ԱՄԵՆԱՇԱՏԸ 20 ՀԱԶԱՐ ԴՐԱ՞Մ, ԴԱ ԷԼ ԿՎՃԱՐԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մշակույթի, արվեստագետի կյանքի եւ հայաստանյան ներքաղաքական իրավիճակների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանի հետ:

-Այս պահին ինչո՞վ եք զբաղվում, գործունեության ի՞նչ փուլում եք:
-Անկեղծ ասած` կոնկրետ գործեր չկան, գնում եմ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ դասերի, իմ առօրյա գործերն են: Ավելի շատ մտածում եմ տունը տաքացնելու ու ջեռուցելու մասին (ծիծաղում է): Այս վերջին տարիներին մի փոքր դժվարացել է ամեն ինչ:
-Օրինակ` ի՞նչն է դժվարացել:
-Դե, մոտ 4 տարի կլինի, ինչ մեր գործը քչացել է: Բայց դե հույս ունենք, որ առաջիկայում լավ կլինի:
-Ձեր կյանքում, առօրյայում, ինչու չէ, նաեւ Ձեր ոլորտում ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ինչ-որ բան փոխվե՞լ է, թե՞ ամեն բան նույնն է մնացել:
-Անկեղծ ասած` ոչինչ չի փոխվել: Ես մշակույթի մարդ եմ, մշակույթի նախարարությունն ինձ ամբողջ կյանքում պետք չի եղել, հիմա նույնպես պետք չէ: Ես ոչ մի անմիջական կապ չունեմ իրենց հետ: Այսքան ժամանակ ո՛չ ես եմ իրենց դիմել որեւէ հարցով, ո՛չ իրենք ինձ: Ինչպես նախկինում է եղել, այնպես էլ հիմա է: Համերգներ են լինում, երգում եմ, լինում են համերգներ, որոնք վճարվում են, բայց մեծ մասը պետական, անվճար հիմունքով եմ երգում: Իհարկե, չեմ կարող ասել, թե ինչու պետական համերգները չեն վճարվում, բայց դե կարեւորը ժողովուրդը ուրախանում է նման համերգներից: Դա է միակ սփոփանքը:
-ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հայտարարության հետ կապված ի՞նչ կասեք: Հարկային դաշտում Ձեզ տեսնո՞ւմ եք: Կմուծե՞ք հարկ:
-Մենք, այսպես, թե այնպես, ամեն համերգից մեր հարկը վճարում ենք: Այսինքն` ստացվում է` մենք հարկեր վճարում ենք: Օրինակ` ես գնում եմ Մոսկվա, մի հարսանիքի համար երգում եմ, գումար վաստակում ու գալիս: Այստեղ ինչպե՞ս հարկ վճարեմ: Ես Մոսկվայում, Եվրոպայում, արտերկրում աշխատում եմ, գումար եմ վաստակում, ու այն հանգամանքը, որ ես գումար եմ բերում մեր երկիր, դա հերիք չէ՞: Այստեղ թող հաշվարկեն, տեսնեն` պետական համերգները քանի հատ են կազմակերպում, թող դրանց գումարից հարկ վճարեն:
-Պետական համերգների վճարները քի՞չ են:
-Այո, միշտ էլ այդպես է եղել, դա նորություն չէ: Թող բարեգործական համերգներն էլ հաշվի առնեն: Եթե ես պետք է երգեմ, ապա ես կորոշեմ` գումարով կգնամ երգելու, թե առանց գումարի: Չնայած դա իրենց որոշելիքն է, սակայն ամբողջ աշխարհում է այդպես, եթե բարեգործություն ես կատարում, ապա բոլոր հարկերից ազատվում ես: Կոնկրետ մեր հարկված հարկը ի՞նչ պետք է լինի, ամենաշատը տարեկան 20.000 դրամ, դա էլ կվճարեմ: Ինչքա՞ն գումար եմ աշխատում, որ ինչքան էլ հարկ վճարեմ: Եթե գործերս լավ լիներ, էսօր չէի մտածի տունս ջեռուցելու մասին, ապահոված մարդ կլինեի, հարկն էլ առանց նեղվելու կվճարեի: Իհարկե, պարտավոր ենք պետության համար հարկ վճարել, բայց իմանաս` ինչքան ես աշխատում եւ ինչքան պետք է մուծես: Այս վերջին տարիներին հարկերը միայն ավելանում են: Ես կոնսերվատորիայում դասավանդում եմ, այս տարի ուսանողների թիվն ավելացել է, ու իմ աշխատավարձն էլ դարձել է 40.000 դրամ: Մինչ այդ ես ստացել եմ 17.000 դրամ աշխատավարձ:
-Կոնսերվատորիայի ռեկտորի փոփոխությունը աշխատավարձերի բարձրացման հեռանկար բացում է: Ունե՞ք ակնկալիքներ:
-Ես ընդհանրապես ղեկավար կազմերի հետ` կլինի կոնսերվատորիայի, թե մշակույթի նախարարության ղեկավարների հետ, առանձնապես կապ չունեմ: Իրենք ինձ համար եղել են երկրորդական մարդիկ: Ռեկտորի փոփոխության հետ հույս չեմ կապում, քանի որ դա կապված է պետական փոփոխության հետ: Մենք նոր կառավարության հետ ենք հույսեր կապել, բոլոր կառույցներն անմիջական կապ ունեն հենց ՀՀ կառավարության հետ: Ես գնում եմ դասի զուտ նրա համար, քանի որ իմ ուսանողներն ինձ հավատում եւ վստահում են:
-Թանկացումներ նկատե՞լ եք:
-Ոչ միայն ես, այլ բոլորն են զգում թանկացումը: Նախ սկսենք նրանից, որ առեւտուրն է քչացել: Անհրաժեշտությունից ելնելով` մարդիկ հիմնականում հասցնում են գնել սնունդ: Հագուստի եւ այլ պարագաների մասով, կարող եմ ասել, որ առեւտուր անողներն էլ են արդեն դժգոհում, քանի որ առեւտուրը պասիվացել է: Շատ լավ է, որ բանանն էժանացել է, կապ չունի, որ մենք միս ու հաց ուտող ժողովուդն ենք, կարեւորը բանանն էժանացել է (ծիծաղում է): Տա՛ Աստված` լավ լինի: Չգիտեմ` ինչ կլինի, բայց բանանի էժանանալով հաստատ հարց չի լուծվի:
-Դեկտեմբերի 9-ին խորհրդարանական ընտրություններն են, ի՞նչ կանխատեսումներ ունեք:
-Մեր ամբողջ կյանքում ընտրության մասնակցել ենք` հավատալով, բայց արդյունքում հարկերն են ավելացել, ամեն ինչ թանկացել է: Չգիտեմ` ընտրության կմասնակցեմ, թե ոչ: Եղել է, որ անգամ չեմ էլ գնացել ընտրության:
-Ինչո՞ւ, չի՞ հետաքրքրում, թե՞ այլեւս չեք հավատում ոչնչի:
-Հետաքրքրություն չկա, միեւնույնն է, ես գնալու եմ x մարդու ընտրեմ, բայց ընտվի y-ը: Իմաստ չունի իմ ընտրության մասնակցությունը: Ես քաղաքականությունից առանձնապես չեմ հասկանում, խոսում եմ զուտ մարդկային տեսակետից: Բայց նշեմ, քանի որ հիմա երկրում ինչ-որ բան է փոխվել, մի քիչ հավատ կա, որ ամեն ինչ վերջացած չէ:

Զրուցեց ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ

 

 

 

ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԳՈՐԿՈՒ ԱՐՎԵՍՏԸ
Մոտ վեց ամսից կբացվի Վենետիկի Բիենալե 2019-ի արվեստի երկամյա փառատոնը, որտեղ առաջին անգամ կներկայացվի ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու արվեստը: Մայիսին Վենետիկում կայանալիք փառատոնի շրջանակում Կա՚ Պեսարո ժամանակակից արվեստի թանգարանում կցուցադրվի «Արշիլ Գորկի. 1904-1948» խորագրով հետհայաց ցուցահանդեսը, որտեղ կներկայացվի նկարչի կյանքի ողբերգական պատմությունը: Ցուցահանդեսը կներառի մոտ 80 գործեր` սկսած Գորկու ստեղծագործական կյանքի առաջին քայլերից մինչեւ աբստրակտ էքսպրեսիոնիզմի իր գլուխգործոցները` բերված Բրիտանիայի Թեյթ պատկերասրահից, Վաշինգթոնի Արվեստի ազգային պատկերասրահից, Փարիզի Ժորժ Պոմպիդու արվեստի եւ մշակույթի ազգային կենտրոնից եւ այլ վայրերից:
Կազմակերպիչներից Էդիթ Դեվանեյի խոսքով` ժամանակին Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենը անուշադրության է մատնել Գորկու մինչեւ 1943-ը ստեղծած աշխատանքները, սակայն այս ցուցահանդեսով իրենք փորձում են ցույց տալ, որ «Գորկու արվեստի ձայնը հենց սկզբից լսելի է եղել»:

 

 

92 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
Հեղինակավոր Christie’s աճուրդի տունը վաճառքի է հանել ամերիկացի գործարար Բարնի Էբսվորթին պատկանած արվեստի գործերի հավաքածուն, այդ թվում` հայտնի նկարիչ Էդվարդ Հոփերի կտավներից մեկը: Chop Suep կոչվող կտավը, որը պատկերում է չինական ռեստորանում նստած ու զրուցող երկու կնոջ, վաճառվել է 92 մլն դոլարով` անձնական ռեկորդ սահմանելով Հոփերի գործերի համար: Հիշեցնենք, որ կտավը ստեղծվել է 1921 թվականին: Ընդհանուր առմամբ, Christie’s-ն աճուրդի է հանել Էբսվորթին պատկանած արվեստի 91 նմուշ, որոնց վաճառքից ստացվել է 258.3 մլն դոլար:

 

 

ԱՌԱՋԻՆ ԹՐԵՅԼԵՐԸ
«Դիսնեյ» կինոստուդիան հրապարակել է հանրահայտ «Առյուծ արքա» մուլտֆիլմի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմի առաջին թրեյլերը: Ֆիլմը նկարահանված է «լայվ էքշըն» ձեւաչափով: Պահպանվել են օրիգինալ մուլտֆիլմի բոլոր գլխավոր հերոսները, այդ թվում` Սիմբան, Մուֆասան: Նշվում է, որ ռեժիսոր Ջոն Ֆավրոյի ֆիլմում հերոսների հնչյունավորումը վստահվել է հայտնի դերասանների: Օրինակ` Սիմբայի ընկերուհուն` Նալային, հնչունավորել է երգչուհի Բեյոնսեն: Ֆիլմի պրեմիերան կկայանա 2019թ. հուլիսի 19-ին:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն (97 կգ) ԱՄՆ-ում հանդիպել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ ամերիկյան «Չիկագո Ֆայրի» հարձակվող Յուրա Մովսիսյանին: Գյումրեցի ըմբիշը հրապարակել է լուսանկար, որում երեւում է նաեւ հունահռոմեական ըմբշամարտի 2017 թվականի աշխարհի եւ 2018թ. Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը: Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանն ԱՄՆ է մեկնել հետազոտություն անցնելու եւ բուժվելու նպատակով:

 

 

ԲՈԱՏԵՆԳԸ ԽՈՍԵԼ Է
Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Ջերոմ Բոատենգը խոսել է Բունդեսլիգայում Դորտմունդի «Բորուսիա»-ի ցուցադրած խաղի մասին: Լյուսյեն Ֆեւրի գլխավորած թիմն իրեն հետապնդող մրցակցից առաջ է 4 միավորով: «Բավարիա»-ն հետ է դորտմունդյան ակումբից 7 միավորով: «Իշխանության փոփոխություն Բունդեսլիգայո՞ւմ: «Բորուսիա»-ն սկզբում պետք է հաղթի բունդեսլիգայում մեծ տարբերությամբ շուրջ 6-7 տարի անընդմեջ: Բացի այդ, դորտմունդյան ակումբը պետք է հաղթի մեզ 4:1 կամ 5:1 հաշվով: Դա դեռ տեղի չի ունեցել, այդ պատճառով վաղ է ասել, որ Գերմանիայում իշխանափոխություն է եղել: Պարզապես ներկա պահին «Բորուսիա»-ն արժանիորեն առաջ է անցել մեզնից»,-ասել է Բոատենգը:

 

 

ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com-ի վարկածով ընդգրկվել է Ազգերի լիգայի D դիվիզիոնի խմբային փուլի խորհրդանշական հավաքականում: Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպանն արժանացել է 7.77 գնահատականի: Ազգերի լիգայի խմբային փուլում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել էր 6 խաղի, դարձել մեկ գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի D դիվիզիոնում Հայաստանի հավաքականը 10 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ լքեց պայքարը: Առաջին տեղը գրավեց Մակեդոնիայի հավաքականը, որը հավաքեց 15 միավոր: Ջիբրալթարը պայքարն ավարտեց 6 միավորով, իսկ Լիխտենշտեյնը` 4:

 




Լրահոս