Լուսանկարն արվել է Երեւանում
Չնայած նախընտրական քարոզչության մեկնարկը դեռ չի սկսվել, բայց «Ազգային Առաջընթաց» կուսակցությունն արդեն բուկլետներ է բաժանում: Նշենք, որ մի քանի կուսակցություններ էլ պաստառներ են փակցրել:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` ինչպե՞ս է իրականացվում Հայաստանի Հանրապետության քաղաքացի, սակայն հաշվառում չունեցող կամ օտարերկրյա քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննությունը:
Լարիսա Պողոսյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Պողոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից:
Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրյա պետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջպետական պայմանագիր:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հաշմանդամի վերափորձաքննությունը կատարվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, նրա առողջական վիճակը վատթարանալու, նրա` բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու դեպքերում, ինչպես նաեւ նրա (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ:
ՀԱՐՑ. Ես մշտապես կանգնած եմ աշխատանքի հասնելու խնդրի առաջ, քանի որ օգտվում եմ 7 համարի ավտոբուսից: Այս համարի երթուղին չունի ֆիքսված ժամանակացույց եւ աշխատում է խայտառակ ուշացումով: Ինձ ասեք, թե քանի ավտոբուս է սպասարկում երթուղին: Կոնկրետ ուզում եմ իմանալ ավտոբուսի աշխատանքի ժամանակացույցը րոպեներով: Ինչքան կարելի է մարդկանց նյարդերի հաշվին աշխատել: Դեռ չեմ հիշում մի օր, երբ 7 համարի երթուղին ժամանի ֆիքսված ժամանակին:
Նարինե Պողոսյան (31 տարեկան, մենեջեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ավտոբուսային հ.7 երթուղու վերաբերյալ աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ որոշ ավտոբուսների անսարքության պատճառով 10-ի փոխարեն երթուղին սպասարկվում էր 7-8 ավտոբուսներով, արդյունքում մեծանում էին շարժման միջակայքերը: Վերջին օրերին վերանորոգվել են ավտոբուսները, երթուղում ներկայումս շահագործվում է 9-10 միավոր ավտոբուս, եւ շարժման միջակայքը կազմում է միջինը 15 րոպե:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ կա՛մ քաղաքապետարանի պատասխանն է սուտ, կա՛մ քաղաքացու հարցադիմումը: Բայց քանի որ խմբագրության ահազանգերն այս հարցի վերաբերյալ անթիվ են, ապա ենթադրվում է, որ քաղաքապետարանի ներկայացրած պատասխանն ուղղակի բառերի մի փունջ է: Այն, որ 7 համարի ավտոբուսը կարող է 15 րոպե միջակայքով շահագործվել, վստահ կարող ենք ասել, որ հեքիաթի ժանր է հիշեցնում: Թերեւս լավ կլիներ քաղաքապետարանը խոստովաներ, որ այս երթուղու սպասարկումը կրում է ժամանակավոր բնույթ եւ այն փակման եզրին է: