Դեկտեմբերի 3-ին Կենտրոն վարչական տարածքում դանակահարություն էր կատարվել: Արամի փողոցից դեպի մանկական երկաթուղի տանող ճանապարհին, թունելում, ընկեր-ընկերուհիներ, թե ծանոթներ` հանդիպել էին, նախկինում ծագած հարցերի շուրջ վիճել, իսկ թե վեճն ինչով էր ավարտվել, ոստիկանության Կենտոնական բաժնում տեղեկացան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:
Հերթապահ քույրն հայտնում էր, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ մի երիտասարդի են հիվանդանոց տեղափոխել:
Բժշկական կենտրոն մեկնած ոստիկանները զննեցի կրիմինալ դեպքերի մատյանը, զրուցեցին սկզբում բժշկի, ապա տուժողի հետ: Դեպքի վայրն ու ինչ-ինչ հանգամանքներ պարզելուց հետո քրեական հետախույզները Արամի փողոց մեկնեցին: Իրավապահները կասկածյալի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկեցին օրենքով սահմանված բոլոր միջոցառումները` դեպքի վայրի զննությունից մինչև օպերատիվ հարցումներ: Եվ դանակահարությունը ժամեր անց բացահայտվեց:
Հիվանդանոցում տուժողի և նրա մտերիմների հետ զրույցից պարզվել էր, որ երիտասարդին դանակահարել է Փոսո մականունով մի աղջիկ: Հետագա միջոցառումներով քրեական հետախույզները պարզեցին նաև, որ Փոսոն Ջրվեժի Բանավան թաղամասի բնակչուհի Արմինե Հարությունյանն է:
Դեկտեմբերի 4-ին կասկածյալը Բանավան թաղամասից բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:
Իսկ թե ինչու էր Արմինե Հարությունյանը դանակով եկել հանդիպման և ինչն էր վեճի առիթը` քննությամբ կպարզվի:
Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու փաստով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: