Թվում էր, թե թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում գոյություն ունեցող բարքերը փոխվել են, եւ դեռ ավելին` փոխվել են պատկերացումները ՀՀ իշխանության մասին: Սակայն պարզվում է` իրականությունը որոշ դեպքերում միանգամայն հակառակն է: Մարզերում, հակառակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, որ պետք է արտոնյալներ չլինեն, պարզվում է` դեռ կան տեղական իշխանիկներ, որոնք եւ «խայտառակում են ռեսպուբլիկան»:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում, օրինակ, ՀՀԿ իշխանություններին հատուկ բարքերն ավելի են թեժացել նախընտրական շրջանում: Ընտրակեղծարարության համար դատապարտված երիտասարդ քաղաքապետը` Վազգեն Ադամյանը, չի հանդարտվում անգամ դատարանի վճռով փորձաշրջան անցնելուց հետո:
Ամեն ինչի մասին ամենասկզբից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դեռեւս 2017 թվականի ապրիլի 2-ին` խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Վազգեն Ադամյանն իր ողջ թիմով պայքարում էր ՀՀԿ-ի հաղթանակի համար: Նրան, իհարկե, հաջողվել էր սպասված արդյունքին հասնել:
Բանն այն է, որ այդ ընտրություններից հետո Վազգեն Ադամյանի նկատմամբ քվեարկության գաղտնիությունը խախտելու հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել:
Ըստ դատավճռի հիմնավորման` 2008 թվականից Ճամբարակի ավագանու անդամ Վազգեն Ադամյանը ապրիլի 2-ին` խորհրդարանական ընտրությունների օրը, քվեարկության գաղտնիությունը խախտելու համար տուգանվել է 500 հազար դրամով:
Ընտրախախտումը տեղի էր ունեցել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի 20/24 ընտրական տեղամասում, որտեղ քվեարկելու էր գնացել Ճամբարակ քաղաքի բնակիչ Արծրուն Ղուլյանը: Վազգեն Ադամյանը ցանկացել է իմանալ, թե համաքաղաքացին ում օգտին է քվեարկում:
Քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով նա մոտեցել է Ղուլյանին, ու չնայած վերջինիս մերժումներին՝ Ադամյանը նրան հանգիստ չի թողել, հետեւից քայլելով մոտեցել է քվեախցիկին եւ հսկել: Այդքանից հետո նրա դեմ քրեական գործ էր հարուցվել ընտրողի քվեարկության գաղտնիությունը խախտելու համար: Բայց, դե, դատարանը շատ մեղմ պատժի է արժանացրել` կեղծարարին ընդամենը տուգանելով: Ասել է թե` Ադամյանը «ջրից չոր դուրս եկավ»:
Մաս երկրորդ
Այսքանով, սակայն, քաղաքապետ Ադամյանի արկածները չեն ավարտվել: Նա մեկ անգամ եւս հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վազգեն Ադամյանը մեղադրվել է խուլիգանություն կատարելու մեջ:
2013 թվականին նա «տղայական ռազբորկայի» կիզակետում է հայտնվել` հարցերը փորձելով լուծել բռունցքների օգնությամբ: Ըստ մեղադրական եզրակացության` Ճամբարակում գործող խորտկարանի բակում ավտոմեքենաների կայանման առիթով առաջացած վիճաբանության ընթացքում, օգտագործելով այդ չնչին առիթը, սանձարձակ, անզուսպ եսասիրությամբ, սեփական անձի «առավելություններն» ընդգծելու մոլուցքից մղված բռունցքով հարվածել է Սամվել Սարգսյանին: Ապա Վազգեն Ադամյանին են միացել նրա ընկերները: Եվ չորս ընկերներով ոտքերով եւ ձեռքերով ծեծել են երիտասարդին:
Ադամյանն իրեն մեղավոր է ճանաչել: Դատարանն էլ որոշել է տաքարյուն երիտասարդին դատապարտել մեկ տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Ըստ էության, քաղաքապետը փորձաշրջան է անցել եւ «խելոք մնալու երդում տվել»:
Ծեծ ու ջարդով հարց լուծող երիտասարդը պետք է դառնար քաղաքապետ` պայքարելով այն թեկնածուի դեմ, ում համար ժամանակին «դոշ էր տվել»: Խոսքը իր նախորդի` ՀՀԿ-ական Յուրա Ավալյանի մասին է:
Մամուլում նախորդ տարվա նոյեմբերի 5-ին կայացած ընտրություններից առաջ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Ավալյանի եւ Ադամյանի միջեւ տարաձայնություններ են ծագել բենզալցակայան կառուցելու հարցի շուրջ: Ավալյանը հրաժարվել է իր շահերի համար պայքարած Ադամյանի ցանկությունը կատարել:
Վիրավորված երիտասարդի վրեժը չի ուշացել: 2017-ի ապրիլին ՀՀԿ-ի հաղթանակի համար ջանք ու եռանդ չխնայած Ադամյանը նույն տարվա նոյեմբերին պայքարում էր ՀՀԿ-ի թեկնածուի դեմ:
Դե, բնականաբար, նրա հրահանգով աշխատած «ստաժավոր» ընտրակեղծարարներն այդ ժամանակ անցան գործի` արդեն սպասարկելով Ադամյանի շահերը:
Արդյունքում, պատկերը հետեւյալն էր. Յուրա Ավալյանը չընտրվեց, նա հավաքեց 1424 ձայն: Փոխարենը ընտրվեց ընտրակեղծարար Վազգեն Ադամյանը: Բայց չնայած սրան` Ադամյանին քաղաքապետ «ընտրեց» 4349 ճամբարակցի:
Ու հիմա ժամանակին ընտրակեղծարարության համար դատապարտված քաղաքապետը փորձում է ներքին կարգով միջամտել ընտրական գործընթացներին՝ չմոռանալով իրեն հռչակել անկուսակցական ու պատրանք ստեղծել, թե ոչնչի հետ գործ չունի: Եւ զարմանալին այն է, որ նոր իշխանությունները հանդուրժում են ամենատարբեր քրեական գործերով անցած քաղաքապետին, փոխանակ զբաղվեն նրա կատարած արարքներով:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար փորձեց դիմել Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանին, սակայն մեր բոլոր ջանքերն ու փորձերն ապարդյուն անցան: Այսպես ասած՝ քաղաքապետը իջել է «ջրի հատակը», մինչեւ անցնեն ընտրությունները:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ