ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈ՞Ւ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա հարձակման գործով պատվիրատուի նկատմամբ քրեական հետապնդում այլեւս չի իրականացվի: Բանն այն է, որ գործով կալանավորված անձանցից մեկը խոստովանել է՝ ավազակային հարձակման պատվիրատուն ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն է եղել, եւ քանի որ Ղարագյոզյանն արդեն մահացել է, այդ ուղղությամբ որեւէ բան չի արվի:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին` երեկոյան ժամը 23:40-ի սահմաններում, 3 անձինք զինված հարձակվել էին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի` Կոտայքի մարզի Ձորաղբյուրում գտնվող առանձնատան վրա, եւ նրա որդուն հաջողվել էր վնասազերծել նրանցից մեկին: Մյուս երկուսը փախուստի էին դիմել: Ավելի ուշ իրավապահները հայտնեցին, որ վնասազերծված անձը Գյումրի քաղաքի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ռիժենկոն է, որպես մեղադրյալ ներգրավված երկրորդ անձը 49-ամյա Գագիկ Ղեւոնդյանն է, որին Վրաստանում հայտնաբերեցին եւ տեղափոխեցին Հայաստան: Այժմ իրավապահները Վրաստանի հետ քննարկում են նրա արտահանձնման հարցը: Վերջինս երկար տարիներ աշխատել է որպես Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի թիկնապահ: Իսկ ահա երրորդ անձը 1985 թվականին ծնված Մայիս Մկրտչյանն է, որը ծառայել է ՀՀ ոստիկանությունում, կոչումով ավագ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Այս գործը ավելի ուշ տեղափոխվեց ՀՔԾ, քանի որ գործով կալանավորվածներից մեկը ոստիկան էր:
Գործով տուժող Մկրտումյանները որեւէ մեկի նկատմամբ կասկած չունեին:
Սակայն «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահ համակարգը քննում էր վարկած, որ այս դեպքը կարող է կապ ունենալ ԱԺ նախկին պատգամավորի անվան շուրջ դատական թնջուկի հետ, երբ գործը հասել էր անգամ վճռաբեկ դատարան ու լուծում չէր ստացել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը բանկերից մեկի հետ խնդիր է ունեցել եւ չի ցանկացել կատարել բանկի հետ իր պայմանագրային պարտավորությունները: Բանկի եւ նախկին պատգամավորի միջեւ դատական վեճը հասել է ՀՀ վճռաբեկ դատարան: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախկին պատգամավորը փորձել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի միջոցով գործը լուծել իր օգտին, սակայն մերժում է ստացել: Ի սկզբանե իրավապահ համակարգը քննում էր այս վարկածը, որից հետո Երեւանում աղմկահարույց սպանություն տեղի ունեցավ:
2018 թվականի հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան Նորք-Մարաշի Այգի ռեստորանային համալիրում հնչել էին կրակոցներ: Հրազենային վնասվածքներով ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը շտապ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, բայց արդեն մահացած: Այնուհետեւ հրազենային վնասվածքներով մեկ այլ քաղաքացի եւս` Սարգիս Ավագյանը՝ Մասիսի Ծնգլ անունով, որը Կարո Կարապետյանի մտերիմներից է, հոսպիտալացվել է: Նա դեռ շարունակում է բուժումը: Մինչ իրավապահները քննում էին կրակոցների վարկածները, հայտնի դարձավ, որ սպանության հեղինակ Հարություն Ղարագյոզյանն ինքնասպան է եղել հաջորդ օրը` ժամը 11:30-ի սահմաններում: Դեպքից անմիջապես հետո պարզվեց` հանդիպումը նախաձեռնել էր Աբրահամ Մանուկյանը, որպեսզի «բարիշեցնի» Ղարագյոզյանին եւ Կարապետյանին, որոնց հարաբերությունները լարված են եղել: Մեր տեղեկություններով` մշտապես աղմկալի պատմություններով հայտնի Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, տարբեր մարդկանց տոկոսով փող է տվել եւ հետո սկսել նրանցից պահանջել իր փողերը:
Ինչեւէ, Մկրտումյանի տան վրա ավազակային հարձակման մեջ մեղադրվողներից Գագիկ Ղեւոնդյանը ցուցմունք է տվել` ասելով, թե հարձակումը կազմակերպել է Հարություն Ղարագյոզյանը, նա է պատվիրատուն: Երբ նախաքննական մարմինը հարց է տվել՝ ինչու, մեղադրյալն ասել է, թե գումար է պետք եղել, եւ նա, իմանալով, որ Արման Մկրտումյանը տանը փող կունենա, ուղղորդել է դեպի վճռաբեկ դատարանի նախկին նախագահը:
Արդյոք ճի՞շտ է Գագիկ Ղեւոնդյանի ցուցմունքը, դժվար է ասել, քանի որ ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը չկա եւ, ցավոք, որեւէ մեկը չի կարող ապացուցել նրա անմեղությունը կամ առհասարակ կապը այդ ավազակայնին հարձակման հետ: Ավելին, այս պատմությունը լսելով` հենց տուժող Արման Մկրտումյանը բավականին մեծ ցավ է ապրել` չհավատալով ներկայացվածին:
Չի բացառվում, որ Կարո Կարապետյանը Հարություն Ղարագյոզյանից իր գումարներն է պահանջել, իսկ նա էլ, ելք չունենալով, միգուցե կազմակերպել է ավազակային հարձակումը: Մեղադրյալները հիմա կփորձեն կատարվածի պատասխանատվությունը բարդել մի մարդու վրա, որն այլեւս ողջ չէ:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել Հարություն Ղարագյոզյանի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանից, սակայն վերջինս ասաց, որ ինքը պաշտպան չի ներգրավվել:
Ինչեւէ «Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է հրապարակել Հարություն Ղարագյոզյանի հարազատների մեկնաբանությունը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

74-ԱՄՅԱ ԿԻՆԸ` ԹԵԿՆԱԾՈՒ
ԲՀԿ պատգամավորական թեկնածուների ցուցակի 81-րդ տեղը զբաղեցնում է Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ Նինա Ադամյանը, ով այդ կուսակցության կողմից Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում ռեյտինգային թեկնածու է: Նա ԲՀԿ անդամ է, Բերդի տարածաշրջանի կառույցի ղեկավարը: Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում պատգամավորության թեկնածուները հիմնականում երիտասարդներ են: Այդ ֆոնին աչքի է զարնում Ն. Ադամյանի տարիքը. նա 74 տարեկան է: Չնայած իր տարիքին` Ն. Ադամյանը եռանդուն է: Բերդ քաղաքում տարածված խոսակցություններով` Ն. Ադամյանի երեւանաբնակ որդին մարտարվեստով է պարապել, նա ժամանակին եղել է Գագիկ Ծառուկյանի թեկնապահներից:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

460 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՀԱՏԿԱՑՈՒՄ
Կառավարությունը 460 միլիոն դրամ կհատկացնի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով: Որոշումն ընդունվել է կառավարության երեկվա նիստում: Գումարը կուղղվի Լոռու մարզի գյուղական բնակավայրերում պետական ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների համար կառուցապատողի կողմից առավել բարձր պատրաստականության առնվազն թվով 44 կիսակառույց բնակելի տան շինարարության ավարտմանը: Արդյունքում դեռ լուծում է պահանջում ծրագրի շահառու ճանաչված 542 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար պահանջվում է մոտ 4 միլիարդ դրամ:

 

 

ԸՆԴՈՒՆՎԵԼ Է
Ձայների 66 կողմ, 4 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունել է 2019թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Նախքան քվեարկությունը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է` թեեւ Հանրապետականը կողմ է քվեարկելու նախագծին, ինքը դեմ կքվեարկի, քանի որ այն, ըստ Շարմազանովի, հետընթաց ապահովող բյուջե է: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանը նույնպես դեմ են քվեարկել: Արդյունքում բյուջեի նախագծի ծախսային մասն ավելացել է 5.9 մլրդ դրամով եւ կազմել 1 տրիլիոն 648 մլրդ դրամ: Պետական պարտքի սպասարկմանը 2019-ին կտրամադրվի 357 մլրդ դրամ:

 

 

ԿԱՍԵՑՎԵԼ Է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Խաչատուր Խաչատրյանին պատկանող ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասում (Վայոց Ձոր, ք. Եղեգնաձոր): Պարզվել է՝ խմիչքների արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, թողարկվող արտադրանքը չի ունեցել որակն ու անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթ:

 

 

ՀԱՅՑԻՑ ՀՐԱԺԱՐՎԵՑ
2016թ. նոյեմբերի 1-ին «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն ընդդեմ Դիլիջան քաղաքի բնակիչ Արարատ Մադաթյանի հայցադիմում էր ներկայացրել դատարան իր տարածքներ խուժումը վերացնելու պահանջով: Քաղաքացիական գործով նշանակվել է դատաքննություն: Ա. Մադաթյանի ներկայացուցիչ Կարեն Ղալումյանը 2017թ. հոկտեմբերի 13-ի նիստում գործը քննող դատավոր Արման Օհանյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, որտեղ նշել է, որ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն պահանջում է վերացնել Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցում գտնվող 640 քառակուսի մակերեսով մետր հողամաս Ա. Մադաթյանի ներխուժումը. այդ պահանջի հիմքում հայցվոր ընկերության վարձակալական իրավունքի առկայությունն է: «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն Դիլիջանի քաղաքապետարանի հետ 2000թ. հոկտեմբերի 2-ին կնքել է այդ հողամասի վարձակալությամբ օգտագործման պայմանագիր, 2008թ. օգոստոսի 20-ին եւ 2011թ. մարտի 11-ին այդ անշարժ գույքի վարձակալությունը պետական գրանցում է ստացել: Կ. Ղալումյանն իր միջնորդության մեջ նշել է, որ այդ հողամասի նկատմամբ իրավունք ունի Ա. Մադաթյանի ղեկավարած «Հաղարծին-1» արտադրական կոոպերատիվը, որ 1996թ. հունվարի 31-ին Դիլիջանի քաղաքապետի որոշման հիման վրա «Հաղարծին-1» ԱԿ-ն օգտվում է այդ հողամասի օգտագործման իրավունքից, եւ այդ իրավունքը ոչ մեկի կողմից չի վիճարկվել, այդ կոոպերատիվի նախագահ Ա. Մադաթյանը շուրջ երեք տասնամյակ տնտեսվարում է նշված հողամասում: Դատավոր Արման Օհանյանը իր ինքնաբացարկի միջնորդությունը մերժել է: 2018թ. նոյեմբերի 12-ին Դիլիջան քաղաքում դատավոր Արման Օհանյանը որոշել է այդ քաղաքացիական գործի վարույթը կարճել` հայցվոր կողմի` «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի կողմից հայցից հրաժարվելու հիմքով:

 

 

 

ԽԻՍՏ Է ԼԻՆԵԼՈՒ
«Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ոստիկանության մոտեցումը լինելու է խիստ, չի զիջելու, կաշառք տվողի ու կաշառք վերցնողի նկատմամբ հանդուրժող չի լինելու»,- հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ըստ նրա` կաշառք տվողն ու վերցնողը կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: «Վստահեցնում եմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ոստիկանությունն է՛լ ավելի խիստ է լինելու քան այն, ինչ-որ ունեցել ենք սեպտեմբեր ամսին»,-ասել է Վ. Օսիպյանը:
Այն հարցին` ոստիկանությունը գիտի՞` որտեղ է հետախուզման մեջ գտնվող Սերժ Սարգսյանի եղբոր որդին` Ալեքսանդր Սարգսյանը, եւ որ որոշ ժամանակ առաջ նա հայտարարել էր, թե Նարեկ Սարգսյանը շուտով կհայտնվի իրավապահների տեսադաշտում, ի՞նչն է պատճառը, որ նա մինչեւ օրս չի հայտնաբերվել, Վ. Օսիպյանը պատասխանել է. «Ես հիմա էլ եմ հայտարարում` շուտ, թե ուշ ինքը հայտնաբերվելու է: Վստահեցնում եմ ձեզ` հանգամանքներ կան, ես ուղղակի ինձ թույլ չեմ տալիս հրապարակային մեկնաբանել: Կատարվում են համապատասխան աշխատանքները, Ինտերպոլի անդամ պետությունների հետ համատեղ իրականացվում են որոնողական աշխատանքներ, որոնց դրական արդյունքները, կարծում եմ, մենք կտեսնենք»:




Լրահոս