ՀՀ պաշտպանության նախարարության թեժ գծին ստացվել է 39 զանգ։ Այդ մասին սոցցանի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նապարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ս.թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ազգային ժողովի ընտրությունների հետ կապված մինչև 17։00 ՀՀ ՊՆ թեժ գծով ստացվել է 39 զանգ, որոնք հիմնականում վերաբերում էին ընտրության կազմակերպման, զորամասերից զինծառայողների տեղափոխման, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայողների քվեարկության հարցերին: Որոշ դեպքերում ՊՆ իրավասությանը չվերաբերող հարցերով քաղաքացիներն ուղղորդվել են այլ իրավասու գերատեսչություններ: Քաղաքացիրներին տրվել են համապատասխան պարզաբանումներ:
Ահազանգեր են եղել նաև այն մասին, որ զինծառայողները ընտրական տեղամաս են մտնում շարային կարգով, սակայն տեղում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ նման պատկերացում ձևավորվել է թյուրիմացաբար և խոսքը վերաբերում է հերթով և խմբերով ընտրական տեղամաս մուտք գործելու գործընթացի կազմակերպմանը: Հերթում կանգնելը շարային կարգ է համարվում և այլընտրանք չունի։
Զորամասերի մոտ տեղակայված ընտրատեղամասերում քվերակողների մեջ ժամկետային զինծառայողները զգալի քանակ են կազմում և կրելով զինվորական համազգեստ տպավորություն է ստեղծվում, թե նրանք շարային կարգով են շարժվում։ Ընդ որում «շարային կարգ» հասկացությունը ՀՀ ԶՈՒ կանոնադրություններով սահմանված չէ, ինչը թյուրիմացաբար մեկնաբանվում է, որպես շարքում կանգնած։
ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքն արգելում է շարային կարգով տեղամասային կենտրոն մուտք գործելը, ինչը պահպանելը հստակ հրահանգավորված է և կատարվում զինծառայողների կողմից։
Թեժ գիծը շարունակելու է աշխատել մինչև քվեարկության ավարտը»,- գրել է նա: