«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերն ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերից մի քանիսը փորձում է ներկայացնել որպես վարչական ռեսուրսի չարաշահմամբ նախընտրական քարոզչությամբ զբաղվել: Նման մեղադրանքներ հնչեցրել են ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Մենք» դաշինքը: Ընդ որում` ՀՀԿ-ն այս կապակցությամբ հատուկ հայտարարություն էր տարածել` միայն թե հղում անելով ոչ թե ՀՀ Ընտրական օրենսգրքին (որն, ի դեպ, սահմանադրական օրենք է), այլ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական փաստաթղթերին: Սա, թերեւս, պատահական չէ. ՀՀ ԸՕ-ն, որ ընդունվել է ՀՀԿ իշխանության տարիներին, նման դեպքերում սահմանափակումներ չի նախատեսում: Ավելին, ԸՕ 4-րդ գլխի 19-րդ հոդվածը շարադրված է այսպես. «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը»:
Ասել է թե` ՀՀԿ-ականներն ընկել են իրենց իսկ փորած փոսը. ժամանակին նրանք ԸՕ-ում նման դրույթ էին ներառել նման դեպքերում իրենք իրենց ապահովագրելու համար: Բայց հիմա` իշխանափոխությունից հետո, դժգոհում են, ավելին` մատնանշում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական փաստաթղթերը, որոնք, ի դեպ, ընդունվել են հենց իրենց դեմ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից պարզել` արդյոք Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը խախտո՞ւմ են թույլ տվել: «ԱԺ ընտրությունների համար նախընտրական քարոզչությունը մեկնարկում է նոյեմբերի 26-ին եւ ավարտվում դեկտեմբերի 7-ին: Հետեւաբար բոլոր կանոնակարգումները, որոնք վերաբերում են նախընտրական քարոզչությանը, կիրառելի են միայն նշված ժամանակահատվածի շրջանակում», – նշեց նա` հավելելով,- «ԿԸՀ-ն վերահսկողություն է իրականացնում նախընտրական քարոզչության իրականացման պահպանման առումով: Այդ ժամանակահատվածը նշեցի արդեն: Կանոնակարգումները կիրառելի են միայն այդ ժամանակահատվածի համար»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում ՀՀ քաղաքաշինության, այնուհետեւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է: Ինչպես հայտնի է, գործարար Սիլվա Համբարձումյանի դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում շրջանառվում է Հարությունյանի անունը` որպես կաշառք վերցրած պաշտոնյայի: Ավելի վաղ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ասել էր, թե կաշառք վերցնելու գործով առաջիկայում ԱԺ պատգամավոր է կալանավորվելու, պարզապես իրավապահները սպասում են մի թղթի վերաբերյալ պաշտոնական պատասխանի: Եւ ահա «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն ստացել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի բնօրինակները եւ մի շարք այլ փաստաթղթեր: Նոյեմբերի 21-ին էլ ՀՔԾ-ում առերեսում էր կատարվել Համբարձումյանի եւ Հարությունյանի միջեւ, եւ գործարար կինը պնդել էր իր ցուցմունքները: Չի բացառվում` Հարությունյանը ձերբակալվի դեկտեմբերին, երբ ավարտվեն այս ԱԺ-ի լիազորությունները, եւ Հարությունյանը կորցնի պատգամավորական անձեռնմխելիությունը, որ հարկ չլինի ստանալ ԱԺ-ի համաձայնությունը:
ԲԴԽ գործունեությունը լուրջ դժգոհություն է հարուցել դատական համակարգում: Սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե հիմնական դժգոհության առիթը ԲԴԽ անդամների փակ քվեարկության եւ կայացված որոշումների չպատճառաբանված լինելն է: «Սա իսկապես մտահոգության առիթ հանդիսանալով հանդերձ, այնուամենայիվ, ուղղակիորեն կապված է գործող իրավակարգավորումների հետ»,- ասել է դատավորը: Նա տեղեկացրել է, որ դատավորների ընդհանուր ժողովի կողմից այս կապակցությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, որպեսզի օրենսդրական առաջարկներ ներկայացնեն ԲԴԽ գործունեությունը լրացուցիչ կանոնակարգելու առումով: «Այն ուղղված չէ որեւէ անձի կամ որեւէ կառույցի դեմ, այն ստեղծվել է ոչ թե ընդդեմ, այլ հանուն գործելու: Նպատակը դատական իշխանության հեղինակության եւ անկախության ամրապնդմանն առնչվող հարցերի շուրջ համապատասխան մարմիններին առաջարկներ ներկայացնելն է»,- ասել է դատավորը:
Երեւանցիների համար հավերժական խնդիր է դարձել բազմաբնակարան շենքերի աղտոտվածությունը, որ հաճախ հետեւանք է այդ շենքերում աղբատար խողովակների անմխիթար վիճակի: Պարզվում է` կա «Դավարս» ՍՊԸ, որը պարբերաբար իրականացնում է աղբամուղների բացման, նաեւ ախտահանման աշխատանքներ: Նրանք Երեւանի քաղաքապետարանի հետ ժամանակին պայմանագիր են կնքել: «Ժողովուրդ» օրաթերթին այս ՍՊԸ պատասխանատուները փոխանցել են` քլորով ախտահանման աշխատանքներ իրականացնում են յուրաքանչյուր տարվա հոկտեմբերից մարտ ամիսը ընկած ժամանակահատվածում երկու ամիսը մեկ անգամ, իսկ ահա ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում` բազմաբնակարան շենքերի մուտքերը, աղբամուղները, դրանց դռնակները: Սակայն բնակիչների մեծ մասը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդում է` երբեւէ չեն տեսել ախտահանման աշխատանքները. աղբախցերը տարիներ շարունակ չեն մաքրվում, չեն լվացվում, ախտահանման մասին ավելորդ է խոսել: Աղբախցի մաքրման աշխատանքները պետք է իրականացնի «Սանիտեք» ընկերությունը, որը այս հարցում եւս պարապուրդի է մատնված:
ԱՆԻՄԱՍՏ ԾԱԽՍ
ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ ԵՄ-ն իր հերթին, ԱՄՆ կառավարությունն իր հերթին ֆինանսական օժանդակություն են ցուցաբերելու: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին հայտարարել է, թե ԵՄ-ն 850 հազար եվրո է տրամադրելու խորհրդարանական ընտրությունների վերահսկման նպատակով. իրականացվելու է երեք նոր ծրագիր: Դրանք ուղղված են քաղաքացիական հասարակության ներգրավմանն ու վերահսկողության ուժեղացմանը` որպես ժողովրդավարական ընտրությունների գործընթացի անբաժանելի տարրեր: ԱՄՆ-ն էլ ՀՀ կառավարությանը 8 մլն դոլար է տրամադրելու: Դեսպանատան մամուլի ծառայության փոխանցմամբ` այդ 8 միլիոն ԱՄՆ դոլարի համաձայնագիրը համալրում է հունիսին ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից տրամադրված ավելի քան 640 հազար ԱՄՆ դոլարը, որի նպատակն է անցումային գործընթացներում, այդ թվում եւ ԱԺ ընտրություններում, ՀՀ կառավարությանն օժանդակելը, հանրային կարծիքի անկախ ուսումնասիրությունների, ռազմավարական հաղորդակցության շուրջ ուսուցման եւ քաղաքացիական հասարակության խմբերին ընտրությունների դիտարկման հարցում խորհրդատվության ապահովումը ֆինանսավորելը:
ԵՄ-ի ու ԱՄՆ-ի այս նախաձեռնությունն անշուշտ ողջունելի է, բայց միաժամանակ` անիմաստ: Ինչպես հիշում եք, 2017թ. ԱԺ ընտրությունների նախաշեմին` երկարատեւ պայքարից հետո, ընդունվեց Ընտրական օրենսգիրքը, որտեղ ընդդիմության ու քաղաքացիական հասարակության պահանջով ներառվեցին ընտրակեղծիքների հնարավորություններն էապես սահմանափակող դրույթներ: Այն ժամանակ ԵՄ-ն, ԱՄՆ-ն ու մի քանի այլ երկրներ անհրաժեշտ գումար տրամադրեցին տեսախցիկներ, ընտրողներին մատնահետքով գրանցելու սարքավորումներ ձեռք բերելու եւ քվեարկության օրը ընտրատեղամասերից օնլայն հեռարձակում ապահովելու նպատակով: Սա պետք էր, քանի որ ակնհայտ էր` ՀՀԿ-ն պատրաստ է ամեն գնով կեղծել ընտրությունների արդյունքները նոր խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալու եւ սեփական իշխանության վերարտադրության համար:
Մինչդեռ հիմա նման ծախսերն անիմաստ են. ի տարբերություն ՀՀԿ-ի` Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ունի ժողովրդի գերակշիռ մասի աջակցությունը, եւ առանց որեւէ ընտրախախտման նրա ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը կարող է բացարձակ մեծամասնություն կազմել ԱԺ-ում: Սա, ի դեպ, ընդունում են նաեւ Փաշինյանի քաղաքական հակառակորդները: Բացի այդ, նոր իշխանությունն ապացուցել է, որ առանց միջազգային հանրության պահանջի ունի քաղաքական կամք ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու եւ ընտրակեղծիքները կանխելու համար: Վկան Երեւանի ավագանու վերջին արտահերթ ընտրություններն էին: