ԿԸՀ-ն առաջին անգամ քվեարկողների համար 80 000 հատ կրծքանշան է պատրաստել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին անգամ քվեարկող քաղաքացիներն արտահերթ խորհրդարանական ընտրություններին քվեարկելիս կստանան կրծքանշաններ: ԿԸՀ-ն առաջին անգամ քվեարկողների համար պատրաստել է 80 000 օրինակ կրծքանշան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, մեր օրենսդրությամբ, երկուսից երեք անգամ կրճատում են նախապատրաստական աշխատանքների ժամանակը: Սակայն, ԿԸՀ-ն սեղմ ժամկետում կարողացել է իրականացնել բոլոր գործառույթները: Ամենամեծ նորամուծությունն այն է, որ առաջին անգամ կրծքանշաններ են պատրաստվել և բաժանվել բոլոր ընտրատեղամասերին: Դրանց վրա գրված է` «Ես քվեարկել եմ առաջին անգամ»: Ովքեր առաջին անգամ կքվեարկեն, նրանց կբաժանվի դա», -ասաց Սմբատյանն ու հավելեց, որ կրծքանշանները պատրաստվել են 80 000 օրինակով:

ԿԸՀ քարտուղարը հավաստիացրեց, որ ԿԸՀ-ն բաշխել է Հանրային հեռուստատեսությամբ և Հանրային ռադիոյով տրվող թե՛ անվճար, թե՛ վճարովի հեռուստաժամերը: Բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն են ունեցել հավասարապես օգտվել դրանցից:

Նա անդրադարձավ նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների համար կազմակերպվող դասընթացներին: ԿԸՀ-ն նոյեմբերի 20-ից դասընթացներ է կազմակերպել ուսուցանողների համար, իսկ նոյեմբերի 25-ից սկսել են տեղամասային հանձնաժողովների ուսուցման դասընթացները: ԿԸՀ-ն իրականացրել է նաև բազմաթիվ նոր ակցիաներ: Մեծ հակակոռուպցիոն արշավներ են իրականացրել` ընդդեմ ընտրակաշառքին, տեղադրվել են մեծ պաստառներ:

Այս տարի ԿԸՀ-ն հրատարակել է նաև աննախադեպ թվով ձեռնարկներ, տպագրվել են ձեռնարկներ` ինչպես դիտորդների, վստահված անձանց, այնպես էլ ԶԼՄ ներկայացուցիչների համար: Աննախադեպ քանակի թերթիկներ են տպագրվել նաև ընտրողների համար: Դրանք սովորեցնում են ընտրության կարգը: Բոլոր տեղամասերի համար տպագրվել են նաև պաստառներ: Տեսողություն խնդիր ունեցող անձանց համար խոշորացույցներ են տրամադրվել բոլոր ընտրատեղամասերին: Կուրություն և վատ տեսողություն ունեցող անձանց համար ևս ձեռնարկներ են հրատարակվել:

ԿԸՀ-ն տպագրել է ընդհանուր 30 միլիոն օրինակ քվեաթերթիկ:




Լրահոս