Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 06:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 3-րդ շենքի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոտաբերդ թաղամասի թիվ 3 շենքի (երկհարկանի փայտյա) բնակարաններից մեկում:
Փրկարարները բնակարանից դուրս են բերել 36-ամյա Վահանուշ Հակոբյանի եւ 59-ամյա Անուշ Բալասանյանի ծխախեղդ եղած դիերը, իսկ 26-ամյա Դավիթ Հ.-ին եւ 12-ամյա Գրիգոր Գրիգորյանին տեղափոխել Ստեփանավան քաղաքի ԲԿ, որտեղ վերջինս նույնպես մահացել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:15-ին, մարվել՝ 07:25-ին: Բնակարանում այրվել են պահարանը, մահճակալը եւ հատակը (մոտ 10 քմ):