ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ձայների 66 կողմ, 4 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունել է 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշել էր, թե պատգամավորներից ստացվել է 146 առաջարկ։ Արդյունքում բյուջեի նախագծի ծախսային մասն ավելացել է 5.9 մլրդ դրամով եւ կազմել 1 տրիլիոն 648 մլրդ դրամ։ Բյուջեի յուրաքանչյուր նախագծի պարագայում ամենաշատ հետաքրքրությունը ներկայացնում են պատգամավորների առաջարկները: Եվ հատկապես վարկանիշային ընտրակարգով ընտրված պատգամավորները ներկայացնում են միայն իրենց համայնքներին վերաբերող առաջարկություններ: Այս անգամ եւս բացառություն չի եղել:

Օրինակ` ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի երեք առաջարկն էլ չի ընդունվել: Դրանցից մեկը վերաբերում էր Վանաձոր քաղաքում գտնվող երրորդ կարգի 84 բազմաբնակարան շենքերի ամրացմանը: Նա առաջարկել է նախատեսել ֆինանսավորում Վանաձորում եւ Գուգարքում գտնվող 3-րդ կարգի վթարային 84 բազմաբնակարան շենքերից առնվազն 10 ամենավատթար վիճակում գտնվող շենքերի ամրացման համար: Սակայն առաջարկությունը չի ընդունվել` հաշվի առնելով բյուջետային մուտքերի մակարդակն ու ծախսերի առաջնահերթությունը: Գեղարքունիքի մարզից պատգամավոր ընտրված Հակոբ Հակոբյանը երեք առաջարկություն է ներկայացրել, եւ երեքն էլ ընդունվել են: Այդ առաջարկությունները հիմնականում միտված են եղել սոցիալապես անապահով խավին օգնելու:
Լոռու մարզից պատգամավոր ընտրված Արկադի Համբարձումյանը 23 առաջարկ է ներկայացրած եղել, եւ հետաքրքիր է, որ դրանցից ոչ մեկը չի ընդունվել կառավարության կողմից, եւ որպես պատճառաբանություն նշվել է, թե դրանց հնարավոր կլինի անդրադառնալ հետագայում համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում միայն: Օրինակ` առաջարկներից են եղել Սպիտակ քաղաքում Քըրք-Քրքորյան փողոցի ասֆալտապատումը` 157 մլն դրամ, Լեռնանցք համայնքի մշակույթի տան կառուցման հարց՝ 150 մլն դրամ, Ջրաշեն համայնքի նոր թաղամասերի գազաֆիկացում՝ 38 մլն դրամ, Գեղասար համայնքի գերեզմանատան ցանկապատում՝ 2 մլն դրամ, Ազնվաձոր համայնքի բուժկետի կառուցում՝ 6 մլն դրամ եւ այլն:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Կիլիկիայի Հակոբը, բյուջեի նախագծի հետ կապված 111 առաջարկ էր ներկայացրել, որից ոչ ոք չի ընդունվել: Դրանցից են` Ակնաղբյուր՝ Ներհամայնքային ճանապարհների լուսավորություն, Աճարկուտ՝ համայնքային ճանապարհների վերանորոգում (անհրաժեշտ է ասֆալտապատում), Այգեհովիտ՝ Մշակույթի տան հիմնանորոգում` 150-200 մլն. դրամ, Բերքաբեր՝ խմելու եւ կենցաղային ջրի համար ներքին ցանցի կառուցում, Ներքին Ծաղկավան՝ ոռոգման ջուր, արտաքին ցանց, Վազաշեն` մանկապարտեզի վերանորոգում, Դիլիջան՝ Մշակույթի տան հիմնանորոգում` 400 մլն. դրամ եւ այլն: Այս պարագայում էլ Հակոբ Հակոբյանի առաջարկները վերաբերել են Տավուշի մարզին, որտեղից էլ նա պատգամավոր է ընտրվել: Արարատի մարզից պատգամավոր դարձած Կարինե Պողոսյանի երեք առաջարկներն էլ վերաբերել են Արտաշատ քաղաքին, սակայն այդ երեքն էլ մերժվել են: Շիրակ Թորոսյանի կողմից ներկայացված մեկ առաջարկը մերժվել է, Խոսրով Հարությունյանի մեկ առաջարկն էլ` ընդունվել: Չի ընդունվել նաեւ ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանի առաջարկությունը: Մի քանի փոփոխություն էլ նախաձեռնել էր հենց կառավարությունը, եւ արդյունքում նման պատկեր է ստացվել:
Նկատենք՝ այս անգամ առաջարկներ չեն ներկայացրել քաղաքական թեւի պատգամավորները: Միաժամանակ, որեւէ առաջարկ չի ներկայացվել խորհրդարանական խմբակցությունների անունից: Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ այս ԱԺ-ն նոյեմբերի 1-ից իրավունքի ուժով արձակվել է, սա բնական է, չնայած իրականում այստեղ խնդիրն ուրիշ է. խորհրդարանական խմբակցությունները կարծես կառավարությունից նեղացածի կեցվածք են ընդունել, իբր հարկ չեն համարում կառավարությանը որեւէ առաջարկ ներկայացնել;

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԺԱՄԿԵՏԱՆՑ ՍԵՎԸ
ԱԺ ընտրություններում ՀՀԿ նախընտրական բուկլետները, քարոզչական պաստառները սեւ-սպիտակ գույների համադրությամբ են: Սա, թերեւս, պատահական չէ, եթե հիշենք, թե ինչպես էր Երեւանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը քաղաքական դաշտը բաժանել սպիտակի եւ սեւի՝ հեղափոխականների ու հակահեղափոխականների: Ու հիմա սրանով ՀՀԿ-ն կարծես իրեն դիրքավորում է քաղաքական դաշտի գունային նույն այդ բաժանման մեջ, թեեւ «Իմ քայլը» դաշինքն այս անգամ դեռ քաղաքական ջրբաժաններ չի քաշել, իսկ ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը վերջերս քաղաքական դաշտը սեւերի եւ սպիտակների բաժանելը որակեց որպես ֆաշիզմ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Իմ քայլը» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը, անդրադառնալով այս հարցին, ասաց. «Երեւի թե քաղաքական PR-ի նոր ձեւ է գտել: Թե դա ինչքանով իրենց կօգնի, կերեւա ընտրություններից հետո: Միայն մի բան կարող եմ ասել. ժամկետնանց ապրանքը ինչով էլ որ փաթեթավորես, ինքը ներսում նույն ժամկետնանցն է մնում»:

 

 

ՆՈՐ ՕՊԵՐԱՏՈՐՆԵ՞Ր
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Երեւանի քաղաքապետարանը այս ընթացքում աշխատանքներ է տանում աղբահանության գործում մի քանի օպերատորներ ներգրավվելու ուղղությամբ: Պատճառը, ինչպես կռահում եք, «Սանիտեք» ընկերության թերի աշխատանքն է, որը վերջին ամիսներին ավելի ակնառու դարձավ: Մեր տեղեկություններով` քաղաքապետարանի այս մտադրությունը խիստ զայրացրել է «Սանիտեք»-ի ղեկավարությանը: Չէ՞ որ այլ օպերատոր ներգրավելը մենաշնորհ ունեցող «Սանիտեք»-ին ձեռնտու չէ: Չի բացառվում, որ «Սանիտեք»-ը լուծարի պայմանագիրը քաղաքապետարանի հետ: Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Սանիտեք», որտեղից հրաժարվեցին պատասխանել մեր հարցին: Իսկ քաղաքապետարանից փոխանցեցին, որ քաղաքապետարանը շարունակում է աշխատել «Սանիտեկ» ընկերության հետ` համաձայն գործող պայմանագրի, լուծելու աղբահանության հետ կապված առօրեական խնդիրները, այդ թվում` ներգրավելով ենթակապալառու ընկերությունների աղբահանությունը կազմակերպելու համար: «Աղբահանություն իրականացնող որեւէ այլ ընկերության հետ այս պահին պայմանավորվածություն կամ բանակցություն տեղի չի ունենում: Իսկ, ընդհանրապես, աղբահանության խնդիրը քաղաքապետարանի ամենաառաջնային խնդիրներից է, որի համակարգային լուծման համար ամենօրյա աշխատանք է տարվում»,- փոխանցեցին քաղաքապետարանից:

 

 

ՊԱՏՐԱՍՏ Է
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, շեշտելով, որ մշակույթի ոլորտում օրենսդրական բացերը շատ են, ասել է. «Ես պատրաստ եմ ծառայել ոչ միայն գործադիրում, այլեւ օրենսդիրում: Պատրաստ եմ լինել այնտեղ, եթե, ի վերջո, մենք քաղաքական որոշում կայացնենք եւ որոշենք, որ մեզանից ոմանք ավելի լավ է իրենց ներուժը ներդնեն օրենսդիրում, քան գործադիրում, ես պատրաստ եմ: Օրենսդրական շատ մեծ բացեր զգացել եմ, մասնավորապես թատրոնի օրենքը, կինոյի օրենքը, թանգարանների օրենքը: Այս երեքն այն առաջնահերթություններից են, որ պետք է առաջ մղվեն»: Նշենք, որ Լիլիթ Մակունցը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Իմ Քայլ»-ը դաշինքի ցուցակով:

 

 

ՆՈՐ ԶԻՆԳՐՔՈՒՅԿՆԵՐ
Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնակատար Գաբրիել Բալայանը Կառավարության նիստում ներկայացրել է պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում հաստատելու կարգը սահմանող նախագիծը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Ապրիլյան պատերազմի մասնակիցներին է հանդիպել, որոնք դժգոհել են, որ իրենց զինգրքույկներում որեւէ նշում չկա մարտական գործողություններին մասնակցության մասին: Գաբրիել Բալայանի խոսքով` որոշ զինկոմներ գրքույկներում դրել էին կնիքներ, հետո նախորդ տարիներին ջնջվեցին, էլի բողոքի ակցիաներ եղան, հիմա, որ կարգը սահմանվել է, նախարարին վերապահվել է իրավասություն կարգը եւ ձեւը սահմանելը լրացնել: Ն. Փաշինյանը հետաքրքրվել է` ի՞նչ է իրենից ենթադրում մարտական գործողություն տերմինը զինգրքույկում ամրագրելը, Գ. Բալայանն արձագանքել է` մարտերի բռնվել: Ի վերջո, Գաբրիել Բալայանը վստահեցրել է, որ մինչեւ հաջորդ ամսվա հինգը կլինեն նոր զինգրքույկները, որոնցում նշումների բաժին կլինի, այնտեղ էլ կնշվի մարտական հերթապահության մասնակցության օրերի մասին տեղեկություն:

 

 

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Մոսկվան պատրաստ է ողջունել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների կառուցողական հանդիպումը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Զախարովան նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է ողջունել ցանկացած համաձայնություն եւ շփումներ, որոնք կնպաստեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: «ՌԴ ԱԳՆ-ն պատրաստ է ողջունել հերթական ռաունդը, եթե կողմերը հանդիպման շուրջ համաձայնության հասնեն: Եթե հանդիպումը տեղի ունենա եւ կառուցողական լինի, այն կարելի է միայն ողջունել»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Պատասխանելով «բոլորը բոլորի հետ» գերիների փոխանակման Ադրբեջանի նախաձեռնության մասին հարցին, որը հայկական կողմը մերժել է` Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվան ողջունում է կողմերի ցանկացած համաձայնություն, որոնք ընթանում են գլխավոր խնդրի` հակամարտության կարգավորման հունով:

 

 

ԽԻՍՏ ՄՏԱՀՈԳ
ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը հրապարակել է ՀՀԿ-ի նախընտրական կարգախոսն ու բուկլետը: Բուկլետը սեւ ու սպիտակ գույներով է, որի վրա գրված է՝ «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին»:




Լրահոս