Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցը կքննի Պրահայի շրջանային դատարանը, այժմ նա նախնական կալանքի տակ է, «Ազատությանը» տված հարցազրույցում հայտնեց Պրահայի ոստիկանության խոսնակ Յան Դանյեկը:
Պաշտոնական աղբյուրները նշում են՝ 37-ամյա Սարգսյանը ձերբակալվել է անցած շաբաթ Չեխիայի մայրաքաղաքի բնակելի շենքերից մեկում:
«Չեխական օրենսդրությունն արգելում է ինձ մանրամասներ հաղորդել կոնկրետ անձանց մասին, այդուամենայնիվ, կարող եմ հաստատել, որ դեկտեմբերի 6-ին Պրահա-5 թաղամասում գտնվող բնակարաններից մեկում Պրահայի տարածքային ոստիկանության քրեական հետախուզման բաժնի աշխատակիցները Հայաստանից եկած 37-ամյա մի տղամարդու են ձերբակալել, որը գտնվում էր միջազգային հետախուզման մեջ», – ասաց Դանյեկը:
Հայաստանի իրավապահները Նարեկ Սարգսյանին մեղադրանք են ներկայացրել անցած ամռանը, երբ վերջինիս՝ Երևանի կենտրոնում գտնվող բնակարանում ապօրինի զենք ու թմրանյութեր էին հայտնաբերել: Ընդ որում, սա Սարգսյանին վերագրվող հանցանքների ամբողջական ցանկը չէ, Հայաստանի ոստիկանությունը նաև նշել է, որ հայտնաբերման պահին վերջինս ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։ Չեխական աղբյուրներն էլ ընդգծում են՝ ձերբակալությունն իրականացվել է հատուկ գործողության արդյունքում:
«Հետախուզման մեջ գտնվող այդ տղամարդը ձերբակալվել է ոստիկանության հատուկ ջոկատայինների օգնությամբ, քանի որ կասկածներ կային, որ նա կարող է զինված լինել: Հետագայում նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման համար նախատեսված վայր, և այժմ նրա ճակատագիրը Պրահայի շրջանային դատարանի ձեռքում է», – ասաց Չեխիայի մայրաքաղաքի ոստիկանության խոսնակը:
Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն` այլ երկրի պահանջով ձերբակալված անձը նախնական կալանքի տակ կարող է մնալ առավելագույնը 40 օր, և եթե մինչև այդ հայցվոր կողմը արտահանձնման դիմում չներկայացնի, տեղի իշխանությունները կարող են նրան ազատ արձակել: Այս պահի դրությամբ հայկական կողմը դեռ միջնորդությունը չի ներկայացրել, «Ազատությանը» տեղեկացրեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ միաժամանակ վստահեցնելով, որ այն չի ուշանա:
«Այս պահին միայն կարող եմ նշել, որ դատախազությունը սահմանված ժամկետում կներկայացնի հանձնման վերաբերյալ միջնորդություն, հավելյալ տեղեկատվություն կներկայացնենք ավելի ուշ», – ասաց Խաչատրյանը:
Ի դեպ, նույն՝ Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն, հայցվոր կողմը կարող է մերժել էքստրադիցիայի միջնորդությունը, եթե այդ երկրի իրավապահները նույն անձի դեմ արդեն իսկ քրեական գործ են հարուցել իրենց տարածքում կատարված հանցագործության համար: Պրահայի ոստիկանությունը, սակայն, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրեց՝ Սարգսյանը ազատազրկվել է Հայաստանի կողմից ներկայացված մեղադրանքների հիմքով:
«Այդ անձի կողմից Չեխիայի տարածքում իրականացված հնարավոր քրեական հանցագործությունների վերաբերյալ ես որևէ տեղեկություն չունեմ: Մենք ձերբակալեցինք նրան, քանի որ վերջինս միջազգային հետախուզման մեջ էր: Մենք օպերատիվ-հետախուզական միջոցներով տեղեկություններ ստացանք նրա գտնվելու վայրի վերաբերյալ և այնտեղ էլ նրան ձերբակալեցինք», – ասաց Պրահայի ոստիկանության խոսնակ Յան Դանյեկը: