Երեկ համառ լուրեր էին շրջանառվում, թե ՊԵԿ-ը օրենսդրական նախագիծ է ներկայացրել ֆիզիկական անձանց, այդ թվում` արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին հարկելու մասին, եւ որ արդյունքում պահումներ կարվեն Հայաստան մասնավոր դրամական փոխանցումներից: Այս թեման ՀՀԿ-ականների թեթեւ ձեռքով դարձավ հասարակական-քաղաքական շրջանակների քննարկումների առաջնային թեման: Նախկին իշխանության ներկայացուցիչներն անմիջապես փորձեցին սա ներկայացնել Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից ժողովրդի դեմ ուղղված դավադրություն: Իհարկե, շատ կարճ ժամանակ անց պարզվեց՝ ՊԵԿ-ը որեւէ նման նախագիծ չի ներկայացրել: Ընդամենը խոսվում է ՀՀ քաղաքացիների եկամուտների համատարած հայտարարագրման, այդպես ստվերային եկամուտները բացահայտելու հեռանկարների մասին, եւ որ այդ ամենը չի առնչվում արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների փոխանցած գումարներին: «Ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման թեման լայնորեն քննարկվում է ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում: ՊԵԿ-ը անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նախքան նախագծի ներդրումը այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական եւ բացասական կողմերը: Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որեւէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ»,- երեկ հաղորդագրություն տարածեց ՊԵԿ-ը: ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ հայտարարել է, թե եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը հանրության կողմից սխալ է ընկալվել:
Երեկվա աժիոտաժն ուշագրավ է մեկ այլ առումով. տպավորություն էր, որ սա ԱԺ ընտրություններից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ կազմակերպված սադրանք էր կառավարության դեմ դժգոհություն հարուցելու համար: Ու եթե այս թեման շահարկելու հարցում ՀՀԿ-ականների շահագրգռվածությունը պարզ էր, ապա անհասկանալի է՝ իշխանության ներսից ովքեր են այս թեման հրապարակ նետել:
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի խնդրի շուրջ կրքերը ոչ միայն չեն հանդարտվում, այլեւ որքան մոտենում է դեկտեմբերի 6-ը, երբ կրկին պետք է հանդիպեն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները, այնքան ստեղծված ճգնաժամն ավելի է խորանում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` չի բացառվում, որ դեկտեմբերի 6-ին հարցը կրկին չկարգավորվի, այլ փորձեն ՀԱՊԿ-ում ժամանակ ձգել, մինչեւ 2020 թվականը՝ Հայաստանին հատկացված ժամկետի ավարտը: Ամեն դեպքում, այս հարցում վճռորոշ է լինելու ՌԴ-ի ձայնը: Մինչ այդ, հիշեցնենք, որ իրավիճակն ավելի սրվեց այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն իրենց երկրում Ադրբեջանի դեսպանին ներկայացրել էր ՀԱՊԿ նիստի մանրամասները: Սա հարուցել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունը, եւ նա հայտարարել էր, թե բացատրություններ է պահանջելու Լուկաշենկոյից: Երեկ Լուկաշենկոն Բաքու այցի ժամանակ հայտարարել է, թե Ադրբեջանի հետ իրենց համագործակցությունը որեւէ երրորդ երկրի դեմ ուղղված չէ:
ՀՀ Քննչական կոմիտեն պատրաստվում է առաջիկայում կարճել փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում կոյուղաջրերի պատճառով տեղի ունեցած հայտնի միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի ավագանու արդեն նախկին անդամ Մարինա Խաչատրյանը, ում հարվածել էին ՀՀԿ-ականները, ետ է վերցրել իր բողոքը: Մինչդեռ միջադեպից հետո Խաչատրյանը պնդում էր, թե ՀՀԿ-ականներն իր նկատմամբ սեռական ոտնձգություն են իրականացրել: Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է բողոքը ետ վերցնելու մասին լուրերը` ասելով, թե մեկուկես ամիս առաջ է այդ քայլին դիմել: «Ինչ վերաբերում իմ մոտեցման փոփոխությանը, ես կարծրատիպերով ապրող մարդ չեմ եւ գտնում եմ, որ մենք դինամիկ պետք է լինենք եւ չպետք է թշնամի դարձնենք մեր հայրենակիցներին»,- ասել է նա:
«Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վերաբերյալ: Հիշեցնենք` դրա արդյունքում 4 զինվոր մահացավ: Կատարվածի առթիվ նշանակվել է փորձաքննություն պարզելու համար, թե արդյոք մեքենան շահագործելուց եղել է սարքին: Եւ ահա մեր տեղեկություններով` դեպքից 6 ամիս առաջ ՀՀ ՊՆ N զորամասի ղեկավար կազմը տեղյակ է եղել, որ մեքենան անսարք վիճակում է: ՌՈ-ն ստուգել է մեքենան եւ անսարքություն է հայտնաբերել, որից հետո զորամասի ղեկավար կազմին հանձնարարական է տվել մեքենայի խնդիրը կարգավորելու, անսարքությունը վերացնելու, արդյունքները ՌՈ-ին հայտնելու եւ իրենց թույլատրությունը ստանալուց հետո շահագործելու մասին: Ու հիմա ենթադրություններ կան՝ կա՛մ մեքենան կարգի չեն բերել, կա՛մ կարգի բերելուց հետո այն արագ շարքից դուրս է եկել: Բայց բոլոր դեպքերում այն առանց Ռազմական ոստիկանությանը ներկայացնելու շահագործման են հանձնել:
ԷԼԻ ԷԻՆ ԽՈՍՏԱՑԵԼ
Խոսելով նախկինում իրենց կատարած սխալների մասին` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կրկնել է նախորդ շաբաթ հայտնած միտքը` ՀՅԴ-ն այլեւս չպետք է մաս կազմի այնպիսի կոալիցիայի, որում չունի որոշիչ ձայն: «Շատ խնդիրներ չեն լուծվել հենց այս պատճառով: Կոալիցիոն գործընկերները գործել են իրենց հայեցողությամբ»,- երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է Ռուստամյանը: Միաժամանակ, նա, որպես օրինակ, մատնանշել է 2003թ. իրենց ջանքերով ընդունված օրենքը, որ ՀՀ սոցիալական քաղաքականությունը հիմքում ընդունում է կենսաապահովման զամբյուղը, բայց դրա բաղադրությունը եւ մնացած խնդիրները պետք է լուծեր կառավարությունը: Եւ Ռուստամյանն ավելացրել է` քանի որ ՀՅԴ-ն չուներ վճռական ձայնի իրավունք, այդ խնդիրն այդպես էլ մնացել է չլուծված:
Լավ է, երբ ՀՅԴ ներկայացուցիչները որոշել են վերանայել անցյալում իրենց կատարած քայլերն ու խոստովանել սխալները: Սակայն Ռուստամյանի այս «խոստովանությունը» շատ արհեստական է: Եվ հետո` պարզվում է` ՀՅԴ-ն Արմեն Ռուստամյանի միջոցով նման «սպառնալիք» հնչեցրել է նաեւ նախկինում, բայց այդպես էլ տեր չեն կանգնել իրենց խոստմանը: Մասնավորապես, 2007թ. ԱԺ ընտրություններից հետո` մայիսի 16-ի ասուլիսին, Արմեն Ռուստամյանն ասել էր, թե իրենց կուսակցությունը կառավարության սիմվոլիկ մաս չի կազմի: «ԱԺ-ում ստեղծվել է փաստացի մեծամասնություն, եւ այնպիսի մեծամասնություն, որ հնարավոր է կարողանա միանձնյա ձեւավորել կառավարություն… Ինչ վերաբերում է հնարավոր կոալիցիա ձեւավորել-չձեւավորելու խնդիրներին, մեզ այդպիսի առաջարկություն չի եղել, եւ չենք էլ կարծում, որ ԱԺ-ի այս պատկերը այդպիսի առաջարկության տեղ թողնում է: «Դաշնակցությունը» կառավարության սիմվոլիկ մաս չի կազմի: Մենք դեմ ենք կառավարությունում ձեւական պաշտոնների»,- ասել էր Ռուստամյանը:
Բայց այդ հայտարարությունից մեկ տարի չանցած` ՀՅԴ-ն ՀՀԿ-ի (նաեւ ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի) հետ կոալիցիա կազմեց, այն էլ` մարտիմեկյան իրադարձություններից հետո: Ու կոալիցիա կազմեց մի իրավիճակում, երբ իրենց ներկայությունն իրոք սիմվոլիկ էր. ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն էր: Նույնը նաեւ 2016-2017թթ կազմած կոալիցիայի դեպքում էր, երբ ՀՀԿ-ն կրկին բացարձակ մեծամասնություն էր, այն էլ` ավելի լայն ներգրավվածությամբ:
Այնպես որ, ՀՅԴ-ականների հայտարարությունները մի տեսակ լուրջ չեն հնչում, երբ հայտարարում են մի բան, հետո անում հակառակը: