ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներ` Ալեքսեյ Սուքոյանն ու Կարինե Պետրոսյանը, բաց նամակ են հղել ԲԴԽ անդամներին` կոչ անելով ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության: Ավելին, նրանք պահանջում են դադարեցնել Գագիկ Հարությունյանի լիազորությունները: «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է այդ նամակը` մասնակի կրճատումներով:

«2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով սահմանադրի կողմից նախանշվեց նոր անկախ պետական մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի ստեղծումը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առանձին հոդվածով հռչակվեց, որ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը:
Ընդ որում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 7-րդ գլխի դրույթներով` ամրագրվեց, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ եռաստիճան դատական համակարգի միջոցով, եւ որպես այդ գործառույթի անարգել իրականացման երաշխավոր հանդես է գալիս Բարձրագույն դատական խորհուրդը:
Վերջինս կազմավորվում է ժողովրդի ներկայացուցչական մարմնի՝ Ազգային ժողովի կողմից ընտրված բարձր մասնագիտական որակներով օժտված հինգ հեղինակավոր իրավաբան գիտնական անդամից, ինչպես նաեւ դատական իշխանության ներկայացուցչական մարմնի` դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված հինգ փորձառու դատավոր անդամից, որոնց ընտրության արդյունքում ապահովվում է բոլոր դատական ատյանների ներկայացվածությունը:
2018 թվականի փետրվարի 28-ին Ազգային ժողովի կողմից, իսկ 2018 թվականի մարտի 1-ին դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի բոլոր անդամները, որոնք 2018 թվականի մարտի 5-ին իրենց կազմից Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրեցին Գագիկ Հարությունյանին:
2018 թվականի ապրիլի 9-ին Բարձրագույն դատական խորհուրդը ստանձնեց Սահմանադրությամբ եւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով պատվիրակված իր լիազորությունները:
ՀՀ դատական օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են նույն օրենսգրքով եւ պարտադիր են բոլոր դատավորների համար:
Նույն հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ Դատավորի վարքագծի կանոնները պարտադիր են նաեւ Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների, դատավորի թեկնածուի հավակնորդների, դատավորների թեկնածուների, ներառյալ` առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձանց, ինչպես նաեւ դատարանի աշխատակազմի համար այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են նրանց նկատմամբ:
ՀՀ դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն` ցանկացած գործունեություն իրականացնելիս եւ բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաեւ դատական իշխանության անկախության եւ անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսեւորելուց:
ՀՀ Դատական օրենսգրքի վերը նշված հոդվածները «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի լույսի ներքո դիտարկելիս հստակ հետեւում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամը, այդ թվում` նախագահը, պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաեւ դատական իշխանության անկախության եւ անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսեւորելուց:
Չնայած դրան` սույն թվականի հոկտեմբերի 29-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել նման հայտարարություններով. «Նախկինում եւս, լինելով Սահմանադրական դատարանի նախագահ, հայտնել եմ, որ ունենք դատարաններ, չունենք արդարադատություն», «իսկ մոտիկից ծանոթացումը բացահայտեց` վիճակը ավելի մտահոգիչ է, եւ մենք ունենք տարիներով կուտակված խնդիրներ, որոնք միայն խորքային բարեփոխումների միջոցով կարող ենք լուծել»:
Վերը նշված հայտարարությունից հետեւում է, որ ըստ ԲԴԽ նախագահի` դատական իշխանության կողմից արդարադատություն նախկինում` մինչեւ ԲԴԽ-ի կազմավորումը, չի իրականացվել, որպիսի հայտարարարությամբ, ըստ էության, վարկաբեկվում է դատական իշխանությունը եւ, ոչ թե նվազեցնում, այլ ի չիք է դարձնում հասարակության վստահությունը այդ իշխանության եւ նրա ներկայացուցիչների իրականացրած արդարադատության նկատմամբ:
ՀՀ դատական օրենսգրքի 87-րդ հոդվածի համաձայն` 1. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունների դադարման դեպքերից է նրա` որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարումը կամ դադարեցումը: ՀՀ դատական օրենսգրքի 85-րդ հոդվածը սահմանում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգապահական պատասխանատվության ինստիտուտը: Մասնավորապես, 1. Բարձրագույն դատական խորհրդի անդամին Բարձրագույն դատական խորհուրդը կարող է ենթարկել կարգապահական պատասխանատվության` սույն օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները խախտելու համար: 2. Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Բարձրագույն դատական խորհրդի առնվազն երեք անդամի միջնորդության հիման վրա: 3. Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգապահական վարույթի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 19-րդ գլխի կանոնները սույն հոդվածի պահանջների հաշվառմամբ:
ՀՀ դատական օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունը դադարեցվում է նաեւ նրա կողմից էական կարգապահական խախտում կատարելու դեպքում:
Տվյալ դեպքում, ԲԴԽ նախագահը, կատարելով դատական իշխանությունը վարկաբեկող հայտարարություն, իր գործողություններով նսեմացրել է բոլոր դատավորների տարիների աշխատանքը, կասկածի տակ դրել նրանց կողմից կայացված եւ կայացվելիք դատական ակտերը՝ հանրության վստահությունը դրանց նկատմամբ հավասարեցնելով նվազագույնի: Ընդ որում, կարեւոր նշանակություն ունի նաեւ հայտարարությունը կատարած անձը: Վերջինս նախագահում է դատարանների անկախությունը երաշխավորող Բարձրագույն դատական խորհուրդը, եւ եթե նման դիրքորոշում է արտահայտում դատական իշխանության կողմից իրականացված արդարադատության նկատմամբ, ապա դրանով վտանգի տակ է դնում այդ իշխանության հետագա գոյությունը:
Հաշվի առնելով վերը նշվածը եւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի վերը նշված հայտարարությունը ՀՀ դատական օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված Էթիկայի կանոնների կոպիտ խախտում է, խնդրում ենք Բարձրագույն դատական խորհրդի առնվազն երեք անդամի Գագիկ Հարությունյանին կարգապահական պատասխնատվության ենթարկելու եւ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ դիմել Բարձրագույն դատական խորհրդին»:
Թե ինչ ընթացք կստանա այս գործը, ցույց կտա ժամանակը: Սպասենք զարգացումներին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաման է ստորագրել համաներման կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ: Հրամանի նպատակն է դատախազական ներգործության գործիքակազմի միջոցով ապահովել համաներում հայտարարելու մասին օրենքի` ողջամիտ ժամկետներում եւ օրենսդրությամբ նախատեսված կարգով ճշգրիտ ու միատեսակ կիրառումը: Ուսումնասիրության արդյունքում համաներման մասին օրենքի սխալ կիրառման դեպքեր հայտնաբերելիս ձեռնարկվելու են դրանցից բխող դատախազական ներգործության միջոցներ: Համաներման մասին օրենքի կիրառման վերջնական արդյունքները կամփոփվեն մինչեւ 2019թ. փետրվարի վերջը, եւ դրանց վերաբերյալ գլխավոր դատախազին կներկայացվի հաղորդում: Համաներման մասին օրենքն ընդունվեց այս ամսվա սկզբին: Համաներումն, ընդհանուր առմամբ, տարածվում է մոտ 6.5 հազար անձանց վրա: Մինչ այդ, նկատենք, որ համաներում հայտարարելուց հետո ՀՀ-ում ավելացել են հանցագործությունները: ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ օրերս հայտարարել էր, թե համաներմամբ ազատ արձակված անձի կողմից կրկին գողության դեպք է արձանագրվել:

 

 

ԿԵՂԾ ԹՂԹԱԴՐԱՄ
Ազգային անվտանգության ծառայության փոխանցմամբ` բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստմամբ եւ իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ: Հայտնաբերվել են ավելի քան 850 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամներ, որից 25 հազարը` իրացման պահին, իսկ մնացած մասը` պատրաստման փուլում, ինչպես նաեւ դրանց տպման համար նախատեսված սարքավորումները: «ԱԱԾ աշխատակիցները, իրացնելով կեղծ փողերի շրջանառության վերաբերյալ ստացված տվյալները, օպերատիվ-վերահսկողության ներքո կազմակերպել են 25 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամի գնումը, որից անմիջապես հետո ընդհանուր թվով 13 բնակարաններում եւ ավտոմեքենաներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում էլ հայտնաբերվել են պատրաստման փուլում գտնվող շուրջ 835 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամները, դրանց տպման համար նախատեսված համակարգչային սարքավորումներ եւ այլ պարագաներ: Կեղծ թղթադրամների տպման վայրում հայտնաբերվել է նաեւ շուրջ 1.5 կգ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի մի մասը կշռված եւ փաթեթավորված է եղել. հնարավոր է, որ նախատեսվել են իրացման համար»,-նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ
Երեկ Երեւանում կրակոցներ են հնչել. Շենգավիթի բաժին են բերման ենթարկել 3 քաղաքացու` 28-ամյա Ռոբերտ Ա.-ին, 33-ամյա Դավիթ Ղ.-ին եւ 22-ամյա Գարիկ Հ.-ին: Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք Նորագավիթ թաղամասի Արտաշատի խճուղում վիճաբանել են միմյանց հետ, որից հետո Ռոբերտ Ա.-ն իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ կրակել է 33-ամյա Ռոման Ղ.-ի ուղղությամբ, որն, ըստ տեղեկությունների, վնասվածք է ստացել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում. հայտնաբերվել է ատրճանակը:

 

 

ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԿԳՏՆՎԵՆ
ՀՀ տնտեսական զարգացման եւ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը, խոսելով այն մասին, որ հայկական կողմը հացահատիկի բեռներ չի կարող ստանալ ո՛չ ծովային, ո՛չ ցամաքային ճանապարհով, ասել է. «Լուծումներ կգտնվեն»: Ըստ նրա` հունվարի 1-ից հացահատիկը կշարունակվի տեղափոխվել Հայաստան այնպես, ինչպես նախկինում: «Միշտ առաջանում են խնդիրներ, մարտահրավերներ են, որոնք լուծումները կգտնեն: Բեռները անպայման կգան»,-նշել է Տ. Խաչատրյանը` շեշտելով, որ սա կարեւոր հարց է: Անդրադառնալով Իրանի հետ Հայաստանի առեւտրատնտեսական հարաբերություններին` նա նշել է, որ, ցավոք, կա ապրանքաշրջանառության ցածր մակարդակ: «Մենք միշտ համարում ենք, որ կա պոտենցիալ, որն այնպես չի օգտագործված, որ պատժամիջոցները մեծ տնտեսական ազդեցություն թողնեն»,-նշել է նա:




Լրահոս