Հայաստանյան հասարակությանը երեկ փոթորկել էին շրջանառվող լուրերը, թե ՊԵԿ-ը պատրաստվում է հարկել արտերկրից Հայաստան ուղարկվող մասնավոր դրամական փոխանցումները: Ըստ շրջանառվող լուրերի` Հայաստանը հաջորդ տարվա ընթացքում նախատեսում է կիրառել տրանսֆերտների հարկման մեխանիզմ: Մասնավորապես, ՊԵԿ-ը մտադիր է ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրել. 2020 թվականից սկսած 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները դառնում են եկամտային հարկի վճարողներ, նրանց թվում են նաեւ արտագնա աշխատանքի մեկնողները:
Այս թեման շատ արագ տարածում ստացավ ՀՀԿ-ականների թեթեւ ձեռքով: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը սոցիալական ցանցում ուղիղ եթերով հայտարարեց, թե այսպես փորձ է արվելու քրեական եւ վարչական պատասխանատվության սպառնալիքի ուժով քաղաքացուն ստիպել հայտարարագրել իր նույնիսկ չնչին եկամուտները: Ըստ նրա` նման քաղաքականությամբ պետությունը իր քաղաքացուն ստիպելու է գործել անբարեխիղճ, թաքցնել իր եկամուտները, հրաժարվել բանկային գործառնություններից, փնտրել դրամական փոխանցումների զարտուղի ճանապարհներ. «Ի վերջո, քաղաքացին այդքան բարդություններից, քաշքշուկներից խուսափելու համար ընտրելու է ամենահեշտ տարբերակը, այն է` տեղափոխել իր ընտանիքն այն վայր, որտեղ ինքն է աշխատում»:
Ի դեպ, այսպես արդեն սկսել են մտածել օրեր առաջ ՌԴ-ից Հայաստան վերադարձած քաղաքացիները, որոնք յուրաքանչյուր տարվա գարնանը մեկնում են ՌԴ արտագնա աշխատանքի եւ Ամանորից առաջ վերադառնում տուն: 34-ամյա Արտյոմ Ղազարյանը 3 երեխաների հայր է, արդեն 7 տարի է, ինչ իր ընտանիքը կերակրում է արտագնա աշխատանքի շնորհիվ: Երեկ նա, ինչպես շատերը, անակնկալի էր եկել այդ լուրերից. «Եթե պետք է մեր արդար քրտինքով վաստակածի, մեր տանջանքի մի մասը պետությանը վճարենք, էդ դեպքում ինչու եմ ընտանիքիս այստեղ թողնում ու ես գնում: Իրենց էլ հետս կտանեմ: Պետությանը տված հարկն էլ այնտեղ որպես տան վարձ կվճարեմ: Թե չէ ես գնում եմ ընտանիքիցս կտրված, տանջվելով ասֆալտ եմ փռում այնտեղ, որ հարկերը վճարեմ պետությանը»:
Ստեղծված սոցիալական լարվածությունը երեկ փորձեց փոքր-ինչ մեղմել ՀՀ առաջին փոխվարչապետի ԺՊ Արարատ Միրզոյանը` կառավարությունում նիստ հրավիրելով: Նա քաղաքացիներին հանգստացրեց` նշելով, որ առանց լայն հանրային քննարկման որեւէ հարկային բեռի ավելացում չի լինելու: Ապա հայտարարեց, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը հանրության կողմից սխալ է ընկալվել. «Եթե այս գաղափարը կյանքի կոչվի, պիտի բացառվի որեւէ կրկնակի հարկումը: Մինչ այդ մենք պետք է հասկանանք` որքանով է Հայաստանը պատրաստ դրան»:
Փոխվարչապետի այս հայտարարությանը հաջորդեց ՊԵԿ-ի հայտարարությունը այն մասին, որ արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմի վերաբերյալ նախագիծ կամ գաղափար առկա չէ: «Բոլոր քաղաքակիրթ երկրներում կա եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտ: Ստվերում կա բազմաթիվ եկամուտներ, որոնք պոտենցիալ հարկման ենթակա են, բայց չեն հայտարարագրվում: Այդ անձը, որը 13 տոկոսով հարկվող եկամուտ է ստանում Ռուսաստանում եկամտային հարկի իմաստով լինելով ռեզիդենտ, ինքը այսօր էլ տարեկան դեկլարացիա ներկայացնելու պարտավորություն ունի: Եւ սա գործում է ավելի քան 20 տարի: Անձը, որ եկամուտ է ստանում դրսում եւ այդ տրանսֆերտը ուղարկում է իր ընտանիքին, որ վերջինս սպառի, մենք այդ սպառումը չենք հարկելու, ճիշտ հասկացեք»,- լրագրողների հետ զրույցում բացատրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքերով` դրսի աշխատած եկամուտը այստեղ պետք է հարկվի, պետք է հետ վերադարձվի դրսում վճարած եկամտահարկը: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը այդ ճանապարհով է գնում:
Ավելի ուշ ՊԵԿ-ը նաեւ հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով. «Ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման թեման լայնորեն քննարկվում է ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում: Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նախքան նախագծի ներդրումը այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական եւ բացասական կողմերը: Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որեւէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ: Իսկ ԶԼՄ-ին տված հարցազրույցում ՊԵԿ նախագահի պատասխանը բխել է ռեզիդենտների ստացած եկամուտների հարկման ընդհանուր սկզբունքներից (ՀՀ եւ արտասահմանյան աղբյուրներից ստացված եկամուտներ), սակայն դա չի նշանակում, որ նրանց եկամուտները ենթակա են լինելու հարկման կամ նման նախագիծ է քննարկվում»:
Նկատենք, որ հարկային վարչարարությանն առնչվող թեման ընտրությունների նախաշեմին խեղաթյուրված, որպես հասարակության խոցելի խավերի գրպանին հարված ներկայացնելը պատահական չէր, եւ կարելի է ենթադրել՝ սա իշխանության մի թեւի կողմից վարչապետի դեմ վնասարարության յուրօրինակ փորձ էր: Այլապես, դժվար է հասկանալ, թե ինչու մեծ աղմուկ բարձրացավ ոչնչից: Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որեւէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՋԵՌՈՒՑՈՒՄ ՉԿԱ, ԴԱՍԱՊՐՈՑԵՍՆ ԸՆԴՀԱՏՎԱԾ Է
Գյումրու թիվ 18 դպրոցում աշակերտները մի քանի օր է` դասադուլ են անում։ Ծնողները հրաժարվում են երեխաներին դպրոց թողնել, քանի որ հաստատությունում լոկալ ջեռուցում չկա։ Դասասենյակները ցուրտ են, ամենատաք դասասենյակում ջերմաստիճանը հազիվ 10 աստիճանի է հասնում:
«Երեխաները ամեն օր հիվանդանում են, ամբողջ դասին վերարկուներով են նստում, հետո քրտնած դուրս են գալիս ու մրսում։ Ամեն տարի նույն վիճակն է։ Բոլորին բողոքում ենք, հնար չկա։ Չեն մտածում մեր երեխաների առողջության մասին։ Ես կզարմանամ, թե իմ երեխես ինչխե էսքան ժամանակ կնստի, անհնար է, ահավոր է»,-բողոքում է ծնողներից մեկը։
Դպրոցը կաթսայատուն ունի, սակայն այն այլեւս գործարկել հնարավոր չէ: Առկա է գազի արտահոսք, անվտանգության նորմերն էլ պահպանված չեն. «Կաթսայատունը շատ ծախսատար է, ինքը շատ հին է, լավ չի աշխատում, մարտկոցները նստած են։ Ամեն վայրկյան պայթելու վտանգ կա»,-մեր հետ զրույցում ասաց դպրոցի տնտեսվարը։
Խնդիրը ոլորտի պատասխանատուների ուշադրությունից դուրս է մնացել: Ինչպես Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետն է ասում, այս իրավիճակը նույնիսկ ենթադրելի էր, սակայն կանխել հնարավոր չէր: Մարզին հատկացվող հրատապ ծրագրի շրջանակում դպրոցի ջեռուցման համակարգի նորոգման նախագծանախահաշվային աշխատանքներն ավարտված են: Փաթեթը ներկայացված է, սակայն մրցույթը դեռ չի հայատարարվել. «Հիմնադրամին դիմել ենք, գործընթացը, մրցույթը պետք է իրականացվի, ու սկսվեն շինաշխատանքները: Բայց դեռ տեղաշարժ չկա»,-մեր հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը։
Թե դասապրոցեսներն ինչպես կկազմակերպվեն, պատասխանատուների կողմից քննարկվում են մի քանի տարբերակներ, այդ թվում նաեւ դասասենյակներն էլեկտրականության միջոցով ջեռուցելու տարբերակը: Նաեւ քննարկվում է դասարանները միավորելու հարցը։
Դպրոցի տնօրենը աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մայրն է` Շողիկ Ալեքսանյանը։ Նա դպրոցն արդեն երկրորդ տարին է ղեկավարում։ Դպրոցի անձնակազմը տնօրենից դժգոհ չէր։ Սակայն իրադարձություններից հետո դպրոցի տնօրենը ազատման դիմում է ներկայացրել Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանին։ Վերջինս էլ ստորագրել է դիմումը:
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի կարգադրությամբ «Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության համար սահմանվել են լրացուցիչ արձակուրդ` ջեռուցման խնդիրներով պայմանավորված: Լրացուցիչ արձակուրդը կտեւի մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 15-ը բաց թողած ժամերը ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու պայմանով:
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ
Երեւանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց մի քանի ուսանողներ բողոքի ցույց են սկսել: Նրանք կառավարությունից պահանջում են գործնական քայլեր ձեռնարկել եւ վերադարձնել Ադրբեջանում գերեվարված Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին: Ուսանողները երեկ քայլերթով գնում էին դեպի կառավարության շենք: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել էր Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ընտանիքին` Տավուշի մարզի Բերդավան գյուղ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ օրերս Կարեն Ղազարյանի հարցով դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով գլխավոր հանձնակատարին եւ Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին:
ՆՈՐ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐ
Հայկական նոր թղթադրամներն աստիճանաբար շրջանառության մեջ կդրվեն 2018թ. նոյեմբերի 22-ից: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի` հին թղթադրամները կշարունակեն մնալ շրջանառության մեջ: 2017թ. նոյեմբերին ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է շրջանառության մեջ ներդրվելիք երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները: Նոր 1000-դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սեւակին: 2000-դրամանոցը` շախմատիստ Տիգրան Պետրոսյանին, 5000-դրամանոցը` Վիլյամ Սարոյանին, 10000-դրամանոցը` Կոմիտասին, 20 000-դրամանոցը` Հովհաննես Այվազովսկուն, 50 000-դրամանոցը` Գրիգոր Լուսավորչին: 100 000-դրամանոցներ այլեւս չեն թողարկվի: