ՊԵՏՔ Է ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՑ ՍԿՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլին` Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, յուրաքանչյուր քաղաքացի ակնկալում է փոփոխություններ նաեւ իր կյանքում: Թավշյա հեղափոխության օրերին դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանը հայտարարել էր, որ թեկուզ իրեն դուր չի գալիս այն պայմանները, որոնցում մարդիկ ապրում են Հայաստանում, այնուամենայնիվ, իր կարծիքով, պայքարի այս ձեւը հարցին լուծում չի տա. «Ինչպե՞ս կարող է այս իրավիճակը դուր գալ մարդու, ով գիտակից է, տեսնում է իրականության բոլոր շերտերը, բայց դա չի նշանակում, որ այս ճանապարհն ինձ համար ընդունելի է, եւ բոլոր այն բազմաթիվ հարցերը, դժգոհությունները, բողոքները, որ ես ունեմ որպես քաղաքացի, միեւնույն է, չեմ կարծում, որ այս ճանապարհը կարող է լուծել բոլոր այդ հարցերը»,- ապրիլի 21-ին ասել էր նա:

«Ժողովուրդ» օրաթերթը Լուիզա Ղամբարյանի հետ երեկ զրուցել է պարզելու, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել իր կյանքում եւ ոլորտում:
-Ապրիլին` Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում, ձեր ոլորտում: Էական փոփոխություններ եղե՞լ են, թե՞ ոչ:
-Ոչ: Իմ կյանքում էական ոչ մի փոփոխություն չի եղել: Ես շարունակում եմ ստեղծագործել նույն ոգեւորությամբ, աշխատասիրությամբ եւ նույն սիրով: Իմ անձնական կյանքում նույնպես ամեն ինչ անփոփոխ է, փառք Աստծո:
-Գո՞հ եք այսօրվա Հայաստանից: Արդյոք նախկին ու ներկայիս Հայաստանի եւ մեր քաղաքացիների ապրելակերպի մեջ փոփոխություններ չկա՞ն:
-Փորձեմ ամփոփ պատասխանել. փոփոխություններ, իհարկե, կան եւ դրանք ավելի շատ գտնվում են հոգեբանական մակարդակի վրա: Խոսքս դրական փոփոխություների մասին է: Թե ինչ կլինի վաղը, եւ այդ հոգեբանական տրամադրվածություններն ու տրամադրությունն ինչ կլինի, ցույց կտան կենսական եւ տնտեսական պայմանները:
-Նշեք երեք ուղղություն, որոնք կցանկանայինք` Հայաստանում փոփոխության ենթարկվեն:
-Կարծում եմ, որ փոփոխություններ ոչ թե երեք, այլ շատ ավելի ուղղություններում են անհրաժեշտ: Ամեն ինչ սկսվում է կրթությունից: Բոլոր այլ ուղղությունների հիմնական խնդիրները սկսվում են կրթության ոլորտի բարեփոխումներից: Եթե մեր կրթական ոլորտում ծրագրային, հիմնավոր բացված փոփոխություններ լինեն, ապա որոշ ժամանակ անց մենք կունենանք այն գրագետ ռեսուրսը, որն ի վիճակի կլինի բարեփոխելու մնացյալ այլ ուղղությունները: Այլապես եթե ուղղակի ասենք, որ, օրինակ, բժշկության մեջ այս կամ այն խնդիրները կան, կարծում եմ, սխալ կլինի: Պետք է կրթության ոլորտից սկսել: Այս ամեն ինչը գալիս է կրթությունից:
-Լուիզա՛, առաջիկայում` դեկտեմբերի 9-ին, խորհրդարանական ընտրություններ են լինելու: Դուք` որպես մշակույթի ոլորտի ներկայացուցիչ, ի՞նչ ակնկալիքներ եւ կանխատեսումներ ունեք:
-Ես վստահ եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու, եւ մենք ունենալու ենք ավելի լավ Հայաստան, ավելի երջանիկ Հայաստան, եւ ամենակարեւորը, այն արդարության Հայաստանը, որի պակասը մենք ունեինք, եւ որն այսօրվա ամենամեծ փափագն է. արդարության Հայաստան:
-Հիմա ի՞նչով եք զբաղվում: Ի՞նչ փուլում եք, ի՞նչ ծրագրեր ունեք:
-Հանրային հեռուստատեսությամբ նոյեմբերի 18-ից սկսվել է ֆիլմաշար «Պատուհանի տակ ծղրիդն է երգում» անվանմամբ, որտեղ մարմնավորում եմ Նոյեմի կերպարը` գյուղացի մաքրակենցաղ ազնվական կին: Շատ հետաքրքիր է աշխատել, լավ նկարահանման խումբ է: Աշխատում եմ իմ շատ սիրելի դերասան Գուժ Մանուկյանի հետ` հարս եւ սկեսրայր ենք: Շատ հետաքրքիր ու լավ ֆիլմաշար է:

Զրուցեց ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ

 

 

ԽՈՍԵԼ Է ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ
Մադրիդի «Ռեալ»-ի եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է այս տարվա արդյունքներով «Ոսկե Գնդակ»-ը նվաճելու իր շանսերի մասին. «Ես արդեն ասել եմ, որ արդեն իսկ այդ մրցանակին հավակնելը մեծ պատիվ է ինձ համար: Եթե ես հաղթեմ, ինձանից երջանիկ մարդ չի լինի: Բայց եթե ոչ, ոչինչ չի փոխվի: Հիանալի տարի եմ անցկացրել»: Հիշեցնենք, որ «Ոսկե Գնդակ»-ի հավակնորդների թվում 30 ֆուտբոլիստ կա` Լուկա Մոդրիչը, Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին, Նեյմար եւ այլ աստղեր: Հաղթողը հայտնի կդառնա դեկտեմբերի 3-ին: Ի դեպ, վերջին 10 տարում «Ոսկե Գնդակ»-ին 5-ական անգամ արժանացել են Մեսսին եւ Ռոնալդուն:

 

 

ՀԵՌԱՑԵԼ Է
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը հեռացել է ղազախական «Ժետիսու»-ից: 28-ամյա ֆուտբոլիստը հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով: «Ժետիսու»-ի կազմում հայ կիսապաշտպանն անցկացրել է 28 հանդիպում եւ դարձել 2 գոլի հեղինակ: Մալաքյանը այս տարվա հունվարին ուկրաինական «Ստալից» էր տեղափոխվել «Ժետիսու», որին միացել էր ազատ գործակալի կարգավիճակով: Ղազախական ակումբում հանդես է գալիս նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը:

 

 

ԴԺՎԱՐ Է ԵՂԵԼ
Մադրիդի «Աթլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը պատմել է «Բարսելոնա» տեղափոխության առաջարկը մերժելու մասին. «Շատ դժվար է մերժել «Բարսելոնա»-ին: Կատալոնական ակումբը ցանկանում էր ինձ տեսնել իր կազմում, մշտապես զանգահարում էին, հաղորդագրություններ էին ուղարկում: Բայց մյուս կողմից կար ակումբ, որի կազմում ես երկար ժամանակ հանդես եմ եկել եւ որտեղ ես կարեւոր խաղացող եմ հանդիսանում: «Աթլետիկո»-ն իմ շուրջը թիմ է կառուցում: Թիմակիցներս ու ակումբի ղեկավարությունը ջանքեր գործադրեցին, որ ես մնամ: Արվեց ամեն ինչ, որպեսզի ցույց տան, որ սա իմ տունն է: Իսկապես բարդ ժամանակաշրջան էր»,-ասել է Գրիզմանը: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ավարտից հետո «Բարսելոնա»-ն պատրաստ էր ակտիվացնել Գրիզմանին 100 մլն եվրոյի դիմաց գնելու հնարավորությունը, սակայն ֆրանսիացի ֆուտբոլիստը որոշեց մերժել կապտանռնագույնների առաջարկն ու երկարաձգեց պայմանագիրն «Աթլետիկո»-ի հետ:

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
Իտալիայի «Մարտինա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Ֆաբիանո Կոլուչիին իր տանը մահացած են հայտնաբերել: Ըստ հրապարակման` 19-ամյա ֆուտբոլիստի դին հայտնաբերել է Կոլուչիի կրտսեր եղբայրը տան ավտոտնակում: Ոստիկանության հայտնած նախնական տեղեկություններով՝ ֆուտբոլիստն ինքնասպան է եղել: Նշվում է, որ վերջին ամիսներին Կոլուչին ծանր էր տանում ծնողների ամուսնալուծությունը: Ողբերգության պատճառով ակումբի նախագահը խնդրել է ղեկավարությանը հետաձգել թիմի հաջորդ հանդիպումը:




Լրահոս