ՀԱՊԿ-ՈՒՄ ԿՓՈՐՁԵՆ ԺԱՄԱՆԱԿ ՁԳԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի խնդրի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Ավելին, որքան մոտենում է դեկտեմբերի 6-ը, երբ կրկին պետք է հանդիպեն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները, այնքան ստեղծված ճգնաժամն ավելի է խորանում:

Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ ՀԱՊԿ ներքին գործերին սկսեց խառնվել, ըստ էության, կազմակերպության անդամ երկիր չհանդիսացող պետության ղեկավար. խոսքն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասին է: Նա, օգտագործելով իր հնարավորությունները, բացահայտ միջամտում է ՀԱՊԿ-ի ներքին գործերին, եւ սխալված չենք լինի, եթե ասենք, որ հեռահար նպատակն է խոչընդոտել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակմանը. Ալիեւն այս հարցում իր անհանգստությունը չէր թաքցրել նաեւ հրապարակային ելույթներում:
Եւ այսպես, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 12-ին հանդիպել էր Բելառուսում Ադրբեջանի դեսպանին եւ, ոչ ավել, ոչ պակաս, նրան զեկուցել եւ ներկայացրել այն իրավիճակը, որն առկա է ՀԱՊԿ-ում, մանրամասներ է հայտնել նիստի ընթացքից: Իր հերթին էլ Ալիեւն ընդունել է Բելառուսի դեսպանին եւ կարծես թե մանրամասներ է պատմել ՀԱՊԿ-ի վերջին նիստին տեղի ունեցած քննարկումների մասին։ Ընդ որում, Ալիեւն էլ ակնհայտ հայտարարել է, թե Ադրբեջանի համար միեւնույն չէ, թե որ երկրի ներկայացուցիչը պետք է զբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Ստացվում է` ՀԱՊԿ անդամ պետության ղեկավարը Աստանայում տեղի ունեցած փակ քննարկման մանրամասները պատմել է ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանի դեսպանին։ Ու սա այն դեպքում, երբ ՀԱՊԿ կանոնադրության մեջ արձանագրված է նաեւ ինֆորմացիոն անվտանգության պահպանության հարցը: Կանոնակարգով սահմանված է, թե ինչ է լինում գաղտնի տեղեկատվության արտահոսքի պարագայում: «Այն անձը, որը թույլ է տվել գաղտնի տեղեկատվության չարտոնված արտահոսք, նման խախտում թույլ տալու դեպքում, ամեն դեպքում, գտնվում են այն պետության իրավասության ներքո, որի քաղաքացին է համարվում: Գաղտնի տեղեկատվության անօրինական տարածման փաստի հայտնաբերման դեպքում իրավասու մարմինները խորհրդակցություններ են անցկացնում, վարում են դրանք կողմերի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան, տեղեկացնում են միմյանց արդյունքների մասին», – նշված է հոդվածում: Սակայն, ըստ էության, ոչ մի ընթացք չի տրվել Բելառուսի նախագահի նման պահվածքին:
Բայց թե՛ Լուկաշենկոն, թե՛ Նազարբաեւը ստացան իրենց պատասխանները ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից, սակայն դրանից երեւույթը չի փոխվում:
Երեկ այս կառույցի համատեքստում կրկին հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան: Նախ` Գեղարքունիքի մարզում խոսել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու անդրադարձել Բելառուսի արտաքին գործերի նախարարության` իրեն ուղղված պատասխանին: «Ինչ վերաբերում է Բելառուսին, ասեմ, որ, կարծում եմ՝ մեր միջազգային բոլոր գործընկերները պետք է արձանագրեն մի բան՝ այնպիսի հարաբերություններ, ինչպիսին սովոր են տեսել, այդպիսի հարաբերություններ ՀՀ-ի հետ չեն լինելու, այսինքն՝ մենք համակերպվողի դերում չենք լինելու։ Այնպիսի տպավորություն է, որ իներցիայով շատ շատերը փորձ են անում մեզ վերաբերվել որպես փոքր երկրի, փոքր ժողովրդի, բայց պարզ ասում եմ՝ չի անցնելու, որովհետեւ հնարավոր է, որ մենք փոքրաթիվ ժողովուրդ ենք, բայց փոքր ժողովուրդ չենք»։
Դրա հետ մեկտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ աշխատանքային այցով եղել է Բելառուսում եւ հանդիպել Ալեքսանդր Լուկաշենկոյին, սակայն հետաքրքիր է, որ Բելառուսի նախագահի պաշտոնական կայքի կողմից տարածված ծավալուն հաղորդագրության մեջ Հայաստանի հետ հարցերի մասին ոչինչ առկա չէ, սակայն Լուկաշենկոյի խոսքերից որեւէ բան կարելի է հասկանալ: Հաղորդագրության մեջ մասնավորապես առկա էր այսպիսի հատված. «Մենք երբեք չենք համագործակցում ինչ-որ երկրների դեմ: Մենք ամեն ինչ անում ենք մեր ազգերի բարօրության համար: Փակ եւ գաղտնի թեմաներ չկան եւ երբեք չեն լինի: Մենք բաց եւ անկեղծ ենք ամբողջ աշխարհի համար», – նշել էր Լուկաշենկոն: Ասել է թե` նա փորձել է ՀՀ-ին ուղերձ հղել, որ տեղի ունեցածը պաշտոնական Երեւանի դեմ չէր:
Մինչ այդ նկատենք` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ որոշիչը Ռուսաստանի ձայնն է լինելու. ի վերջո, նա կկարողանա՞ հարցը լուծել եւ կարգի հրավիրել Ադրբեջանին, թե՞ ոչ: Եվ դատելով վերջին շրջանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից` չի բացառվում, որ դեկտեմբերի 6-ին հարցը կրկին չկարգավորվի: Ի վերջո, նախորդ հանդիպումից հետո նշվել էր, թե հարցին կրկին անդրադարձ կլինի դեկտեմբերի 6-ին, այլ ոչ թե հարցը կլուծվի հենց այդ օրը: Եվ այդ համատեքստում չի բացառվում, որ այդ օրը կրկին քննարկումներ լինեն միայն, եւ հարցի կարգավորումը հետաձգվի: Ընդ որում, տարբեր շրջանակներում չեն բացառում նաեւ այն տարբերակը, որ մինչ Հայաստանին հատկացված ժամկետի ավարտը այդպես էլ կարող է հարցը չկարգավորվել եւ այն կարգավորվի բնականոն ճանապարհով Հայաստանին հատկացված 3 տարի ժամկետի ավարտից հետո:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 26-ից մեկնարկում է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Ընտրություններին մասնակից ուժերի ղեկավարները, այդ թվում «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը, պատրաստվում են անձամբ մասնակցել քարոզարշավին: Սակայն Փաշինյանը 1-2 օր բաց է թողնելու, քանի որ պետք է մասնակցի դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին: Մինչ այդ, այս մի քանի օրերի ընթացքում ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների ղեկավարները պետք է հասցնեն լինել բոլոր մարզերում: Իսկ քարոզարշավի վերջին օրը` դեկտեմբերի 7-ին, ուժերից մի քանիսը ծրագրում են լինել Սպիտակում կամ Գյումրիում. ի վերջո, ավերիչ երկրաշարժից անցել է երեսուն տարի:

 

 

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱՀԱՆԳԵԼ Է
ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ գործի են անցել նաեւ պետական մարմինները: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այցելել է ԶՈՒ մի շարք կորպուսներ եւ աշխատակիցներին հրահանգներ է տալու: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տվյալներով` Բալայանը հրահանգել է, որ արգելված է զորամասերում որեւէ քարոզչություն իրականացնելը, ու եթե որեւէ մի զինվոր կամ ՊՆ աշխատակից որեւէ թեկնածուի նկատմամբ նախապատվություն ունի, ապա այդ քարոզչությունը կարող է իրականացնել միայն իր ընտանիքի շրջանում եւ, ամենակարեւորը, այդ գործընթացը պետք է իրականացնել քաղաքացիական հագուստով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, որը հաստատեց լուրերը: «Ինչպես հայտարարեց պաշտպանության նախարարը, ՀՀ վարչապետի հանձնարարականով բանակում որեւէ քարոզչություն արգելված է, համազգեստով անձի քարոզչությունը որեւէ տեղում արգելված է, բանակի ներքաշումը քարոզչությանը խստիվ արգելված է: Այո, փոխնախարարը զորքերի հետ հանդիպել է տարբեր տեղերում եւ ոչ միայն դրա համար է հանդիպել, այլ ուրիշ հարցերով, բայց նաեւ այդ թեմայով, ինչը նորմալ է»:

 

 

ԽՆԴԻՐԸ ԵՐԵՎԱՆԻ ԼԵԶՈՒՆ Է
Այսուհետ պաշտոնյան, ով չի տիրապետում հայերենին, կտուգանվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վարչական իրավախախտումների օրենսգրքի համաձայն` պաշտոնատար անձանց հայերենին չտիրապետելն առաջացնում է տուգանքի նշանակում` 200-300 հազար դրամի չափով: «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, Թաթարական ինքնավար հանրապետության Ալմենտեւսկի շրջանի Նովո-Տրոյիցկ գյուղում ծնված Տատյանա Միքայելյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում վերոնշյալ փոփոխություններին. «Կուզեք ասել, որ ես հայերեն չգիտեմ: Ոչ, ես հայերեն գիտեմ ե՛ւ գրել, ե՛ւ կարդալ, ուղղակի ես Գյումրիում եմ մեծացել, հետեւաբար Գյումրվա բարբառով եմ խոսում»: Ի դեպ, նշենք, որ Տատյանա Միքայելյանի հարցազրույցների մի մասը ռուսերենով է:

 

 

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՀԱԿԱԴԱՐՁԵԼ Է
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հակադարձել է «Լուսավոր Հայաստան»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե Հանրապետականը չի կարող անբիծ ընդդիմություն լինել: «Եթե խոսում էին արտագաղթից, ո՞ւր է հիմա ներգաղթը, եթե խոսում էին այդ կոռուպցիաներից, այն անարդարություններից, հիմա եթե վերացրել են, ո՞ւր է դրա շարժը, եթե խոսում էին մենաշնորհներից, մենաշնորհների նույն տոկոսն ամրագրված է նաեւ այս իշխանության ներկայացված փաստաթղթում, ինչ-որ մեր ժամանակ էր: Դե որ ռեալ ընդդիմություն էին, դե թող իրար հետ ճանապարհ գնային, ինչո՞ւ էին տատանվում»,- ասել է նա: Հարցին, թե «Լուսավոր Հայաստան»-ը Ձեզ հետ բանակցե՞լ է, Վ. Բաղդասարյանը շեշտել է. «Անուններով չենք խոսում»` հիշեցնելով, որ «Լուսավոր Հայաստան»-ը, ՀՅ Դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հեղափոխական իշխանության մաս կազմեցին, հետո ճանապարհի կեսից որոշեցին ընդդիմություն դառնալ, Վահրամ Բաղդասարյանը շեշտեց` նման ձեւով ընդդիմություն չի ձեւավորվում:

 

 

ՇՏԱՊՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը մեկնաբանել է Երեւանի եւ Մինսկի հայտարարությունների փոխանակումը, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների հայտարարությունները: Ըստ նրա` ՀԱՊԿ-ում իրավիճակը օրինակ է, թե ինչպես սխալ գործողությունների պատճառով կարելի է թուլացնել դիրքերը: Զաքարյանը նշել է, որ նախկինում Հայաստանի դիրքերը ուժեղ էին, եւ դրան հնարավոր էր լինում հասնել կուլիսների հետեւում իրականացվող դիվանագիտական աշխատանքի շնորհիվ: Ներկայիս իրավիճակը հղի է բացասական հետեւանքներով: Մինսկի հայտարարությունները նա անթույլատրելի է անվանել եւ հավելել, որ Հայաստանը պետք է այնպես անի, որ ներողություն խնդրեն կամ վերանայեն մոտեցումները: Պատասխանելով Բելառուսի նախագահի եւ Ադրբեջանի դեսպանի հանդիպման մասին հարցին` Զաքարյանը նշել է, որ ոչ մի լավ բան էլ չկա: «Բայց մեզ համար գաղտնիք չեն Բելառուսի եւ Ղազախստանի լավ հարաբերությունները Ադրբեջանի հետ: Գլխավոր քարտուղարի հարցում անթույլատրելի շտապողականություն դրսեւորվեց: Մենք շատ ջանքեր էինք գործադրել նշանակման համար: Այժմ այնպիսի իրավիճակ է, երբ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության աշխատանքի արդյունավետությունը ՀԱՊԿ-ում կդառնա ավելի բարդ»,-եզրափակել է Ա. Զաքարյանը:

 

 

ԹՈՇԱԿ Է ՍՏԱՆԱԼՈՒ
Armdaily.am-ի տեղեկություններով՝ վերջերս ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը դիմել է սոցիալական ապահովության պետական ծառայություն կենսաթոշակ ստանալու համար։ Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ոչ թե անձամբ է դիմում գրել, այլ դիմումը ներկայացրել է նրա օգնականներից Արմեն Աբելյանը։ ՍԱՊԾ-ում արագ կազմակերպել են, եւ արդեն Սերժ Սարգսյանը ստանում է պաշտոնաթող նախագահի թոշակը։ Նշենք, որ անհատական կենսաթոշակ են ստանում նաեւ ՀՀ նախկին 2 նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրանց կենսաթոշակը կազմում է գործող նախագահի աշխատավարձի 70%-ի չափով՝ 924.000 դրամ:




Լրահոս