«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ զրուցել է երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր Արա Գեւորգյանի հետ:
-Պարո՛ն Գեւորգյան, հիմա ինչո՞վ եք զբաղված: Աշխատանքային ի՞նչ փուլում եք գտնվում:
-Այս տարի թողարկվեց իմ նոր ձայնասկավառակը, որի մեջ տեղ գտավ նաեւ «Երեւան 2800» ստեղծագործությունը: 236 քանոնահարներով նկարահանվեց տեսահոլովակ, որն արդեն մոնտաժման փուլում է: Տեսահոլովակը շատ յուրահատուկ է, նաեւ վերեւից է նկարված, որտեղ քանոններով գրված է Երեւան: Ռեժիսոր` Վահան Սեթոյան, եւ գլխավոր օպերատոր` Արթուր Ղարայան: Տեսահոլովակի վրա դեռ աշխատում են, մոտ մեկ շաբաթից հավանաբար կավարտենք:
Նաեւ տեղեկացա, որ նոյեմբերի 26-ին նշվում է դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի 90 ամյակը: Վարպետին առաջարկեցի պատրաստեմ 90 դուդուկահարներով մի կատարում: Ընտրվեց «Ամեն Հայր սուրբ» հոգեւոր երաժշտությունը: Առաջարկս վարպետն էլ շատ մեծ ուրախությամբ ընդունեց: Կհնչի հրաշալի մի ստեղծագործություն, որն իր տեսակի մեջ բացառիկ է: Նշեմ, որ միջոցառումը կայանալու է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նախատեսված է 90 դուդուկահար, սակայն 100-ն արդեն անցել ենք: Ուզում եմ` վարպետն իրեն լավ զգա: Մենք պարտավոր ենք նրանց հայտնել մեր երախտիքի խոսքը: Հիշեցնեմ, որ Շառլ Ազնավուրի մահվան գիշերը ես գրեցի երգ` «Շորհակալությո՛ւն քեզ, մե՛ր Շառլ», իսկ հաջորդ օրը երգը թարգմանվեց ֆրանսերենով եւ ձայնագրվեց ֆրանսիայից ժամանած երգիչ Ադամ Բառոի կատարմամբ: Սա երախտիքի երգ էր` նիրված Շառլ Ազնավուրին: Եվ այսօր երախտիքի ստեղծագործություն է հնչում նաեւ Ջիվան Գասպարյանի համար, որ այդ մարդը ամբողջ աշխարհում տարածել, ներկայացրել է մեր դուդուկը: Պետական պաշտոնյաներն իրենց խոսքն ասում են մեդալներով, իսկ մենք պարզ ժողովրդի նման ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնել:
-Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ի՞նչ փոփոխություններ են եղել Ձեր կյանքում, ինչու չէ, նաեւ ձեր ոլորտում: Էական փոփոխություններ զգացե՞լ եք:
-Ոնց եղել եմ միշտ, էնպես էլ մնացել եմ հիմա: Իմ դիրքորոշումները կյանքի նկատմամբ միշտ եղել են հստակ եւ մաքուր: Աշխատում եմ լինել զուսպ, ուրիշին վատություն չեմ արել եւ չեմ չարախոսում: Այսօր բոլորս բաժանվում ենք իրարից, դա մեր թշնամիների երազանքն է: Նրանք ամեն ինչ անում են, որ մեզ թշնամացնեն միմյանց հետ: Կան բազմաթիվ կուսակցություններ եւ տարբեր կազմակերպություններ:
Մեր երկիրը փոքր է, եւ ամենուրեք ունեմ ընկերներ` թե՛ մանկական, թե՛ հարազատ, ճանապարհի: Չեմ կարող մեկի դրոշակը բռնել, մյուսին` նեղացնել: Իմ կարծիքով` մշակույթը քաղաքականությունից շատ բարձր է եւ աստվածային: Ես չեմ ուզում ինձ հաճելի այդ գործունեությունը թողնել եւ զբաղվել քաղաքականությամբ: Ես միշտ եղել եմ մեր Ժողովրդի հետ ու միշտ էլ լինելու եմ: Այդ ժողովրդի մեջ մենք բոլորս ենք: Մշակույթի մարդը երբ պառկում է քնելու, միայն լավ առաջարկների ու լավ մտահղացումների մասին է մտածում: Իսկ պաշտոնյաները գտնվում են անընդհատ վազքի ու պատասխանատու աշխատանքի մեջ: Վերջում հոգնած գնում են տուն ու շուտ պառկում քնելու, որպեսզի առավոտյան շուտ հասնեն, գնան նորից աշխատանքի: Ասեմ, որ ունեմ շատ առաջարկներ, որոնք կարեւոր են մեր երկրի եւ մեր քաղաքի համար: Ասածս այն է, որ մտավորականի խոսքը պետք է լսել, որովհետեւ մտավոր մարդը մտածում եւ ստեղծում է: Մեր միջամտությունը քաղաքական կյանքին պետք է լինի միայն խորհրդատվական ձեւով:
-Նշեք երեք կետ, որ կցանկանայիք` Հայաստանում փոխվի:
-Պետք է համախմբվել, հայրենիքի անվտանգությունը վեր է ամեն բանից: Հարկավոր է մոբիլիզացնել ամբողջ սփյուռքը, եւ իսկապես մարաթոնների եւ տարբեր միջոցառումների արդյունքում հզորացնել մեր բանակը:
Այն, որ ադրբեջանցիներն այսօր զինվում են տարբեր աղբյուրներից, դա բոլորս գիտենք, բայց որ պետք է բոլորն իմանան, որ մենք էլ ենք զինվում, դա մեր ապահովությունն է: Թող չիմանան, որ մենք մենակ խաղաղություն ենք գոռում: Այո, մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, սիրում ենք խաղաղություն, եւ այն մեզ համար շատ թանկ արժեք ունի: Մենք ուզում ենք ամեն ինչին խաղաղ ճանապարհով հասնել, բայց երբ տեսնում ենք, որ հարեւաններն, ատամները սրած, սպասում են հարմար առիթի, որ մեզ հոշոտեն, ապա մենք պարտավոր ենք խաղաղությունը իրենց պարտադրել: Մենք պետք է ունենանք գանձանակ, որը պետք է լցնենք ու զենքեր ձեռք բերենք: Այդ ժամանակ կլինի խաղաղություն: Աստված մի՛ արասցե, երբ պատերազմ լինի, մշակույթը պետք է դնել մի կողմ եւ պաշտպանել հայրենիքը:
-Թանկացումերի մասին ի՞նչ կասեք: Այս ընթացքում ի՞նչն է թանկացել, որ զգացել եք:
-Ես կարծում եմ, որ ՀՀ-ում չի գտնվի մի մարդ, որը կողմ լինի ցանկացած թանկացման:
-Դուք Ձեր վրա զգացե՞լ եք որեւէ ապրանքի թանկացում:
-Իհարկե զգացել եմ, բոլորն են դա զգում: Եթե դու ունես հստակ աշխատավարձ, չունես բիզնես, որ մի օր շատ լինի, մի օր` քիչ, ապա, բնականաբար, քո վրա ամեն մի չնչին թանկացում արդեն զգացվում է: Սնունդը, դեղորայքը, որն օգտագործում ենք ամեն օր, զգացնել կտա մարդկանց, հատկապես` թոշակառուներին, որոնք ամսական հստակ իրենց գումարը ստանում են: Նրանք այդքան գումարով էլ կազմակերպում են ապրելակերպը, եւ երբ մի ապրանք էլ թանկանա, արդեն իրենց հաշվարկները փոխվում են:
-ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ հարկային դաշտում պետք է ներգրավեն նաեւ շոուբիզնեսի ներկայացուցիչներին: Սպասելի՞ որոշում էր ձեզ համար: Կմուծե՞ք հարկ:
-Ես, իհարկե, կվճարեմ: Չէ՞ որ աշխատող մարդը պետք է մտածի չաշխատողի համար, եւ երբ աշխատողը հարկ է վճարում, ապա այդ հարկը նա վճարում է իր պապիկի ու տատիկի թոշակը վճարելու համար: Գոնե զուտ դրա համար արժե հարկ վճարեն այն մարդիկ, որոնք դրամ են աշխատում:
Զրուցեց ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ՄՈՎՍԻՍՅԱՆԸ` ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂՈՒՄ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակում բաժանել է երկրորդ տեղը: Ամերիկյան «Չիկագո Ֆայր»-ի հարձակվողն ընտրական փուլում մասնակցեց 4 խաղի եւ դարձավ 5 գոլի հեղինակ: 4 տարվա ընդմիջումից հետո Հայաստանի հավաքական վերադարձած Մովսիսյանից ավելի շատ գոլ է խփել միայն Սերբիայի հավաքականի եւ անգլիական «Ֆուլհեմ»-ի հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը, որը 6 խաղում աչքի ընկավ 6 անգամ:
Հայ հարձակվողը 2-5-րդ տեղերը բաժանել է շոտլանդացի Ջեյմս Ֆորեստի, շվեյցարացի Հարիս Սեֆերովիչի ու բելառուս Ստանիսլավ Դրագունի հետ: Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը 4 գոլ էր խփել Ջիբրալթարի թիմի դեմ խմբային փուլի 5-րդ տուրի խաղում` դառնալով Հայաստանի հավաքականի կազմում պոկերի հեղինակ դարձած առաջին ֆուտբոլիստը:
ԳԱՂՏՆԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Անգլիական «Լիվերպուլ»-ը բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կուոտինյոյին «Բարսելոնա»-ին վաճառելուց հետո գաղտնի պայմանագիր է կնքել կատալոնական ակումբի հետ: Պայմանագրի համաձայն` առաջիկա 3 տարում «Բարսելոնա»-ն իրավունք չունի ձեռք բերել «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստներին: Կոուտինյոյի տրանսֆերից լիվերպուլցիները ստացել էին 160 միլիոն եվրո: «Բարսելոնա»-ն նաեւ երաշխավորել է, որ առաջիկայում չի փորձի գնել անգլիական ակումբի այլ խաղացողների:
ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Ազգերի լիգայի խաղարկությունում վերջին 2 հանդիպումներից հետո վերադարձել է «Արսենալ»-ի ճամբար: Մխիթարյանը լուսանկար է հրապարակել՝ վերնագրելով «Վերադարձ «Արսենալ»»: Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբն առաջիկա հանդիպումն անցկացնելու է նոյեմբերի 25-ին` հյուրընկալվելով «Բորնմութ»-ին:
ՈՒԹԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ
Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, վերջերս ֆուտբոլիստի կարիերա սկսած Ուսեյն Բոլթը կարող է կարիերան շարունակել Մեքսիկայում: 32-ամյա ջամայկացին բանակցում է մեքսիկական «Դորադոս» ակումբի հետ, որի գլխավոր մարզիչն է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան:
Վերջերս Բոլթը հայտարարել էր, որ կհեռանա ֆուտբոլից, եթե որեւէ ակումբի հետ պայմանագիր չկնքի մինչեւ նոյեմբերի ավարտը:
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼ Է
Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ, 23-ամյա Վահագն Մարգարյանի հուղարկավորությունը կլինի այսօր` 14:00-ին, Արմավիրի մարզի Ապագա գյուղից (7-րդ փող. 12 տուն): Նշենք, որ երեկ, ի հիշատակ արտիստի, մոմավառություն էր սկսվել Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր մուտքի մոտ: Քաղաքացիներն առավոտից ծաղիկներ էին խոնարհում Օպերայի շենքի աստիճաններին` հարգանքի տուրք մատուցելով կյանքից վաղաժամ հեռացած արտիստի հիշատակին: ՀՀ մշակույթի նախարարությունը մերժել է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի մենապարող 23-ամյա Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը Օպերայում կազմակերպելու Մարգարյանի հարազատների խնդրանքը` պարզաբանելով, որ Մարգարյանը ՀՀ վաստակավոր արտիստ չէ, վերջին հրաժեշտը Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպելու համար պետք է նիստ կազմակերպել, որը մոտ 4 օր կտեւի:
Հիշեցնենք, որ Վ. Մարգարյանը մահացել է նոյեմբերի 20-ին Հերացի թիվ 1 բժշկական կենտրոնում: