ՓՈՂ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հուլիսի 21-ին տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ Նոյեմբերյան քաղաքում հանդիպման ժամանակ սահմանամերձ գյուղերի ղեկավարները բարձրացրել են այդ գյուղերի տներ գազատար անցկացնելու թանկ վճարի հարցը: Նախարարն ասել է, որ ինքը ծանոթ է խնդրին, կփորձի հարցին լուծում գտնել, բանակցել «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ: Նկատենք, որ Հայաստանի կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնադրամի կողմից «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամից» (IFAD) ստացված վարկային միջոցներով 2014թ. ավարտվել է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Բաղանիս գյուղերի գազիֆիկացումը: 4 տարի է անցել, սակայն այդ գյուղերի բնակիչների մի զգալի մասը դեռեւս չի օգտվում երկնագույն վառելիքից: Գյուղացիները փող չունեն, որպեսզի իրենց առանձնատներ գազատար խողովակ անցկացնելու աշխատանքների համար գազի ծառայության աշխատակիցներին վճարեն: Գյուղացիները դժգոհում են, որ այդ աշխատանքների համար շատ թանկ վճար է սահմանված: Ադրբեջանին սահմանամերձ գյուղերի բնակիչները յուրաքանչյուր գծամետր խողովակ անցկացնելու համար պետք է վճարեն 4 հազար դրամ: Այդ գումարը ներառում է ե՛ւ խողովակի արժեքը, ե՛ւ աշխատողների վճարը: Մեկ առանձնատան համար գազիֆիկացման ծախսը կազմում է 80-100 հազար դրամ եւ ավելին` կախված գազատար ցանցից այդ տան հեռավորությունից: Այժմ Բարեկամավան գյուղում բնական գազի բաժանորդ չկա, Կոթիում շուրջ 70 բաժանորդ գոյություն ունի, Ոսկեվանում, Բաղանիսում, Ոսկեպարում բնակիչների մի մասն է բաժանորդ: Ռուսաստանում բնակվող, Ոսկեպարից սերված գործարար Յուրա Աղբալյանը վճարել է իր համագյուղացիների տները գազի խողովակներ անցկացնելու գումարը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս