Դեռ թավշյա հեղափոխության օրերին եւ նաեւ դրա ավարտից հետո շատ է նշվել այն մասին, որ այդ իրադարձությունների պատճառը Սերժ Սարգսյանի` երրորդ ժամկետով պաշտոնավարման գնալն էր: Կարծիքներ են հնչում` եթե Սերժ Սարգսյանի փոխարեն այլ անձ նշանակվեր վարչապետ, իրավիճակը բոլորովին այլ կլիներ: Սակայն ՀՀԿ-ի ներկայացուցիչները նախկինում չէին շտապում ընդունել այդ փաստը եւ խոստովանել, որ հանրությունը «մերժի՛ր Սերժին» կարգախոսով ոտքի կանգնեց հենց երրորդ ժամկետի պատճառով:
Ինչպես հայտնի է, 2015 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցան սահմանադրական փոփոխություններ, եւ Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգի: Սակայն օրենսգրքի ընդունումից առաջ, երբ ընթանում էին քննարկումներ, եւ ընդդիմադիրները հայտարարում էին, թե այս ամենը կատարվում է ՀՀԿ-ի եւ հատկապես Սերժ Սարգսյանի անձնական իշխանության վերարտադրության համար, վերջիններս ամեն կերպ փորձում էին հերքել: Եվ 2014 թվականի ապրիլի 10-ին, երբ ներկայացվեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագիծը, Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց, որ այլեւս չի առաջադրվի ՀՀ նախագահի կամ վարչապետի պաշտոնի համար։ «Եվ ձեր առաջ քննարկումների փուլն սկսելուց առաջ պաշտոնապես հայտարարում եմ, որ ես` Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում», – ասել էր Սերժ Սարգսյանը։
2015թ. դեկտեմբերի 6-ին համատարած ընտրակեղծիքների արդյունքում հանրաքվեով ընդունված հռչակվեց սահմանադրության նախագիծը: Եւ դրանից հետո ՀՀԿ-ականները հայտարարեցին, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է: Արդեն այս տարվա ապրիլին նրան առաջադրեցին որպես վարչապետի թեկնածու, եւ հենց Հայաստանը երրորդ ժամկետով ղեկավարելու Սերժ Սարգսյանի մտադրության դեմ բողոքի ցույցեր սկսեցին մի շարք ուժեր:
Անգամ ռուսական ՆՏՎ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե համարում է արդյոք, որ Հայաստանում թավշյա հեղափոխության պատճառը Սերժ Սարգսյանի առաջադրումն էր վարչապետի պաշտոնին, տվել է դրական պատասխան: Քոչարյանը հայտարարել էր, որ սխալ էր Սահմանադրությունը փոխելը ու նաեւ վարչապետի պաշտոնում փաստացի երրորդ ժամկետում առաջադրվելը: Սակայն Հանրապետական կուսակցության անդամներն այս հայտարարությունից հետո անգամ չէին ընդունել, որ իշխանափոխության պատճառը դա է: «Մենք մեր թիմում ավելի պատրաստված, ավելի իմաստուն, մարտահրավերներին ավելի լավ դիմակայելու, անվտանգությունը գիտակցելու եւ Արցախի շահը պաշտպանելու ավելի իմաստուն, փորձառու գործիչ, քան Սերժ Սարգսյանն է, չունեինք», – ասել էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նշել էր. «Այս գործընթացը բավական երկար ժամանակ նախապատրաստվում էր եւ անկախ նրանից` ով կլիներ ընտրված վարչապետը, ինչ-որ գործողություններ եւ գործընթաց պետք է գնար: Ինձ թվում է, որ ցանկացած պարագայում անխուսափելի էր լինելու շարժումը, որը նրանք պետք է անեին»:
Սակայն հետաքրքիր է, որ թավշյա հեղափոխությունից ամիսներ անց արդեն ՀՀԿ-ականների շուրթերից եւս նման հայտարարություններ են հնչում: Օրինակ` օրեր առաջ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը, պատասխանելով հարցին` միգուցե իշխանափոխությունն արագացրեց Սերժ Սարգսյանի կողմից սահմանադրական փոփոխություններից հետո վարչապետ չդառնալու խոստման դրժումը, պատասխանել է. «Միգուցե, դրա պատասխանն ավելի լավ կտա պատմությունը։ Միգուցե դա ընդամենը դրդապատճառ էր։ Առիթը, անշուշտ, եղավ, այսպես կոչված,` երրորդ ժամկետի առաջադրումը», – ասել է Վիգեն Սարգսյանը:
Եվ պարզվում է, որ դեռեւս ամիսներ առաջ եւ թավշյա հեղափոխությունից առաջ Սերժ Սարգսյանի մտերիմ մարդիկ նրան խորհուրդ են տվել չգնալ երրորդ ժամկետով պաշտոնավարման, սակայն փաստացի վերջինս այլ ուղի է ընտրել: Նման խորհուրդ տվողների մեջ է եղել նաեւ Սերժ Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշի Բարսեղը: Նա երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ թավշյա հեղափոխությունից առաջ եղել են որոշ բացթողումներ եւ անպատժելիության մթնոլորտ: Ընդ որում, նա նշել է, թե այսօր կառավարության աշխատանքում կան դրական քայլեր, ուղղակի պետք է կարողանալ չորը թացից տարբերել:
Դիտարկմանը` դա՞ է եղել պատճառը, որ հասարակությունն ապրիլին մերժեց Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանը նշեց. «Իհարկե, բավականին նուրբ հարց է, եւ դա էր պատճառը, եւ ընդհանրապես սերնդափոխության ժամանակն էր: Ես չեմ թաքցնում ասել դա, մարդիկ չեն բարձրաձայնում, բայց ես, լինելով Սերժ Սարգսյանի մտերիմը, ես ինքս դեմ եմ եղել նրա` երրորդ ժամկետով գնալուն: Այո, անձամբ ասել եմ իրեն, բայց բնական է` որոշում կայացնողն ինքն է եղել: Այն, ինչ տեղի ունեցավ, տեղի ունեցավ, բայց կարծում եմ` որոշակի անարդարությունների, անպատժելիության մթնոլորտի, սերնդափոխության անհրաժեշտությունն էր», – նշեց Բարսեղ Բեգլարյանը:
Ստացվում է` անգամ Սերժ Սարգսյանի մտերիմներն են նրան հորդորել չգնալ երրորդ ժամկետով պաշտոնավարման, սակայն ինչպես ասում են, ասողին լսող է պետք: Հետաքրքիր է, որ Բարսեղ Բեգլարյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, թե նոր իշխանությունների օրոք աշխատելու առումով ոչ մի խնդիր չունի, քանի որ բարեխիղճ հարկատու է եղել եւ երբեք չի խուսափել հարկերից: «Բացարձակ ոչ մի խնդիր չունեմ, ես եղել եմ շատ բարեխիղճ հարկատու, իմ հետեւից քարշ չեմ տվել թիկնապահների, որեւիցե մեկից բիզնես չեմ խլել, չեմ դիմել ուժի: Ասված է` հարկերդ վճարի՛ր եւ հանգիս քնի՛ր, ես այդպես եմ վարվում», – նշեց հայտնի գործարարը:
Եվ չնայած նրա հայտարարություններին` հենց նոր իշխանությունների օրոք Բարսեղ Բեգլարյանը մեղադրվել է բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչության մեջ, երբ «Ֆլեշ Մոտորս» ընկերության նախկին կոմերցիոն տնօրեն Արման Մկրտումյանը հայտարարել էր, թե իր բնակարանը տարիներ առաջ գրավ է դրել «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի մարդկանց կողմից իր դեմ կիրառված բռնությունից հետո։ Այս գործն այժմ ուղարկվել է լրացուցիչ նախաքննության, եւ Բարսեղ Բեգլարյանն իր մեղադրանքը չի ընդունում:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ
Ազգային ժողովում վերջին օրերին ճամպրուկային տրամադրություն է: 5 տարով խորհրդարան եկած պատգամավորները, որոնցից ոմանք վերանորոգել էին իրենց աշխատասենյակները, իրենց հետ իրեր բերել խորհրդարան, այժմ ստիպված են «էլիտար» աշխատասենյակները թողնել ապագա պատգամավորներին, սակայն իրերից նրանք հրաժարվել չեն ցանկանում: Եվ վերջին օրերին խորհրդարանի միջանցքներում կարելի էր ակտիվություն նկատել, երբ ակնհայտ հեռացող պատգամավորների օգնականներն ակտիվ եռուզեռի մեջ են կարգավորելու «շեֆերի» իրերի տեղափոխումը: Գաղտնիք չէ, որ 2017 թվականին ընտրված պատգամավորներից շատերը եվրովերանորոգում էին կատարել իրենց աշխատասենյակներում, հատկապես, երբ նախորդ գումարման խորհրդարանի հետ համեմատած` այլ աշխատասենյակ էին տեղափոխվել: Եվ ոչ միայն վերանորոգումներ են եղել, այլ փոխել են ամեն ինչ` գրասեղաններ, սեղաններ, անգամ ջահեր, «նախկինից ոչինչ չմնա» կարգախոսով: Եղել են անգամ պատգամավորներ, ովքեր չեն բավարարվել միայն մեկ աշխատասենյակով եւ մի քանիսը միացրել են իրար: Բայց, փաստորեն, չհասցրին վայելել իրենց ունեցվածքը, որ ժառանգություն է մնալու նոր պատգամավորներին:
ՍՆԱՆԿԱՑՈՂ ԵՐԹՈՒՂԻՆ
Արդեն մեկ շաբաթ է, ինչ թիվ 7 միկրոավտոբուսն ու թիվ 17 ավտոբուսը երթուղի դուրս չեն գալիս: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում բնակիչներից դժգոհություն ստանալ: Մեզ հայտնի դարձավ, որ երթուղիների չաշխատելու պատճառը շահագործող ընկերությունների ֆինանսական խնդիրներն են: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ, ով ասաց, որ այս պահին քննարկումներ են տեղի ունենում` նշված երթուղիները փոխարինելու ուղղությամբ: Նրա խոսքերով` 7 համարի միկրոավտոբուսը եւ 17 համարի ավտոբուսը սպասարկող ընկերությունը սնանկ է ճանաչվել: «Հավանաբար հ 4 ավտոբուսային երթուղին կշրջանցի այդ հատվածը, բայց ստույգ չեմ կարող ասել: Այս պահին քննարկումներ են ընթանում»,- տեղեկացրեց Նավասարդյանը: Տեղեկացնենք, որ Հայաստանում արդեն սովորական է դարձել երթուղիների սնանկանալը:
ԼԱՎ ՉԷ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադի գործերն այդքան էլ լավ չեն : «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրան պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնը դատական հայց է ներկայացրել «ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ -ի դեմ եւ պահանջում է, որ ինստիտուտը իրեն պատկանող բուժհաստատությանը տրամադրի գումար: Մեզ հայտնի դարձավ, որ գումարի չափը կազմում է 1 միլիոն 528 հազար 100 դրամ: Իսկ թե ինչ է արել ՓԲԸ-ն, որ պարտք է մնացել պատգամավորին, մեզ պարզել չհաջողվեց, սակայն փաստ է մեկ բան, որ Արկադի Համբարձումյանին պատկանող ընկերությունը փորձում է իր փողերը ստանալ դատարանի միջոցով:
ՍԵՆՅԱԿԻՑ ԴՈՒՐՍ ՉԳԱ՞
«ՀՀԿ-ն 20 տարում այնքան բան է արել, որ անգամ փողոցում չկարողանան քայլել, դրա պատասխանատուն է՞լ եմ ես»,- երեկ հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա ասել է, թե բոլորի անվտանգությունն ապահովված է, միաժամանակ նշել է. «Դե արդեն անհավասար են պայմանները. քաղաքական ուժեր կան, որ կարող են փողոցում կանգնել ու քարոզչություն անել, կան ուժեր, որ չեն կարող դա անել: Հիմա ի՞նչ անենք, զոռով տանենք ՀՀԿ-ականներին փողոցներում կանգնեցնե՞նք: Ոչ մի ապօրինի լծակ չի օգտագործվելու»: Ինչ վերաբերում է իր հասցեին մեղադրանքներին, թե քարոզարշավը չսկսված` քարոզչություն է իրականացնում, չարաշահում է վարչական ռեսուրսը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այսինքն` միջազգային չափանիշներով վարչապետի պաշտոնակատարը պետք է սենյակից դուրս չգա՞: Իսկ որեւէ ՀՀ քաղաքացի սահմանափակվա՞ծ է որեւէ օր որեւէ երթ անելու համար: Իսկ օգոստոսի 17-ին, որ հանրահավաք էինք անում, էդ ժամանակ խախտո՞ւմ էինք անում, թե՞ չէինք անում: Առաջադրանք համայն աշխարհի իրավաբաններին, հատկապես ՀՀԿ-ական, որեւէ մեկը գիտի՞, որ որեւէ մեկը, այդ թվում` վարչապետը, սահմանափակված է որեւէ օր երթ, հավաք անելու: Էդ իրենց Հայաստանում էր տենց, էս Հայաստանում այդպիսի սահմանափակում չկա»,-ասաց Փաշինյանը: Հարցին, թե նախընտրական քարոզարշավի ժամանակ արձակուրդ գնալո՞ւ է, Փաշինյանն արձագանքեց. «Ընտրական օրենսգիրքը նման պահանջ չի դնում: Իմ նախընտրական քարոզչությունն սկսել եմ 2007 թվականից, եւ այն չի ավարտվելու այնքան ժամանակ, քանի դեռ ես քաղաքական գործունեությամբ զբաղվում եմ»: