«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգչուհի Ռուզաննա Ավետիքյանի հետ պարզելու, թե ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո ինչ փոփոխություններ են տեղի ունեցել երգչուհու կյանքում:
-Ռուզաննա՛, այս պահին Ձեր կարիերայի ո՞ր փուլում եք գտնվում: Ինչո՞վ եք զբաղված:
-Հիմա աշխատանքային փուլի մեջ եմ, երգում եմ, դասավանդում եմ, 2 օրից էլ պատրաստվում եմ մեկնել համերգի: Ընկերներիս հետ գնում ենք Տյումեն, այնտեղի հայկական համայնքը միջոցառում է կազմակերպել, որը նվիրվում է «Էրեբունի Երեւանի 2800» ամյակին:
-Տարին գրեթե ամփոփվում է, ինչպիսի՞ տարի էր Ձեզ համար 2018 թվականը: Ունե՞ք կիսատ թողած գործեր, որ պլանավորել եք կատարել հաջորդ տարի:
-Յուրաքանչյուր արվեստագետ փորձում է տարվա կտրվածքով հասցնել ավարտել, ամեն ինչ կատարել: Բայց լինում են անկանխատեսելի իրավիճակներ, երբ նախատեսված պլանները կիսատ են մնում: Կան երգեր, որոնք մտադիր էի ձայնագրել, բայց չեմ հասցնում զբաղվածության պատճառով:
-Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ի՞նչ փոփոխություններ են եղել Ձեր կյանքում, ինչու չէ, նաեւ ձեր ոլորտում: Ի՞նչ էական փոփոխություններ եք զգացել:
-Անկեղծ ասած` ինչպես մինչ հիմա եմ աշխատել, շարունակում եմ նույն ձեւ աշխատել: Առանձնապես որեւէ փոփոխություն չեմ նկատել: Ինչպես աշխատել եմ «Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա»-ում եւ ուսումնարանում, նույն ձեւ շարունակում եմ աշխատել: Ինչպես կոնսերվատորիայի աշխատավարձը ստացել եմ նախկինում, հիմա էլ նույն աշխատավարձն եմ ստանում: Ոչինչ չի փոխվել, չեմ ուզում ասել, թե ինչքան եմ ստանում:
-Ինչքա՞ն աշխատավարձ եք ստանում: Ինչո՞ւ չեք բարձրաձայնում աշխատավարձի չափը, բա՞րձր է, թե՞ ցածր:
-Այնքան ցածր է, որ բարձրաձայնելու պարագայում մարդիկ իրենց անհարմար են զգում, որ կարող են «Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա»-ի դասախոսներն այդքան չնչին աշխատավարձ ստանալ: Որպեսզի թիվը չբարձրաձայնեմ, քանի որ շատ ծիծաղելի է, միայն կասեմ, որ մեր երկրի նվազագույն աշխատավարձից էլ բավականին քիչ է կազմում:
-Հույս ունե՞ք, որ հեղափոխությունից հետո ՀՀ-ում տիրող այս քաղաքական իրավիճակում աշխատավարձի բարձրացում կլինի:
-Կարծում եմ` այն կառույցները, որ զբաղվում են նման հարցերով, կվերանայեն այս հարցը: Կոնսերվատորիայի դասախոսը դասավանդելով ստանում է այդքան չնչին աշխատավարձ, մարդիկ նույնիսկ զարմանքով հարցնում են` մե՞կ ժամի դիմաց եք այդքան ստանում, ու ես պատասխանում եմ` ոչ, ամբողջ ամսվա համար: Ուղղակի ցավալի է: Ուզում եմ ուղղակի նման իրավիճակները վերանայվեն, որովհետեւ այն մարդիկ, որոնք իրենց աշխատանքի նվիրյալներ են, որոնք սիրում են ու սիրով կատարում են իրենց աշխատանքը, իրենք գնահատվեն ըստ արժանվույն: Այն դեպքում, երբ կոնսերվատորիայի ուսանողների վարձավճարի չափը բավականին բարձր է: Եվ ուղղակի չես կարողանում հասկանալ, թե այդ վարձավճարներն ուր են գնում եւ ինչ հաշվարկով են վճարվում դասախոսները: Շատ լավ կլիներ, որ այս ամենին անդրադարձ լիներ համապատասխան կառույցների կողմից: Ակնկալում եմ, որ այս ոլորտում կլինեն փոփոխություններ: Յուրաքանչյուր մարդ ուզում է գնահատված լինել:
-Նշեք երեք կետ, որ կցանկանայիք` Հայաստանում փոխվի:
-Ես կարծում եմ` առաջին հերթին բոլորին վերաբերող հարցերը սրանք են. մարդկանց վարձատրությունը լինի ըստ արժանվույն, իրենց կատարած աշխատանքի դիմաց: Ուզում եմ` աշխատատեղերն ավելի շատ լինեն, որպեսզի գործազուրկների թիվը քիչ լինի: Հիմա ՀՀ-ում կարծես գործազուրկների թիվն ավելի շատ է, քան աշխատողների: Ուզում եմ` բարելավվի երկրի վիճակը, որպեսզի արտագաղթը նվազի, եւ ավելանա ներգաղթը: Երկրի ֆինանսական, տնտեսական եւ կենցաղային վիճակից ելնելով` մարդիկ դարձել են ավելի հոգսաշատ, տխուր, ինչու չէ, նաեւ նախանձ: Եթե այս ամենը բարելավվի, վստահ եմ, որ մարդիկ ավելի ուրախ եւ ժպիտով կլինեն:
-ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ հարկային դաշտում պետք է ներգրավեն նաեւ շոուբիզնեսի ներկայացուցիչներին: Սպասելի՞ որոշում էր ձեզ համար: Կմուծե՞ք հարկ:
-Եթե մեխանիզմն այնպիսին լինի, որն իրականում ինչ-որ չափով խելքին մոտ գաղափար է, ապա, բնականաբար, ամեն մարդ կցանկանա օրինական աշխատել: Ինչ վերաբերում է ինձ, ապա ասեմ, որ ես երկու տեղ աշխատում եմ, եւ երկու աշխատատեղից էլ իմ հարկերը օրինական ձեւով վճարում եմ: Այս առումով պարտաճանաչ եմ: Կրկնում եմ, եթե այնպիսի մեխանիզմ, որն իրականում հասկանալի կլինի երկու կողմերին էլ` ե՛ւ հարկողին, ե՛ւ հարկվողին, չեմ կարծում, որ դեմ լինողներ գտնվեն: Բայց դե հենց այնպես չես կարող օդից վերցնել ու ասել` «դուք հարկային դաշտ եք մտում»: Չմոռանանք դեղերը դեղատոմսով գնելու դեպքը: Հանկարծ որոշեցին, որ վաղվանից բոլոր դեղերը պետք է լինեն դեղատոմսով: Չէ՞ որ նման պրակտիկա կիրառում են բավականին երկար տարիների փորձի շնորհիվ: Մեզ մոտ այդ տարբերակը չաշխատեց, որովհետեւ մշակված չէր:
-Առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են լինելու, ի՞նչ կանխատեսումներ ունեք:
-Ես ուզում եմ, որ մեր երկրում մարդիկ լավ ապրեն: Եթե խորհրդարանական ընտրությունները պետք է մեր երկիրը հասցնեն նրան, որ քաղաքացիները լավ ապրեն` աշխատատեղեր, աշխատավարձերի բարձրացում լինի, ապա թող այդպես լինի: Նման բարեփոխումներին բոլորս էլ կողմ ենք:
Զրուցեց ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ Է ՄԱՏՆՎԱԾ
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Խարբերդ (թուրքերեն` Էլյազըղ) քաղաքում հին հայկական եկեղեցին ամբողջովին անուշադրության է մատնվել: Ավերակ դարձած եկեղեցին վերանորոգելու համար պետությունն ու տարածքի ներկայիս սեփականատերն այդպես էլ համաձայնության չեն գալիս: Շուրջ 200 տարվա պատմություն ունեցող եւ ասորական եկեղեցու անվան տակ Դիարբեքիրի մշակույթի եւ բնական ժառանգության պահպանության ցուցակում գրանցված Սուրբ Մարիամ Աստվածածնի նորոգման համար անհրաժեշտ է ավելի քան 2 մլն դոլար: Տարածքի սեփականատերը նշում է, որ այդքան միջոցներ չունի եւ դեմ չի լինի, եթե նորոգման նպատակով տեղական ինքնակառավարման իշխանությունները պետականացնեն կառույցը: Նշենք, որ մինչ Ցեղասպանությունը Խարբերդն ունեցել է մոտ 50 հայկական գյուղ, որոնք բավականին բազմամարդ էին եւ ունեին միջինը 1000 բնակիչ: Խարբերդի գլխավոր տեսարժան վայր համարվում է հին բերդը: Այն ժամանակին կառուցվել է հայերի կողմից եւ հենց այստեղից էլ ծագել է գավառի անունը` Խար-բերդ: Ներկայում քաղաքը բաժանվում է երկու մասի` հին ու նոր:
ՄԱՀԱՑԵԼ Է
Երեկ առավոտյան մահացել է Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ, 23-ամյա Վահագն Մարգարյանը: Հիշեցնենք, որ Վահագն Մարգարյանը վթարի հետեւանքով ստացել էր գանգուղեղային ծանր վնասվածք, վնասվել էր ստոծանին, հեռացվել էր փայծաղը: Վահագն Մարգարյանը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նոյեմբերի 13-ի երեկոյան հարազատների նախաձեռնությամբ: Մինչ այդ վերջինս գտնվում էր «Արմենիա» բժշկական կենտրոնում: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը ցավակցում է արտիստի ընտանիքին եւ հարազատներին:
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՍՏՂ
Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է ամերիկյան ռեփեր Սնուփ Դոգի անվանական աստղը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել աստղի կինը՝ Շանթե Թեյլորը, երեխաները, մտերիմ ընկերներ` ռեփեր, պրոդյուսեր Դոկտոր Դրեն, երաժիշտներ Ֆարել Ուիլյամսն ու Քուինսի Ջոնսը, հեռուստահաղորդավար Ջիմի Քիմելը: Անվանական աստղի բացումը տեղի է ունեցել 47-ամյա ռեփերի առաջին` Doggystyle ալբոմի շնորհանդեսի 25-ամյակին ընդառաջ:
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՌԵԱԼ»-Ի ՀԵՏ
«Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը լոնդոնյան ակումբում աշխատելու ժամանակ բանակցություններ է վարել Մադրիդի «Ռեալ»-ի հետ: Այդ մասին պատմել է «Պարի Սեն Ժերմենի» նախկին նախագահ Շարլ Վիլնյովը, որը նաեւ հույս է հայտնել, որ Վենգերը կաշխատի փարիզյան ակումբում. «Երկու ակումբ հետաքրքրված էր Վենգերի ծառայություններով: Դրանցից առաջինը «Բավարիա»-ն էր: Մասնագիտական որակներից բացի մյունխենցիներին տպավորել էր այն, որ Վենգերը խոսում է 4 լեզվով: Երկրորդ ակումբը «Ռեալ»-ն էր, որի հետ Վենգերը բանակցություններ վարել է, սակայն որոշել է մնալ «Արսենալ»-ում: Կարծում եմ` այժմ Վենգերն իր հիանալի որակները կարող է առաջարկել ՊՍԺ-ին, բայց ոչ թե մարզչի, այլ նախագահի պաշտոնի համար: ՊՍԺ-ի ներկայիս նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին լավ է կատարում իր աշխատանքը, սակայն մեծ ակումբներին մեծ առաջնորդներ են պետք: Ակումբը ստեղծվում է ոչ միայն լավ ֆուտբոլիստների շնորհիվ, դրա համար ես ուրախ կլինեմ Վենգերին տեսնել ՊՍԺ-ում»,- ասել է Վիլնյովը:
ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ
«Այնտրախտ»-ի սերբ հարձակվող Լուկա Յովիչը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բենֆիկա»-ին, եվրոպական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում է: Ազգերի լիգայի` Սերբիա-Չեռնոգորիա հանդիպման ժամանակ 20-ամյա ֆուտբոլիստի խաղին հետեւել են «Բարսելոնա»-ի սկաուտները: Յովիչը դաշտ է դուրս եկել խաղավերջում եւ արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: Բացի կատալոնական ակումբից Լուկա Յովիչի ծառայություններով հետաքրքրված է նաեւ «Լիվերպուլ»-ը, որի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անձամբ է ցանկանում իր թիմում տեսնել տաղանդավոր ֆուտբոլիստին: Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` Յովիչի տրանսֆերը գնելու մտադրություն ունի նաեւ «Բավարիա»-ն:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ
«Յուվենտուս»-ը հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ծառայություններով: Թուրինյան ակումբի ներկայացուցիչները 21-ամյա ֆուտբոլիստի վերաբերյալ տեղեկատվություն են հավաքում եւ նրան ընդգրկել են ակումբի պոտենցիալ նորեկների թվում: Ռեշֆորդի` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020թ. եւ ունի 1 տարով երկարաձգելու վերաբերյալ կետ: Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռեշֆորդը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 9 հանդիպման եւ խփել է 2 գոլ: Հիշեցնենք, որ ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` «Յուվենտուս»-ը հետաքրքրված է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեայի ծառայություններով: