ԲՐԵՔԶԻԹԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ՞ ՎԱՐՉԱՊԵՏ ՄԵՅԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Թագավորությունն ապրում է բարդագույն ժամանակներ` հաշվի առնելով Եվրոպական Միությունից դուրս գալու մարտահրավերը: Գործընթացը մոտենում է իր եզրագծին` հաշվի առնելով ապահարզանի պայմանագրի նախագծի քննարկումը ՄԹ-ի խորհրդարանում: Սակայն ՄԹ վարչապետ Թերեզա Մեյը կարծես չի կարողանում համոզել ոչ միայն խորհրդարանականներին, այլեւ կառավարության որոշ անդամներին:

Պայմանագրի նախագիծը թեպետ դեռեւս վերջնականորեն հաստատված չէ Լոնդոնի ու Բրյուսելի միջեւ, սակայն հիմնական հարցերը կարծես համաձայնեցված են` փորձելով կանխել կոշտ բաժանման տարբերակը: Այն բաղկացած է 585 էջից` կցված ՄԹ-ԵՄ հետագա հարաբերությունների մասին հատուկ հռչակագրով: Այդ պայմանագիրը դեռ պետք է ստանա ԵՄ 27 երկրների կառավարությունների վավերացումը, հաստատվի Միացյալ Թագավորության ու Եվրոպական Միության խորհրդարանների կողմից: Իսկ որպես մոտավոր ժամկետ դրա` գործադրման մեջ մտնելու համար նախանշվում է 2019թ. մարտը: Մինչ այդ, սակայն, ՄԹ վարչապետ Մեյը դեռ պետք է ստանա իր պետության խորհրդարանի համաձայնությունը, որպեսզի իրավական ու ընթացակարգային գործերը բնականոն հուն մտնեն նաեւ ԵՄ-ի ներսում: Երկու օր առաջ Մեյը խորհրդարանում ներկայացրեց պայմանագրի նախագիծը, որը մեծագույն դժվարությամբ էր ընդունվել նրա իսկ ղեկավարության ներքո գտնվող կառավարական կաբինետում: Թեպետ ՄԹ կառավարությունը տվել է իր համաձայնությունը նախագծին, սակայն դա թանկ արժեցավ վարչապետի համար: Նրա կառավարության չորս նախարարները, այդ թվում` Բրեքզիթի հարցերով նախարար Դոմինիկ Ռաաբն ու Աշխատանքի նախարար Էսթեր ՄըքՎեյը, հրաժարական ներկայացրին եւ հրապարակայնորեն իրենց անհամաձայնությունն արտահայտեցին նախագծի վերաբերյալ: Նախարարներն այդ դիրքորոշումը պայմանավորել են ԵՄ-ի հետ համաձայնագրի հակասականությամբ ՄԹ-ի շահերի համատեքստում` շեշտելով, որ այն չի արտահայտում 2016թ. հանրաքվեի ոգին ու հասարակությանը տված խոստումները:
Ի հակառակ նախարարների` Մեյը համոզված է, որ համաձայնագիրը համապատասխանում է ՄԹ-ի ազգային շահերին: Ավելին` վարչապետը հանդես եկավ հստակ ուղերձով, որ այդ համաձայնագիրը չունի կենսական ու լուրջ այլընտրանք: Մեյն այս տեսնակյունից թերեւս լիովին անկեղծ է, քանի որ ԵՄ-ի հետ նախընթաց բանակցությունները ապացուցել են, որ ՄԹ-ը միությունից դուրս է գալու կորուստներով: Եվ ահա այժմ խնդիրը դրանք նվազեցնելն է եւ ոչ թե ինչ-որ նոր ու դրական պայմանագիր պոկելը: Անշուշտ, առանձին անհատներ կարող են այլ կարծիք ունենալ ու դրա միջոցով փորձել սպասարկել սեփական քաղաքական շահը, սակայն կառավարության ղեկավարի կարծիքով` այլ շահավետ պայմանագիր ԵՄ-ն դժվար թե առաջարկի: Թերեզա Մեյի համոզմամբ` դա առավելագույնն էր, որ հնարավոր է եղել քաղել բանակցություններից: Խորհրդարանում 3 ժամ շարունակ նա պատասխանում էր ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իր կուսակցության պատգամավորների սուր հարցերին, որոնք համաձայնագրի նախագիծը որակում էին որպես «վիթխարի ու վնասակար ձախողում» եւ «ժամանակակից հիշողության մեջ պետական ինքնիշխանության կամավոր մեծագույն հանձնում»: Ըստ ընդդիմացող պատգամավորների` համաձայնագիրը աղքատացնելու է թագավորությունը, ինչպես նաեւ ագրեսիվորեն մերժվելու է հասարակության կողմից: Մեյի նախագիծը ոմանք համարում էին թագավորությունը բաժան-բաժան անող, պետության շահերը ոտնահարող մեռած փաստաթուղթ: Այդ քննադատների շարքում են ոչ միայն անձինք, ովքեր լրիվ այլ փաստաթուղթ էին պատկերացնում եւ հույս ունեին ԵՄ-ից մեծ զիջումներ կորզել, այլեւ նրանք, ում պատկերացմամբ Բրեքզիթն անթույլատրելի պերճանք է, եւ հարկավոր է օր առաջ կասեցնել գործընթացն ու մնալ ԵՄ-ի կազմում: Այդուհանդերձ, նրա կարծիքը կարծես թե ամբողջովին համոզիչ չի եղել խորհրդարանականների համար:
Նոյեմբերի 25-ին նախատեսվում է ԵՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որի ժամանակ արդեն պետք է հստակ լինի` համաձայնագիրը կնքվո՞ւմ է, թե՞ ոչ: Այդ պատճառով է, որ Մեյի կառավարությունը ձգտում է շուտափույթ ստանալ խորհրդարանի համաձայնությունը` եզրափակիչ ռաունդին ընդառաջ: Սակայն վերջինն այնքան էլ իրական չի թվում, քանի որ խորհրդարանում Մեյը բախվում է լուրջ դիմադրության: Հս. Իռլանդիայի ժողովրդական միավորման կուսակցությունը, որի աջակցությամբ է Մեյը պահպանել խորհրդարանական ֆորմալ մեծամասնությունը, հստակորեն դեմ է ՄԹ-ի ներքին սահմանազատմանը: Դրան գումարվում են լեյբորիստները, որոնց առաջնորդ Ջերեմի Քորբինը ամբողջ պետության շահերին հակասող է որակել նշյալ համաձայնագիրը: Իսկ լիբերալ-դեմոկրատներն ընդհանրապես առաջարկել են առկախել գործընթացն ու նոր հանրաքվե նշանակել: Խնդիրներ կան նաեւ Մեյի կուսակցության` պահպանողականների ներսում, քանի որ այստեղ էլ մի մեծ թեւ վճռական է ԵՄ-ն առանց համաձայնության լքելու հարցում, եւ խիստ հավանական է, որ կփորձի սաբոտաժի ենթարկել կառավարության ներկայացրած նախագծի քվեարկությունը: Դատելով առկա ուժերի շահախնդրություններից` կարելի է կարծել, որ ԵՄ ղեկավարների գագաթնաժողովին Մեյը չի ներկայանա համաձայնության հստակ երաշխիքով: Իսկ այդ պարագայում դեկտեմբերին էլ կձախողվի ԵՄ երկրների կառավարությունների ու խորհրդարանների վավերացումը` ինքնըստինքյան ակտիվացնելով ԵՄ-ՄԹ ապահարզանն առանց պայմանագրի: Սա էլ աղետալի կլինի Միացյալ Թագավորության համար, ինչը թերեւս հնարավոր կլինի մեղմել միմիայն նոր հանրաքվե անցկացնելու միջոցով` տարբերակ համարելով նաեւ վարչապետի ու կառավարության վաղաժամ հրաժարականը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՋԵՌՈՒՑՄԱՆ ԽՆԴԻՐ
Գյումրիում գործում է 24 մանկապարտեզ։ Այս տարի 2-ը հիմնանորոգվել են ամբողջությամբ, 2-ում էլ ջեռուցման խնդիր է լուծվել։ Շենքային խնդիրներ գրեթե բոլոր մանկապարտեզներում կան, բայց, ընդհանուր առմամբ, 7 մանկապարտեզում խնդիրն օրհասական է, դրանցում լոկալ ջեռուցում չկա։ Խնդիրը սրվում է, երբ եղանակային պայմաններն են վատթարանում։ 7 մանկապարտեզից 3-ը տնակային են։ Դրանք ջեռուցվում են գազի վառարաններով։ 18 աստիճանին մոտ ջերմաստիճան ապահովել թեեւ ստացվում է, բայց դա միայն խմբասենյակներում։ Միջանցքները չեն ջեռուցվում, ինչը անհանգստացնող է ծնողների համար։ Սակայն ծնողներին առավել մտահոգում է այն, որ այժմ լուրեր են շրջանառվում, որ մանկապարտեզներում արգելվելու է գազի վառարանների շահագործումը. «Լսել ենք, որ գազի վառարաններն արգելելու են, մեր բնակարաններում էլ եկել, ստուգել ու զգուշացրել են ջեռուցման խնդիրը լուծել, տանը մի բան կանենք, բայց ի՞նչ է լինելու մանկապարտեզներում։ Առանց այն էլ շատ ծանր է օդը խմբասենյակներում, միջանցքներում էլ ցուրտ է, բայց առանց վառարանի ի՞նչ կլինի»,-ասաց ծնողներից մեկը։
Գազի վառարանների շահագործումը արգելելու մասին լուրեր Գյումրու համայնքապետարանի Կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանը չէր լսել, մեր հետ զրույցում ասաց, որ նման որոշումը մեծ խնդիրների առաջ կկանգնեցնի ոչ միայն Գյումրու, այլեւ գյուղական բնակավայրերում գործող մանկապարտեզներին. «Ես նման բան չեմ լսել, ո՞նց են արգելում, երբ այդքան մանկապարտեզ վառարանով է ջեռուցվում։ Ունենք 7 մանկապարտեզ, որոնցից 3-ը տնակային է, 2-3-ում էլ մասամբ է վառարանով ջեռուցվում։ Անվտանգության կանոնները պահպանված են, ինչ պահանջներ կան, ապահովված է։ Արգելելու վերաբերյալ գրավոր որեւէ հրահանգ դեռ չենք ստացել»,-ասաց Գյումրու համայնքապետարանի Կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանը։
Գյումրու ավագանու «Գալա» խմբակցությունը նախագծով էր հանդես եկել եւ առաջարկում էր մանկապարտեզները Գյումրիում դարձնել անվճար, ինչպես մայրաքաղաքում։ Այդ կերպ բոլոր փոքրիկների համար հավասար պայմաններ կստեղծվեին, սակայն նախագիծը կյանքի չկոչվեց։ Անհրաժեշտ էին ֆինանսական լուրջ միջոցներ, ինչի հնարավորությունը Գյումրիում չկար՝ բյուջեի միջոցների սղությամբ պայմանավորված։
Իսկ մանկապարտեզներում վարձավճարը տատանվում է 7000-8000 դրամի շրջանակում, ինչը Գյումրու պայմաններում հասանելի չէ բոլորի գրապաններին։ Ջեռուցման սեզոնին էլ մանկապարտեզների ֆինանսական վիճակն առավել է սրվում։ Արդյունքում խնայողությունների հաշվին նորմային մոտ ջեռուցում մի կերպ է հաջողվում ապահովել։ Որոշակի ներդրումներ Գյումրու բյուջեից էլ տրամադրվում են, բայց խնդիրն այդ կերպ չի լուծվում։ Հսկայական ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, միջոցներ, որոնք չկան:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի

 

 

ՊՂՆՁԱՁՈՒԼԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԼՔՈՒՄ ԵՆ ԵՐԿԻՐԸ

Հոկտեմբերի 18-ից փակված Ալավերդի պղնձաձուլական գործարանի աշխատողներից մի քանիսն արդեն Հայաստանից մեկնել են արտագնա աշխատանքի:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործարանի աշխատողները սպասում են վաղվան: Բանն այն է, որ ընկերության ղեկավարությունը խոստացել է հենց նոյեմբերի 23-ին հստակ պատասխանել` գործարանը կաշխատի, թե ոչ:
Գործարանի մետալուրգիական արտադրամասի աշխատող Արմեն Կիրակոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չթաքցրեց, որ ինքը եւ մյուս աշխատողները դրական հույսեր են կապում նեյեմբերի 23-ի հետ: Նրանք ակնկալում են, որ գործարանը թեկուզ ժամանակավոր, բայց կաշխատի: Մինչ այդ, գործարանի աշխատողներից մի քանիսը Հայաստանից մեկնել են: Եթե այս հարցը չկարգավորվի, ապա հեռացողների թիվը կավելանա:
«Հենց այսօր (նկատի ունի երեկ) մեր մոտից գործարանի աշխատող մեկնեց Կիեւ արտագնա աշխատանքի, ընդ որում` գործարանի համար կարեւորագույն մասնագետ` ավագ կոնվերտրագործ, ով հենց սեւ պղինձն էր ստանում: Այս խնդիրը դեռ համատարած բնույթ չի կրում, բայց արդեն 5-6 հոգի մետալուրգներ գնացել են Ռուսաստան արտագնա աշխատանքի: Կան նաեւ աշխատողներ, ովքեր Ալավերդիից տեղափոխվում են Հայաստանի այլ քաղաքներ, հիմնականում հաստատվում են Երեւանում եւ այնտեղ էլ աշխատանք են փնտրում»,- ներկայացրեց Արմեն Կիրակոսյանը:
Ապա հայտարարեց, որ գործարանը չաշխատելու դեպքում իրենք շարունակելու են իրենց պայքարը: «Թե չէ այսպես շարունակել անհնար է, ձմռան բերանին մարդկանց փաստի առաջ են կանգնեցրել, էլ չենք խոսում վարկային պարտավորությունների մասին, որոնք ուղղակի չեն կարող մարել»,- նկատեց գործարանի աշխատողը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս