վնաս «Իմ քայլը» դաշինքի, ինչպես կցանկանային նրա ընդդիմախոսները, այլ ի օգուտ նրա: Եվ թե՛ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունները, թե՛ գաղտնալսման հրապարակումը, թեեւ կարող էին վնաս հասցնել Նիկոլ Փաշինյանին, սակայն հակառակ էֆեկտն ունեցան եւ պատճառ դարձան հանրային մոբիլիզացիայի եւ ՀՀԿ-ականների մերժման:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս