ՕԵԿ-Ը ԽՈՍՈՒՄ Է ՄԱՔՈՒՐ ԱՆՑՅԱԼԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գալիք խորհրդարանական ընտրությունների մասին խոսել է «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի հետ:

-Տիկի՛ն Բիշարյան, ինչո՞ւ ՕԵԿ-ը որոշեց մասնակցել ընտրություններին:
-Եթե նայեք ՕԵԿ-ի կենսագրությունը, կտեսնեք, որ գրեթե չկան ընտրություններ, որին չի մասնակցել: Կուսակցությունը մշտապես եղել է խորհրդարանական ուժ, բարեխղճորեն կատարել է իր առաքելությունը ժողովրդի առջեւ եւ, բնականաբար, դրանք այն բոլոր առիթներն են, որի համար շարունակում ենք մեր մասնակցությունը:
-Հաշվի առնելով ներկայիս քաղաքական վիճակը` ՕԵԿ-ը ի՞նչ շանսեր ունի խորհրդարանում հայտնվելու:
-Դա արդեն այն բարի ցանկությունների շարքից է, որտեղ պիտի կանխատեսումներ անեմ: Պետք է ասեմ, որ ՕԵԿ-ը ունի անցած ճանապարհ, որը շատ կարեւոր է, որ հասարակությունը գնահատի` ինչ են արել քաղաքական ուժերը, եւ դրանով նաեւ մտածի, որ խորհրդարանում պետք է հայտնվեն գրագետ գործիչներ եւ մարդիկ, որոնք կարող են խորհրդարանի անունը բարձր պահել, ժողովրդի մատից փուշ հանել, որ կարող են ոչ միայն երկրում, այլեւ երկրից դուրս բարձր պահել պետության պատիվը, նման քաղաքական ուժերը պետք է հայտնվեն խորհրդարանում: Ես կարծում եմ` ՕԵԿ-ը ցույց է տվել, որ բոլոր հարցերով ժողովրդի կողքին է, որքան էլ որ կառավարման վատ տարիներ են եղել, միեւնույնն է, դրա մեջ ՕԵԿ-ը եղել է այն մաքուր ու լուսավոր ուժը, որը կատարել է իր առաքելությունը եւ փորձել է ներսից օրենսդրորեն փոխել ժողովրդի կյանքը: Կարող են ինչ-որ քննադատություններ լինել կուսակցության հասցեին, բայց չի կարող մի ուժը 20 տարի լինել քաղաքականության մեջ եւ թերություններ չունենալ, բայց դրանք փոքրիկ խնդիրներ են, որովհետեւ ՕԵԿ-ը իր անցած ճանապարհով ապացուցել է, որ պայքարել է խնդիրներ լուծելու համար: Հույս ունեմ` ժողովուրդը կլսի բոլոր ուժերի ծրագրերը եւ ճիշտ որոշում կկայացնի: Ցանկալի է, որ լինեն բանավեճեր ցուցակների առաջին համարների մակարդակով:
-Երեւանի ավագանու ընտրություններից հետո ասացիք, որ Ձեր` ավագանիում չհայտնվելու պատճառն այն է, որ ժողովուրդը էյֆորիայի տակ էր: Հիմա մտավախություն չկա՞, որ չեք լինի խորհրդարանում:
-Քաղաքական ուժերը չպետք է վախենան էյֆորիայից եւ հեղափոխությունից: Այն ուժերը, որոնք որոշել են մասնակցել, շատ լավ գիտակցում են, որ տեղի է ունեցել հեղափոխություն, եւ հետհեղափոխական շրջանում դժվար է լինելու բոլորի համար: Ես` որպես փորձառու քաղաքական գործիչ, ուշադրություն եմ դարձնում, թե ովքեր են մասնակցում ընտրություններին, տեսնում եմ` ինչ ձեռագիր ու աշխատանք են թողել, որքանով են կապված տարբեր աղմկահարույց խնդիրների հետ, եւ եթե նրանք համարձակություն են ունենում նորից մասնակցելու, ինչո՞ւ ՕԵԿ-ը չպիտի մասնակցի շատ վճռական, քանի որ ունի մաքուր անցյալ: Վստահ եմ` արդար ընտրություններ կլինեն: Թեպետ շատ եմ լսում, որ որոշ ուժեր տարբեր համայնքներում իրենց շուրջը մարդկանց են հավաքում եւ ուղղորդումներ անում, վճարում են նրանց, չգիտեմ` ինչեր են անում: Հույս ունեմ` համապատասխան մարմինները ուշադրություն կդարձնեն դրան:
-Ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը ամբողջությամբ գոհացնո՞ւմ է ՕԵԿ-ին:
-Չկա նման իշխանություն, որ չունենա թերություններ: Կան բազմաթիվ դժգոհություններ, բազմաթիվ ուղղություններ, որոնք տեղում դոփում են: Մեր քարոզարշավի ժամանակ կխոսենք այդ մասին: Մենք հեղափոխությանը սատարող քաղաքական ուժ ենք եւ պետք է օգնենք, որ շատ խնդիրներ լուծումներ ստանան: Մեր սիրտը շատ բաների համար ցավում է, եւ մենք պետք է աջակցենք, որ հեղափոխությունից հետո քաղաքական բոլոր գործընթացները այնպիսի որակ ունենան, որ երկրում իրոք բան փոխվի:
-Ըստ Ձեզ` Հանրապետական կուսակցությունը կլինի՞ խորհրդարանում:
-Դժվար հարց եք տալիս: Ժողովուրդը պետք է որոշի բոլոր քաղաքական ուժերի ճակատագիրը: Ժողովուրդը ազատ է մտածելու, որոշելու: Մենք չպետք է նորից ձայն տանք այն քաղաքական ուժերին, որոնք մութ անցյալ ունեն եւ հայտնի են իրենց քրեաօլիգարխիկ կերպարներով, փողի տոպրակներով: Նմանատիպ մարդկանց եթե հասարակությունը պետք է նորից ձայն տա, ապա ժողովուրդը ուզում է այդպիսի կերպարներ: Դեբատները պետք է շատ լինեն, որ հնարավորություն ունենանք ժողովրդին ճիշտ ուղղորդելու ունենալու լավագույն խորհրդարանը, որտեղ ոչ թե կգնան լալ ու խուլի նման նստելու, այլ իսկապես աշխատելու: Եթե նախկին պատկերը պետք է լինի, ոչ մի լավ բան սրանից սպասել չի կարելի:
-Ձեր նշած այս բոլոր հատկանիշները ՀՀԿ-ի՞ն են վերաբերում:
-Ես, ընդհանրապես, որեւէ մեկին նկատի չունեմ: ՀՀԿ-ում էլ կան քաղաքական դեմքեր, մարդիկ, որոնք ուզում են պայքարել իրենց ապագայի համար: Նոր իշխանությունն ասում է` էսպիսի մարդիկ չպիտի լինեն, էնպիսի մարդիկ չպիտի լինեն, բայց այսօր որ նայում եմ ցուցակներն ու քաղաքական ուժերին, տեսնում եմ, որ ամեն ինչ էլ կա էդտեղ: Սա ինձ անհանգստացնում է. այսինքն` ոչինչ չի փոխվել: Եթե ժողովրդի մտածողության մեջ էլ ոչինչ չփոխվի, ապա ես շատ կափսոսամ այս հեղափոխությունը:
-Ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը: Վերջինս մասնակցելո՞ւ է ամբողջ քարոզարշավին: Եվ հաշվի առնելով եղանակային վատ պայմանները` ինչպե՞ս եք պատկերացնում քարոզարշավի իրականացումը:
-Այո: Ամբողջությամբ ինքն է անցկացնելու քարոզարշավը: Հնարավոր է` որոշ տեղերում կուղեկցեմ նրան: Պետք է փորձենք քայլել, իրականացնել բակային հանդիպումներ, բոլոր ֆորմատներից օգտվելու ենք: Բոլոր մարզերում միանշանակ լինելու ենք:

 

 

ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ

Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, 2017թ. ԱԺ ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային ընտրացուցակով առաջադրված, բայց եւ չընտրված Արագած Ախոյանն ամիսներ առաջ անդամակցեց «Ալյանս» կուսակցությանը, իսկ այսօր ԲՀԿ ռեյտինգային ցուցակում է: ԲՀԿ-ից դուրս գալուց հետո ՀՀԿ-ով առաջադրվելիս Ախոյանը ստացավ 2442 ձայն: «Ժողովուրդ» օրաթերթը այս մասին զրուցել է պատգամավորի թեկնածու Արագած Ախոյանի հետ:

-Պարո՛ն Ախոյան, հաշվի առնելով նախորդ ընտրությունները` ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:
-Այս ընտրությունները խիստ տարբերում եմ մնացած բոլոր ընտրություններից: Այն յուրահատուկ է այն առումով, որ չկա նախկին աշխատելաոճը կամ գոյություն ունեցող արատավոր պետական լծակների միջամտությունը: Կարծում եմ` այսօր ամբողջը կլինի մարդու հեղինակության եւ իր վարքագծի հետ կապված: Եթե ասեմ, որ փայլուն եմ գնահատում իմ շանսերը, ոչ, բայց հույսս այն է, որ 10 տարի աշխատել եմ, շփվել եմ, ժողովուրդը տեսել է իմ արածը: Ռեյտինգային համակարգին միշտ դեմ եմ եղել, որովհետեւ ոչ մեկը չի նայում ծրագրերին: Ասում են` սա իմ ծանոթն է, սա հորեղբորս տղան է եւ այլն: Բայց եթե հաշվի առնենք իմ անցած ճանապարհը, հեղինակությունը, ամեն բան լավ է: Էնպես չի, որ ինձ չեն ճանաչում: Աշխատել է պետք: Ժողովրդին ասելիք ունեմ, առաջարկներ ունեմ: Ինքը կորոշի` ում տա իր քվեն:
-Դուք անցած անգամ առաջադրված էիք Հանրապետական կուսակցության ցուցակով, այս անգամ` ԲՀԿ: Ինչո՞ւ:
-Քանի որ սահմանդրությունը թույլ չէր տալիս անհատ առաջադրումները, բնականաբար, պետք է լինեի ինչ-որ կուսակցության ցուցակում: Բայց ես եղել եմ անկուսակցական, ուղղակի այն ժամանակ քննարկումների արդյունքում որոշվեց, որ իմ լինելը պառլամենտում օգուտ է պետության համար, դրա համար ընտրվեց այդ տարբերակը: Հիմա հասկանում եմ, որ չեմ կարող պատասխան տալ մի կուսակցության վարքագծի համար, որի հետ կապ չեմ ունեցել: Էլ ո՞ւր պիտի գնայի, եթե ոչ ԲՀԿ:
-Բայց ժամանակին ԲՀԿ-ից հեռացաք:
-Ես ԲՀԿ-ի հիմնադիրներից եմ եղել: Եղել է պահ, երբ քաղաքական վեկտոր է փոխվել, որի հետ համաձայն չեմ եղել եւ ազատ արտահայտել եմ իմ դիրքորոշումը: Հետո տեսանք, որ ամեն ինչ վերականգնվեց, ամեն ինչ նորմալ է, ես եկել եմ հոգեհարազատ միջավայր:

Նյութերը՝ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻ

 

 

ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ԵՆ
ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, թե վստահ է` Հանրապետականի նկատմամբ հանրության շրջանում մեծ հետաքրքրություն կա, բայց իրենք քարոզարշավը ավելի շատ մամուլի միջոցով կիրականացնեն: Կարելի է ենթադրել, որ ՀՀԿ-ականներն այնուամենայնիվ խուսափում են հասարակության մեջ երեւալուց եւ գերադասում են միջնորդավորված շփումը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը փորձում էր համոզել` «Բադասարյանը նկատի է ունեցել, որ երկու ձեւով էլ քարոզչություն իրականացվելու է. այսինքն` ե՛ւ լրատվամիջոցների միջոցով, ե՛ւ բակային հանդիպումների, ժողովրդի հետ շփման»։ Հարցին` արդյոք ՀՀԿ-ն վախենո՞ւմ է դուրս գալ մարդկանց մեջ, դրա համար է որոշել քարոզարշավը լրատվամիջոցներով իրականացնել, Եսայանը բացասական պատասխան տվեց. «Թյուր կարծիք կա այն մասին, որ հանրապետականները վախենում են շփվել մարդկանց հետ եւ այլն։ Հիմա ՀՀԿ-ի հանդեպ հասարակության տրամադրվածությունը բավականին լավ է. մենք նման խնդիր չունենք»:

 

 

ՏԱՐԲԵՐ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ
2017 թվականի հերթական ընտրություններից հետո ՀՀԿ քվոտայով պատգամավոր դարձած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ Կնյազ Հասանովը (քուրդ) եւ Արսեն Միխայլովը (ասորի) այս անգամ ընդգրկված են «Իմ քայլը» դաշինքի ցուցակում: Յուրաքանչյուր փոքրամասնությունից մեկական հոգի է ներկայացված այս ուժի ցանկում` Ռուստամ Բակոյան (եզդի) եւ Ալեքսեյ Սանդիկովը (ռուս): «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ռուստամ Բակոյանը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ընկերն է եւ հենց նրա առաջարկությամբ եւ աջակցությամբ է ընդգրկվել իշխող ուժի ցուցակում: ԲՀԿ-ի ցուցակում բացակայում է միայն քուրդ ներկայացուցիչը, իսկ գործող պատգամավոր Տատյանա Միքայելյանը (ռուս) կրկին ցուցակում է: Սակայն կան ուժեր, ովքեր առհասարակ ազգային փոքրամասնությունների ցուցակ չունեն, օրինակ` ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Մենք» դաշինքը: ՕԵԿ-ը ներկայացրել է միայն ռուս ներկայացուցիչ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էլ` 2 եզդի եւ 2 ասորի:

 

 

ՆԱԽԱԳԱՀԻՑ ՄԻՆՉԵՎ ԴԱՏԱՐԱՆ
Դատավորի թեկնածու Մարինա Տաշչյանը, որը ԲԴԽ-ի գործողությունները վիճարկելու համար դիմել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, այժմ դիմել է դատարան: Դատավորի թեկնածուն պահանջել է դատարանին ստիպել ԲԴԽ-ին. «Տրամադրել ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 116-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան կայացված ԲԴԽ որոշման օրինակը` Աշխեն Ղարսալյանին դատավորների թեկնածությունների ցուցակից հանելու վերաբերյալ»: Ասել է թե` թեկնածուին իր անձի հետ կապված փաստաթղթերը չեն տրամադրել, եւ հիմա նա փորձում է դրանք ստանալ դատական ճանապարհով:




Լրահոս