Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը դեռ Հայաստան չի տեղափոխվել։ Այդ մասին այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
«Ազատություն». – Դուք արդեն ունեի՞ք տեղեկություններ, որ նա կեղծ անձնագրով է շրջագայում։
Օսիպյան. – Տեսեք՝ ամիսներ առաջ, երբ որ մենք բարձրաձայնում էինք, որ մեր տեսադաշտում է, լրատվամիջոցներից ոմանք կարծում էին, որ անլուրջ հայտարարություններ եմ անում, բայց փաստը մնում է փաստ, որ նա հայտնաբերվեց։ Ես կասեի, որ շատ լավ համագործակցություն տեղի ունեցավ մեր գործընկերների հետ՝ և ոստիկանության ուժերի, և նաև «Ինտերպոլ»-ի միջազգային կառույցների հետ, եվրոպական տարբեր գրասենյակների հետ, և տվեց իր դրական արդյունքը։
«Ազատություն». – Նրան արդեն տեղափոխե՞լ են Հայաստան։
Օսիպյան. – Դեռ ոչ, համապատասխան փաստաթղթերի շրջանակը կհավաքեն, և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը զբաղվում է։ Կարևորը՝ որ ինքը ձերբակալված է, ձերբակալված է Պրահայում՝ Չեխիայի մայրաքաղաքում, այնուհետև կարտահանձնեն Հայաստանի Հանրապետությանը։