Քանաքեռում երկու եղբայրների դանակահարության համար մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում դիտավորությամբ ուրիշի կյանքին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2018թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 00:05-ին, «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից ահազանգ էր ստացվել առ այն, որ «աջ ստորին վերջույթի հետին մակերեսի ծակած-կտրած վերքեր, աջից հարողնաշարային շրջանի վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ ընդունվել է երիտասարդ՝ ծնված 1992 թվականին: Նույն օրը՝ ժամը 00:10-ին, ևս մեկ ահազանգ էլ ստացվել էր «Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ» ԲԿ-ից այն մասին, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերքեր, հեմորագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1995 թվականին ծնված երիտասարդ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ նույն օրը «Միքայելյանի անվան» բ/կ է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 1985 թվականին ծնված երիտասարդ՝ «քթի, գլխի երկու ծնկների վնասվածքներով», «Քանաքեռ-Զեյթուն» բ/կ է տեղափոխվել 1980 թվականին ծնված երիտասարդ՝ «ձախ վերհոնքային շրջանի սալջարդ, վերին կոպի հեմատոմա» ախտորոշմամբ, իսկ ժամը 02:40-ին կրկին «Քանաքեռ-Զեյթուն» բ/կ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել 1972 թվականին ծնված տղամարդ՝ «գանգուղեղային տրավմա և պոլիտրավմա» ախտորոշմամբ:

Իրականացված մեծածավալ քննչական-օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ նշված անձինք վնասվածքներն ստացել են նույն օրը նույն վայրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Պարզվել էր նաև, որ վնասվածքներ ստացած երիտասարդները եղբայրներ են: Վերջիններս և հիվանդանոց տեղափոխված երիտասարդներից ևս մեկը ճանաչվել են տուժող:

Նախաքննության ընթացքում տվյալներ էին ձեռք բերվել՝ վիճաբանության շարժառիթի, միջադեպին ներկա գտնված անձանց, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1992 թվականին:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:




Լրահոս