«Ժողովուրդ» օրաթերթը խորհրդարանական ընտրությունների մասին խոսել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության շտաբի պետ Դավիթ Խաժակյանի հետ:
-Պարո՛ն Խաժակյան, ի՞նչ սկզբունքով են կազմվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակները:
-Մեր ցուցակը, ըստ էության, բաղկացած է երկու մասից` կուսակցականներից եւ անկուսակցականներից: «Լուսավոր Հայաստանի» ստեղծման օրվանից մենք ունեցել ենք «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը, ինչը նշանակում է, որ այն անդամները, որոնք իրենց ջանքն են ներդնում կուսակցության համար, պետք է գնահատված լինեն: Դա որոշվում է կուսակցության կառավարման խորհրդի կողմից եւ ձեւավորվում է որոշակի հաջորդականություն: Այդ հաջորդականության մեջ ներառվում են նաեւ մարզային կառույցները: Ճիշտ չէր լինի, որ խորհուրդը, որը գործում է Երեւանում, ամբողջությամբ զբաղեցներ առաջնային տեղերը: Ցուցակում ներառված են այն անկուսակցականները, որոնք մեզ հետ են եղել երկար ժամանակ եւ աջակցել են մեզ: Ցուցակի տասնյակում փորձել ենք ներառել պետական կառավարման առանցքային ոլորտներին տիրապետելու հմտություններ ունեցող անձանց: Չեմ խոսի քաղաքական ներկայացուցիչների մասին, որովհետեւ թե՛ Էդմոն Մարուքյանի, թե՛ Մանե Թանդիլյանի, թե՛ Գեւորգ Գորգիսյանի մասնագիտական ճանապարհին բոլորն են ծանոթ: Մենք ունեք փայլուն իրավագետ, փաստաբան, ֆինանսիստ, տնտեսագետ եւ շատ այլ իրենց ոլորտին տիրապետող լավ մասնագետներ:
-Պարոն Մարուքյանը` որպես ցուցակի առաջին համար, մասնակցելո՞ւ է ամբողջ քարոզարշավին:
-Պարոն Մարուքյանը առաջնորդելու է քարոզարշավը, շրջելու է մարզերով, շրջելու է Երեւանում:
-Բոլոր մարզերում լինելո՞ւ եք:
-Անպայման:
-Ինչպե՞ս եք պատրաստվում քարոզարշավ իրականացնել` հաշվի առնելով եղանակային վատ պայմանները:
-Եղանակային պայմանները իրոք լուրջ խոչընդոտ են, բայց մենք դրանք հաշվարկել ենք: Այս պահին չեմ ցանկանա մանրամասնել, բայց ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ փորձել ենք կոմպենսացնել այդ բարդությունները:
-Պարոն Մարուքյանը առանձին շեշտելո՞ւ է, թե ռեյտինգային որ թեկնածուներին է սատարելու:
-Ոչ, նման բան չի լինելու: Ամենափոքր տարածքում հինգ հոգանոց ցուցակ ունենք, ունենք նաեւ 15 հոգանոց ցուցակներ: Պարոն Մարուքյանը, լինելով կուսակցության առաջնորդը, որեւէ թեկնածուի այդ առումով առավելություն չի տա. բոլորը կլինեն հավասար մրցակցային պայմաններում:
-Ռեյտինգային ընտրակարգը ստիպում է, որ նույն քաղաքական ուժը ներկայացնող թեկնածուները մրցեն իրար հետ: Թեկնածուների մեջ կռիվները կանխելու համար ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:
-Այդ տարածքային մրցակցությունը պարզապես համարում ենք եղած իրողություն եւ մեր թեկնածուներին էլ ասում ենք, որ իրենք ոչ թե պայքարում են իրար դեմ, այլ պայքարում են, որ առավելագույն ձայներ ստանան: Մեր հորդորը նրանց եղել է իրենց քայլերը կոորդինացնել միմյանց հետ եւ այնպիսի քարոզարշավ իրականացնել, որ մեկը մյուսին չխանգարի:
-Պարոն Մարուքյանը հայտարարեց, որ չի տեսնում համագործակցություն իշխող կուսակցության հետ: Այսինքն` բացառապես ընդդիմություն լինելու համա՞ր եք գնում խորհրդարան եւ բացառո՞ւմ եք, որ երբեւէ կլինեք իշխանության մաս:
-Մինչեւ ընտրությունների արդյունքների ներկայացումը վաղ է խոսել իշխանություն եւ ընդդիմություն լինելու մասին, բայց ասել ենք, որ եթե մենք ԱԺ-ում չունենանք մեծամասնություն, ինչը բնական է այս իրավիճակում, մենք չենք կազմելու կառավարության մաս, մենք չենք լինելու կցորդ իշխանությանը եւ, առավել եւս, որպես ընդդիմություն չենք լինելու այդպիսին:
-Հաշվի առնելով ներկայիս քաղաքական իրավիճակը` ո՞ր երեք ուժերը կլինեն ԱԺ-ում:
-Թույլ տվեք կանխատեսումներ չանել: Միայն մի բան գիտեմ` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լինելու է երկրորդ տեղում:
-Վստա՞հ եք:
-Միանշանակ:
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՈՂՔԻՑ ՔԱՅԼԵԼՆ Է
Ինչպես հայտնի է, Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանը «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու: «Ժողովուրդ» օրաթերթը այս, ինչպես նաեւ քարոզարշավի ընթացքի մասին զրուցել է պատգամավորի թեկնածու Նարեկ Գրիգորյանի հետ:
-Պարո՛ն Գրիգորյան, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել:
-Ես այս ուժի հետ երկար ճանապարհ եմ անցել: Առաջարկը եղավ, ես էլ որոշեցի առաջադրվել: Ավելի ճիշտ, միասնական որոշեցինք, որ պետք է առաջադրվեմ:
-Ի՞նչ պահանջով եք առաջադրվել:
-Որպես էդպիսին, պահանջ չի եղել: Պարզապես հիմա ինձ տեսնում եմ խորհրդարանում:
-Որքա՞ն քվեի ակնկալիք ունեք:
-Չեմ ուզում թվերով խոսել այդ մասին, որքան որ կկամենա ժողովուրդը: Ուղղակի ակնկալում եմ բնակչության մեծ մասի աջակցությունը:
-Ինչպե՞ս եք քարոզարշավ անցկացնելու: Ի՞նչ մարտավարություն է կիրառվելու:
-Քարոզարշավի ժամանակ ներկայացնելու եմ «Իմ քայլը» դաշինքի ծրագիրը, խոսելու եմ ընդհանուր ծրագրերի մասին: Բնականաբար, կբաժանվեն նախընտրական բուկլետներ:
-Քայլարշավ իրականացնելո՞ւ եք:
-Այո, քայլելու եմ, շփվելու եմ բնակչության հետ: Քայլերթը սկսելու եմ Ճամբարակից: Ամեն համայնքում մի քանի կիլոմետր քայլելով կիրականացնեմ քարոզարշավը: Մարդկանց չեմ հավաքելու մի տեղում, այսինքն` հանրահավաք կամ դրա նման բան չի լինելու:
-Ինչո՞ւ:
-Որովհետեւ քարոզարշավի լավագույն տարբերակը մարդկանց հետ, մարդկանց կողքին քայլելն է: Կոչ եմ անելու, որ քվեարկեն «Իմ քայլը» դաշինքի օգտին, սակայն մի կարեւոր բան եմ ուզում նշել. այս ամենը անելով` ոչ ոքի չեմ խանգարելու, ոչ մի այլ ուժի թեկնածուի չեմ փորձելու խանգարել: Ընդամենը ամեն ինչ անելու եմ, որ լավագույնս ներկայացնեմ մեր դաշինքի ծրագիրը:
-Քանի որ դուք հիմա փոխմարզպետ եք, հնարավո՞ր է` վարչական լծակների կիրառում լինի:
-Համենայնդեպս, բոլորն էլ գիտեն, որ իմ կողմից հաստատ չի լինելու: Վարչապետն էլ շատ հստակ խոսել է այդ մասին եւ ասել, որ նման բաները պետք է բացառվեն: Մենք ի վերջո դրա դեմ ենք պայքարել: Հետո մի բան ասեմ. վարչական լծակ կիրառելը պիտի լինի էսպես. մենք պիտի ասենք համայնքապետերին, համայնքապետերն էլ պիտի գնան ժողովրդին դիմեն չէ՞: Դե մենք էլ այդ ենք անում, ներկայացնում ենք մեր ծրագրերը, դիմում ենք ժողովրդին, որ մեզ ընտրեն:
-Իսկ վերահսկո՞ւմ եք, որ բացառվի այդ երեւույթը:
-Վերահսկողության իրականացումը կախված է բոլոր պատգամավորի թեկնածուներից: Բոլորս միասին պետք է քայլեր ձեռնարկենք, որ լծակների կիրառումը բացառվի: Անձամբ ես ամեն բան անելու եմ դրա համար, նաեւ նրա համար որ մեր քաղաքական ուժին` «Իմ քայլը» դաշինքին, այդպիսի բաների մեջ չմեղադրեն:
-Դուք Նորատուսից եք, որտեղ, ինչպես հայտնի է, մեծ մասը զբաղվում է ձուկ վաճառելով: Դուք դրանով զբաղվե՞լ եք: Ընդհանրապես, ինչո՞վ եք զբաղվել մինչ փոխմարզպետ դառնալը:
-Այո: Ես չեմ ժխտում, զբաղվել եմ այդ գործով: Գաղտնիք չէ, որ նախկին իշխանությունների ժամանակ գիտելիքները այդքան էլ կարեւոր չէին, եթե չունեիր խնամի, ծանոթ, բարեկամ: Իմ ընտանիքն էլ հարուստ ընտանիք չի եղել, եւ բնական է` դժվարացել է հոգալ ուսանողի հոգսերը: Ուսանողության տարիներին գումար չեմ ունեցել, որ Երեւան գնամ, եւ շատ այդպիսի գործեր եմ արել, զբաղվել եմ տաժանակիր աշխատանքով: Մինչեւ փոխմարզպետ լինելս եղել եմ ավագանու անդամ: Ուզում եմ նշել, որ միակ ընդդիմադիր թեկնածուն եմ եղել, որը շատ բարձր ձայներով է ընտրվել ավագանու անդամ: Քանի որ նորմալ աշխատանք չեմ գտել, զբաղվել եմ առեւտրով:
Նյութերը՝ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻ
ԱՐՏԱԲՅՈՒՋԵՆԵՐՈՎ
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը երեկ կառավարության նիստին անդրադարձել է արտաբյուջեների հավերժական հարցին` նշելով, որ պետք է գնալ դրանց վերացման ճանապարհով. «Մեր Կառավարությունը եւ նախարարությունները, Պետեկամուտների կոմիտեն եւ մնացյալ մարմինները պիտի հստակ հասկանան` արտաբյուջեներով ոչ թափանցիկ, զանազան հոսքերի կառավարում չի լինելու»: Նշենք, որ արտաբյուջեների թեման հավերժական խնդիր է, մշտապես հանդիսացել է ընդդիմության քննարկումների նյութ: Մասնավորապես, նրանք վստահ են եղել, որ արտաբյուջետային գումարները ոչ թափանցիկ են հավաքագրվում եւ ծախսվում: Այս թեմային պարբերաբար անդրադարձել է նաեւ ՀՀ վերահսկիչ պալատը` տարբեր բացահայտումներ անելով:
ԱՎԱԳԱՆՈՒՑ ԱՌԱՋ
Նախօրեին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, թե իրենք ունեցել են հնարավորություն ներկայացված լինելու «Իմ քայլը» դաշինքի մեջ, սակայն մերժել են: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը հայտարարել է, թե ԼՀԿ-ին «Իմ քայլը» դաշինք հրավեր եղել է Երեւանի ավագանու ընտրություններից առաջ: «Բոլորն էլ գիտեին` ավագանու ընտրություններից առաջ նման քննարկումներ եղել են»,- ասել է նա։ Հարցին` ՔՊ-ի կողմից ԱԺ ընտրություններին միասին մասնակցելու առաջարկ եղե՞լ է, Կոստանյանը բացասական պատասխան տվեց։
ՀԻՆԳՇԱԲԹԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Հինգշաբթի դատական համակարգում թեժ է լինելու: Այդ օրը ընտրելու են սնանկության գործով դատարանի նախագահ: Ինչպես հայտնի է, 2019թ. հունվարի 1-ից կգործի Սնանկության գործերով դատարանը: Ու մինչ այն կձեւավորվի, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ դատական համակարգում քննարկում են նաեւ նորաստեղծ դատարանի նախագահի թեկնածուին: Ամենահավանական թեկնածուները երկուսն են՝ Արթուր Աթաբեկյանը եւ Գարիկ Ավագյանը: Մեր աղբյուրները, սակայն, պնդում են, որ վերոնշյալ թեկնածուների մասով դատավորներից շատերն առարկություն ունեն, եւ ամեն կերպ փորձելու են խոչընդոտել նրանց ընտրությանը: Իսկ թե ինչով կավարտվի կռիվը, կապրենք, կտեսնենք:
ԶԵՆՔ` ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻՆ
Դատական կարգադրիչները առաջիկայում զենք կստանան. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատական կարգադրիչներին կտրամադրվի թվով 179 զենք: Ինչպես հայտնի է, դատական կարգադրիչներին հատկացվող զենքի տեսակը, ձեւը, մոդելը եւ քանակը, հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաեւ զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկը սահմանում է ՀՀ կառավարությունը: Ու սահմանվելու է, որ զենք կստանան ծառայության պետեր, բաժնի պետեր, պետի տեղակալներ, արագ արձագանքման եւ վերլուծական բաժնի գլխավոր մասնագետներ, ավագ դատական կարգադրիչ եւ այլք: