Դեկտեմբերի 4-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարեւանությամբ: ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվել էին երկու օդաչուները: «Ժողովուրդ» օրաթերթին փաստի առթիվ տարվող քննությունից որոշ մանրամասաներ են հայտնի դարձել: Մասնավորապես, իրավապահները առգրավել են դիսպետչերական կետի ձայնագրությունը, որտեղ առկա է օդաչուների վերջին խոսակցությունը:
Նախնական տվյալներով` մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 4-ին` ժամը 10.20-ի սահմաններում, Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարեւանությամբ: Ավիապատահարի հետևանքով զոհվել են առաջին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը եւ 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գեւորգի Մանուկյանը:
Ինչպես հայտնի է, դեպքից անմիջապես հետո ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի (Թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:
Մասնավորապես, Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում պարզելու ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման պատճառները:
Մեզ հասած տեղեկություններով` նախաքննական մարմինը պաշտպանության նախարարությունից վերցրել է դիսպետչերական կետի ձայնագրությունները, թե ինչ են խոսել օդաչուները դիսպետչերական կետի անձնակազմի հետ: Մեզ հայտնի է օդաչուների վերջին խոսակցությունը: Այդ օրը` 10:00-ի սահմաններում, օդաչուներից մեկը կապ է հաստատել դիսպետչերական կետի անձնակազմի հետ եւ հայտնել, թե եղանակային պայմանները լավը չեն: Ավելի ուշ կրկին օդաչուներից մեկը կապ է հաստատել դիսպետչերականն կետ եւ կրկնել, որ եղանակը շատ վատ է, եւ իրենք հետ են վերադառնում:Այս հայտարարությունից մի քանի րոպե անց դիսպետչերական կետը փորձել է կապ հաստատել օդաչուների հետ հասկանալու համար, թե ինչ որոշում կայացրին` հետ են վերադառնում, թե ոչ: Սակայն վերջիններս որեւէ կերպ չեն երեւացել տեսադաշտում եւ առհասարակ կապի դուրս չեն եկել:
Սակայն կատարված դեպքը իրավապահների մոտ մի շարք հարցականներ է առաջ քաշե:լ «Ժողովուրդ» օրաթերթին քննությունից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ իրավապահները այս օրերին կոնկրետ հարցադրումներ են արել ՀՀ Զինված ուժերին, թե ինչ պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք էր այդ թռիչքը, արդյոք օդաչուները համապատասխան առողջական ստուգում անցել են, թե ոչ: Ավելին` այս եւ այլ հարցադրումներից բացի իրավապահները կոնկրետ Զինված ուժերին հարց են ուղղել` արդյոք մինչ թռիչքը զորավարժության պատասխանատուները չեն տեսել կամ հաշվի չեն առել եղանակային պայմաննները, որ ինքնաթիռին թույլտվություն են տվել թռիչք կատարել:
Ի դեպ, մարզում տարածված լուրերի համաձայն` միգուցե ինքնաթիռի ուղղությամբ կրակոցներ են եղել, որի հետեւանքով այն վթարի է ենթարկվել, սակայն մեզ հայտնի դարձավ, որ նման բան չկա, իրավապահները պարզել են, որ ինքնաթիռը պայթել է ժայռին հարվածելու հետեւանքով, ասել է թե` նա վայր է ընկել եւ դրա հետեւանքով է պայթել :
Քնար Մանուկյան