Լուսանկարը` պաշտոնական լրահոսից
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ԿԸՀ է ներկայացրել ընտրողների թիվը` ըստ մարզերի ու մայրաքաղաքի վարչական շրջանների: Համաձայն ցանկի` մարզերից ամենից շատ ընտրողներ ունի Կոտայքը` 239.847 մարդ: Նշենք, որ ընտրողների ընդհանուր թիվը Հայաստանում կազմում է 2.574.916 մարդ:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե կոնկրետ ի՞նչ սոցիալական ծառայություններ են ներառված սոցիալական փաթեթի շահառուների համար:
Լիա Կիրակոսյան (41 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Կիրակոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ սոցիալական փաթեթը ներառում է հետեւյալ ծառայությունները.
1. առողջապահական փաթեթ` բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպում ու ֆինանսավորում
2. հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում
3. ուսման վճար` ԿԳՆ կողմից հաստատված ուսումնական ծրագրերով,
4. հանգստի ապահովում Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Ընդ որում` առողջապահական փաթեթն աշխատողների համար պարտադիր պայման է, որի արժեքը տարեկան կազմում է 52000 դրամ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ փաթեթում ներառված ծառայություններից կարող են օգտվել նաեւ կրթության, մշակույթի, գիտության եւ սոցիալական պաշտպանության ոլորտների պետական ոչ առեւտրային կազմակերպությունների` հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք:
ՀԱՐՑ. Մեր շենքում արդեն անհնար է դառնում ապրելը, քանի որ ամենուր առնետներ են: Մեր համատիրությունից տեղեկացնում են, որ այս առումով մեր շենքը ամենավտանգավորն է: Նույնիսկ 8-րդ հարկի լվացքի պարանի վրա է առնետ բարձրանում, այնքան շատ են: Շենքի բնակիչներով կազմակերպեցինք, որ դեղատնից համապատասխան միջոցներ ձեռք բերենք եւ առնետների դեմն առնենք, սակայն մեզ չտրամադրեցին` պատճառաբանելով, որ չեն կարող: Մի՞թե հնարավոր չէ այս հարցին լուծում տալ: Ինչպե՞ս կարելի է ապրել այս անմարդկային պայմաններում, հո խոզ չե՞նք, մարդ ենք:
ք. Երեւան, Երվանդ Քոչարի 3-րդ շենք
ՊԱՏԱՍԽԱՆ. Բնակիչների հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ Երվանդ Քոչար փողոցի հ.3 շենքի տարածքում առնետների հայտնվելու վերաբերյալ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունից տեղեկացնում են, որ «Երմիք» ՍՊԸ-ի կողմից իրականացվել են լրացուցիչ դեռատիզացիոն աշխատանքներ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարցից հասկանալի է դառնում, թե բնակիչների զայրույթն ինչ աստիճանի է հասել, որ իրենց համեմատում են խոզի հետ: Սակայն նույնը չենք կարող ասել քաղաքապետարանի ստանդարտ պատասխանի մասին: Ե՞րբ են պատկան կառույցները հասկանալու, որ միայն ձեւական աշխատանքներ տանելով` հարցը էական լուծում չի ստանում: Մարդիկ բարձրաձայնում են, որ առնետներն այնքան են շատացել, որ բարձրանում են նույնսիկ 8-րդ հարկի լվացքի պարանի վրա, իսկ քաղաքապետարանից հայտնում են, որ դեռատիզացիոն աշխատանքներ են կատարել: Այնպես որ, անհրաժեշտ են համակարգային ու լուրջ քայլեր խնդիրը լուծելու համար: