«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Մեր թվային դարում ընտրություններից առաջ հայտարարվող «լռության օրը», իհարկե, հնացած երևույթ է, և օրենքի այդ պահանջն իր բուն նպատակին չի ծառայում:
Այսինքն՝ «համացանցում նստած» մարդիկ չեն պատրաստվում ինքնամփոփվել, կենտրոնանալ և մտքերը կարգի բերել՝ որոշելու համար, թե ում են պատրաստվում ընտրել: Տեղեկատվական աղմուկը ինչպես «բզզում է» բոլորիս ականջներում, այնպես էլ այսօր շարունակում է իր «բզզոցը», և անիմաստ է խոչընդոտել քարոզչությանն ու հակաքարոզչությանը: Բայց «Առավոտը», ինչպես ընդունված է վերջերս ասել, «դասական» լրատվամիջոց է և ենթարկվում է առայժմ գործող այդ արխայիկ օրենքին:
Եթե ինձ հարցնեին, թե ինչ էր պակասում այս ընտրարշավում, ես չէի տա ավանդական պատասխանը՝ «ծրագրեր», «գաղափարներ», «արդյունավետ բանավեճեր» կամ «կառուցողական քննադատություն»: Դրանք նման իրավիճակներում չկան և չեն լինելու ոչ մի երկրում: Չկա աշխարհում մի պետություն, որի քաղաքացիներն ընտրությունների ժամանակ ղեկավարվում են բանականությամբ ու փաստարկներով: Ընտրողների ճնշող մեծամասնությունն ամենուր և միշտ առաջնորդվում է հույզերով, անձնական համակրանքով, առասպելներով, խարիզմայով և այլն: Զանգվածային հոգեբանությունը չի փոխվել 4 հազարամյակի ընթացքում, և երբ շամանը զարկում է իր դափը, մարդիկ, վարակվելով համանման զգացմունքներով, սկսում են իրենց ավանդական պարը:
Ինձ պակասում էին ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունները: Ընդունված է, որ ընտրարշավից առաջ նրանք միասնաբար պարտավորություն են ստանձնում, որ ընտրապայքարը լինելու է ազնիվ և կոռեկտ:
Իհարկե, այդ խոստումը հաճախ է խախտվում, բայց դա, ի վերջո, մի ուղերձ է, որն ուղղված է ընտրողներին, և որի իմաստն այն է, որ մենք, սիրելի քաղաքացիներ, այո, վիճում ենք, բայց դա չի նշանակում, որ մենք թշնամիներ ենք:
Բայց ես շատ կուզեի, որ միջազգային պրակտիկայում ընդունված այդ համատեղ հայտարարությունից բացի, մեր քաղաքական ուժերն ավելի առաջ գնային և այսօր՝ «լռության օրվա» ընթացքում, նույնպես հանդես գային համատեղ հայտարարությամբ:
Դրա մոտավոր բովանդակությունը կարող է հետևյալը լինել. «Սիրելի հայրենակիցներ, ավարտվեց ընտրարշավը, որի ընթացքում հնչել են քննադատություններ և փոխադարձ մեղադրանքներ: Մենք ներողություն ենք խնդրում իրարից և ձեզանից, եթե ընտրարշավի ժամանակ հնչած մտքերը վիրավորել են որևէ մեկի մարդկային արժանապատվությունը: Մենք ներում ենք իրար նման խոսքեր հնչեցնելու համար: Հայաստանը եղել է և լինելու է հրաշալի երկիր, անկախ նրանից՝ քանի ձայն ենք մենք հավաքելու և կհայտնվե՞նք արդյոք խորհրդարանում, թե ոչ, անկախ քաղաքական ռեժիմներից և իշխանությունների որակից»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: