Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի արդյունքում 4 զինվոր մահացավ, խնդրի առաջ է կանգնեցրել նախաքննական մարմնին: Վերջիններս, շունչները պահած, սպասում են փորձաքննության արդյունքներին:
Քննություն ու նախարարի հայտարարությունը
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին` ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասի հաշվեկշռում գտնվող Կամազ մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Ա. Հունանյանը եւ ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հայրապետ Նաիրյանը, Հրանտ Գասպարյանը եւ Դավիթ Մելքոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել էին: Ավտոմեքենայի թափքում գտնվող մյուս զինծառայողները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին զինվորական հոսպիտալ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, քննություն է տարվում պարզելու վթարի պատճառները:
Ու մինչ նախաքննական մարմինը քննություն էր իրականացնում, դեպքի հաջորդ օրը ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ վթարի դեպքով ընթանում է ծառայական քննություն, որի նախնական արդյունքներով արդեն իսկ ակնհայտ է, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական եւ ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ: Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ մեղավորները պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ:
Նախաքննական մարմինը սպասում է
Նախարարի այս հայտարարությունը բավական ծանր վիճակի մեջ է գցել նախաքննական մարմնին: Մասնավորապես, քննիչները անհանգստացել են նախարարի այս հայտարարությունից, թե ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական բացթողումներ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննարկել են այդ հարցը, ասվել է, որ դեպքից հետո մեքենան հանձնվել է փորձաքննության, որպեսզի պարզվի, թե մեքենան տեխնիկական խնդիր ունի, թե ոչ, սակայն մենք դեռեւս չունենք փորձաքննության պատասխանը, ուստի իրենք բավական բարդ կացության մեջ են, քանի որ հարուցված քրեական գործով չունեն մեքենայի անսարքության մասին ապացույց: Թե հետո ինչպիսին կլինեն փորձաքննության արդյունքները, քննիչները, շունչները պահած, սպասում են:
Ու մինչ իրավապահները սպասում են քննության արդյունքներին, «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի շուրջ ստեղծված խնդրի մասին: Մասնավորապես, ըստ ՀՀ ՊՆ N զորամասում տարածված խոսակցությունների` այս ողբերգական դեպքից 6 ամիս առաջ ՀՀ ՊՆ N զորամասի ղեկավար կազմը տեղյակ է եղել, որ մեքենան անսարք վիճակում է: Մասնավորապես, ռազմական ոստիկանությունը ստուգել է մեքենան եւ անսարքություն է հայտնաբերել, որից հետո զորամասի ղեկավար կազմին հանձնարարական է տվել մեքենայի խնդիրը կարգավորելու, անսարքությունը վերացնելու մասին: Ավելին, կոնկրետ հանձնարարական է տրված եղել, որ մեքենայի անսարքությունը վերացնելուց հետո այն անպայման ներկայացնեն Ռազմական ոստիկանությանը, որի հաստատումից հետո նոր մեքենան շահագործման հանձնեն: Ըստ էության, զորամասի համապատասխան պաշտոնատար անձինք մեքենան կա՛մ կարգի չեն բերել, կա՛մ կարգի բերելուց հետո այն արագ շարքից դուրս է եկել: Բայց, բոլոր դեպքերում, այն առանց Ռազմական ոստիկանությանը ներկայացնելու շահագործման են հանձնել:
Չի բացառվում, որ այս հանգամանքը իմանալով է ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը շտապել հայտարարություն անել, թե ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական բացթողումներ:
ՊՆ խոսնակը` հայտարարության մասին
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, որը հայտնեց .«Նախարարն ասել է, որ դեպքի ժամանակ ոչ թե կոնկրետ այդ մեքենան է անսարք եղել, այլ նախարարն ասել է, որ ծառայողական քննությունը ցույց է տվել, որ այդ ավտոպարկում եղել են անսարք մեքենաներ: Տվյալ մեքենան ժամանակի ընթացքում եղել է անսարք, եւ հասկանալի չէ, թե այդ անսարքությունը լիարժեք մեխանիզմներով վերացված են եղել երթից առաջ, թե ոչ: Այսինքն` զուտ ծառայողական առումով պատճառ եղել է պատժելու անսարք մեքենա ունենալու, այն շահագործման դնելու կիրառական գործընթացների խախտման մեջ»:
Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը 4 զինծառայողի կյանք խլած ողբերգական վթարի դեպքով մի քանի հոգու ազատել է զինվորական ծառայությունից: Մասնավորապես, ծառայությունից ազատվել են 1-ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ-ն, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Մ.Ա-ն, ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ կապիտան Շ. Ա-ն, ՀՀ ՊՆ N զորամասի 4 զրահատանկային գումարտակի նախկին հրամանատար մայոր Ս.Բ.-ն: Նախազգուշացում են ստացել ՀՀ ՊՆ N զորամասի տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար ավագ լետենանտ Ս.Թ-ն, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային տեխնիկայի եւ զրահատանկային ծառայության պետ մայոր Գ.Չ-ն: Խիստ նկատողություն են ստացել ՀՀ ՊՆ N զորամասի նախկին տեխնիկական մասի պետ, հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Շ-ն, ՀՀ ՊՆ N զորամասի տեխնիկական մասի պետ, հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Պ. Ա-ն: Նկատողություն է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատար գնդապետ Ե. Գ-ն:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՄՍԱԿԱՆ 40 ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ զարմացել է, թե ինչու է մարդը 15-20 տարի շարունակ 80 հազար դրամ աշխատավարձով աշխատում:
Միայն թե նկատենք, որ Ն. Փաշինյանի հայրենի Իջեւան քաղաքի սննդի, հագուստի խանութներում շատ-շատերն ամսական 40 հազար դրամ են ստանում: Տավուշի մարզի այլ քաղաքների տարբեր խանութներում վաճառողուհիներ են աշխատում, որոնք, շաբաթական աշխատելով 45 ժամ, ստանում են շուրջ 40 հազար դրամ աշխատավարձ: Աշխատողները հաճախ աշխատում են 10-12 ժամ, երբեմն առանց հանգստյան օրերի: Խանութի սեփականատեր գործատուն, լավ գիտենալով բնակչության ցածր գնողունակությունը, վաճառքի փոքր ծավալները, հաճախ աշխատողին գործարք է առաջարկում որպես աշխատավարձ վճարել վաճառքի ընդհանուր գումարից ցածր տոկոսադրույքների չափով: Արդյունքում ամսական ստացվում է 40-50 հազար դրամ աշխատավարձ: Ընդ որում` գործատուն չի գրանցում այդ աշխատողներին, նրանց համար պետական բյուջե եկամտահարկ չի մուծում: Աշխատանքի պետական տեսչության լուծարումից հետո տարբեր արտադրական, սննդի եւ սպասարկման հիմնարկություններում չգրանցված աշխատողների առկայությունը ոչ ոք չի ստուգում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԳՈՒՄԱՐ Է ՀԱՓՇՏԱԿՎԵԼ
Էլեկտրոնային սարքավորման միջոցով փորձ է կատարվել Երեւանում գործող տարբեր բանկոմատներից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակել: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել են, որ պարզվել է հափշտակության փորձ կատարելու մեխանիզմը, առերեւույթ հանցագործություն կատարած երկու անձի ինքնությունը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները: 1977թ. ծնված ՀՀ քաղաքացին արտագնա աշխատանքի ընթացքում ծանոթացել է ՌԴ քաղաքացի հանդիսացող, 1976թ. ծնված տղամարդու հետ, ընկերացել: Վերջիններս, տեղեկանալով էլեկտրոնային սարքավորման միջոցով բանկոմատներից հափշտակություն կատարելու հնարավորության մասին, 2018թ. հունվարի 26-ին Ռուսաստանից ժամանել են Երեւան, որից մի քանի օր անց փորձել են հափշտակել երեք տարբեր բանկոմատում առկա կանխիկ գումարը: Մեկ այլ բանկոմատից հաջողվել է դուրս բերել 1.440.000 ՀՀ դրամ: Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ` 42-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքով: Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ՄԵՂԱՎՈՐ ՃԱՆԱՉԵՑ
Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի դեմ ցուցմունք տված, նրա նախկին մտերիմ ընկեր, «Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանը, որը մեղադրվում է թմրանյութ իրացնելու մեջ, իրեն մեղավոր չի ճանաչում: Մեղադրող դատախազ Հայկ Խաչատրյանը հրապարակել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Համաձայն դրա` Դավիթ Սիմոնյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա 2017թ. դեկտեմբերի 19-ին` ժամը 13:40-ի սահմաններում, իրացնելու նպատակով Էդուարդ Թոռնիկի Ղազարյանից ապօրինի ձեռք է բերել եւ պահել ընդհանուր 25.72 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց, որից Գոռ Համբարձումյանին ապօրինի իրացրել է զգալի չափերով` 3.56 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց եւ 0.015 գրամ բուսական մանրացված զանգվածի եւ ծխախոտի մասնիկների խառնուրդ, Լեւոն Սերգեյի Գաբրիելյանին ապօրինի իրացրել է զգալի չափերով՝ 0.42 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, իսկ մնացած 21.74 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցը իրացման նպատակով ապօրինի պահել է իր կողմից վարվող ավտոմեքենայում:
ՇՈՒՏՈՎ
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով հարցին` արդյոք հայտնի է, թե ում մասին էր խոսում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը` ասելով, որ պատգամավորներից մեկը մեծ կոռուպցիոն սկանդալի մեջ է ներքաշված եղել, ասել է. «Շուտով պարզ կլինի, առաջիկա օրերին կիմանաք»: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին ԱԺ նիստում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, ասել էր, որ առաջիկայում պատգամավոր է կալանավորվելու կաշառքի գործով: Անդրադառնալով իր ու ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրգործի նորություններին` ԱԱԾ տնօրենն ասել է, որ այս պահին որեւէ նորություն չի կարող հայտնել:
ԿԸՀ-Ն ԳՐԱՆՑԵԼ Է
Դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար երեկ ԿԸՀ-ն գրանցել է կուսակցությունների համամասնական եւ տարածքային ընտրական ցուցակները: ԿԸՀ որոշմամբ` գրանցվել են «Ազգային առաջընթաց», ԲՀԿ, ՀՅԴ, ՀՀԿ, «Լուսավոր Հայաստան», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», «Օրինաց երկիր» կուսակցությունների, «Իմ քայլը» եւ «Մենք» կուսակցությունների դաշինքի ցուցակները: Մի քանի կուսակցությունների ցուցակում ներառված թեկնածուներ ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել, նրանք դուրս են եկել ցուցակներից: